Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Առեղծվածային թիվը

72-ը սովորական թիվ չէ. այն ներառում է բազմաշերտ խորհրդանշական իմաստներ:

Կար ժամանակ, երբ կարծում էին, որ աշխարհում 72 ազգ է ապրում: Հիսուսը, 12 առաքյալներից բացի, յուրաքանչյուր ազգին լուսաբանելու եւ փրկության ավետարանը քարոզելու նպատակով ընտրել էր 72 աշակերտ՝ մեկական քարոզիչ յուրաքանչյուր ազգին: Իսկ այդ 72 ազգն էլ, ըստ Հին Կտակարանի, Բաբելոնի աշտարակաշինության անփառունակ ավարտից հետո աշխարհով մեկ սփռված ազգերն էին: Պարսկերենում լայն տարածում ունի «համատարած իրարանցում» նշանակությամբ «72 ազգերի կռիվ» արտահայտությունը, որի ակունքը սնվում է հենց այդ ավանդապատումից:

Ավանդույթն ասում է, որ Հին Կտակարանը եբրայերեն բնագրից հունարեն է թարգմանվել 72 օրում, բայց թե ինչու այդ գործին լծված են եղել ընդամենը 70, այլ ոչ թե 72 գիտնական, միայն կարելի է կռահել: Հավանաբար հաշվարկից դուրս են մնացել խմբագիրն ու սրբագրիչը:

Ո՞րն էր այն խորհուրդը, որ ստիպել է Փարիզի քաղաքապետարանին Էյֆելյան աշտարակի առաջին պատշգամբի տակ արձանագրել ֆրանսիացի 72 գիտնականների եւ ճարտարագետների անունները: Այդ հարցի պատասխանը նույնպես կռահումների տիրույթում է:

Զրադաշտականության Յասնա հատվածը, կամ ինչպես ընդունված է ասել՝ սուրբ գրությունները, բաղկացած է Ահուրայի ու Մազդայի փառաբանմանը նվիրված 72 օրհներգից:

Զրադաշտականների ուսմունքն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել նաեւ վերջիններիս հագուստի անբաժանելի մասը կազմող մեջկապին, որը հյուսված է 72 թելերից: Թե ինչու հենց 72 թելերից, դժվար է ասել:

Հուդայականությունում եւ իսլամում Աստծուն կոչում են 72 պատվանուններով: Պատճառների մասին կարելի է միայն ենթադրություններ անել:

Աքեմենյան Պարսկաստանի փառքը մարմնավորող Պերսեպոլիս պալատի ամենամեծ դահլիճը՝ Ափադանան, կանգուն էր 72 սյուների վրա:

Հրեաների սուրբ գրքում նշված է, որ Մովսես մարգարեն իր եղբոր՝ Ահարոնի եւ եւս 70 ընտրյալների հետ (ընդամենը 72 հոգի) ուղեւորվում է դեպի Եգիպտոս, որտեղ կարողանում է հաղորդակցվել Աստծո հետ:

Մահմեդականներին հայտնի է Ուհուդ կոչված ճակատամարտը (625 թ.), որի ժամանակ «անհավատները» սպանում են Մուհամմեդ մարգարեի 72 զորակիցներին: Տարօրինակն այն է, որ Քյարբալայի ճակատամարտում (680 թ.) նահատակվում են նաեւ շիաների առաջնորդ Ալիի որդի Հուսեյնն ու վերջինիս 72 համախոհները:

Առեղծվածային զուգադիպությամբ՝ Քյարբալայի ողբերգությունից 13 դար հետո, Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից կարճ ժամանակ անց, «Ջումհուրի-է Էսլամի» կուսակցության կենտրոնակայանում որոտացած պայթյունի հետեւանքով զոհվում են Իրանի կառավարության անդամներ ու մեջլիսի պատգամավորներ՝ թվով 72 հոգի:

Անհասկանալի տրամաբանությամբ՝ Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) խմբակցությունը 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում ունի 71 պատգամավոր: Եթե դրան ավելացնենք նաեւ նեղ օրերին ողջ հասակով ՔՊ-ականների կողքին կանգնած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանին, դարձյալ կստանանք 72 թիվը:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ