Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի վերջին հայտարարությանը՝ կոչ անելով զերծ մնալ ծանրորդների`ազգային հավաքականի անդամների անուններն այս կամ այն քաղաքական շահարկումների առիթ դարձնելուց:
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բարձր գնահատելով մեր մարզիկների ու մարզիչների` տարիներով կառուցած հեղինակությունը, պարտավոր է արձագանքել Գյումրու քաղաքապետարանի վերջին հրապարակմանը:
Ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ մեր մարզիկների, մարզիչների ու սպորտային գործիչների անունների օգտագործումը՝ որևէ քրեաիրավական գործընթացում ներգրավված անձի պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ լիովին անընդունելի է և վնասում է հայկական սպորտի հեղինակությանը։
Այսպիսի գործողությունները կարող են ստեղծել կեղծ տպավորություն, թե մարզական համայնքը ներգրավված է կամ ներգրավվում է որոշակի անձանց անձնական կամ իրավական խնդիրների լուծման մեջ, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել ծանրորդների ու մարզիչների անունների որևէ ձևով օգտագործումը քաղաքական, անձնական կամ քրեաիրավական նպատակներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան իր հերթին ընդգծել է, որ ազգային հավաքականի մարզիկների անունների օգտագործումը քաղաքական կամ անձնական շահարկումների համատեքստում անընդունելի է։
«Մարզաշխարհի ներկայացուցիչները կենտրոնացած են բացառապես սպորտային գործունեության վրա, և նման շահարկումները խաթարում են թե՛ մարզաձևի, թե՛ ամբողջ հայկական սպորտի հեղինակությունը։
Ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել հրաձգության մարզիկների ու մարզիչների անունների ցանկացած ձևով շահարկումը այն հարցերում, որոնք որևէ առնչություն չունեն նրանց մասնագիտական գործունեության հետ»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ վստահեցնելով, որ ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:





