Մահացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր-տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը: Այն, որ այսօր ունենք այդ թանգարանը, պարտական ենք Զավեն Սարգսյանին: Երեք տասնամյակ նա մասունք առ մասունք հավաքել է անվանի կինոռեժիսորի արխիվը, կոլաժները, կազմել ալբոմներ, ժողովածուներ, կազմակերպել ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ, հանրահռչակել Փարաջանովի արվեստը:
Կինոգետ Զավեն Բոյաջյանը փոքրիկ ակնարկով արժևորել է Զավեն Սարգսյանի մեծ ներդրումը փարաջանովյան ժառանգության պահպանման գործում:
«Փարաջանովի թանգարանը Երևանում՝ Հայաստանի ամենագրավիչ մշակութային հաստատություններից մեկը, որքան առնչվում է վարպետի, նույնքան էլ (առանց փոքրիշատե չափազանցության) Զավեն Սարգսյանի անվանը: Առանց նրա թանգարանը՝ էսթետիզմի մի աներևակայելի հրավառություն, պարզապես գոյություն չէր ունենա, որովհետև հենց Զավեն Սարգսյանի շնորհիվ են փարաջանովյան արվեստի թանկ վկայությունները Թբիլիսիից հասել Երևան և հանգրվանել թանգարանում որպես ցուցանմուշներ: Զավեն Սարգսյանն է բառիս բուն իմաստով կյանք տվել թանգարանին՝ դառնալով նրա պահապան ոգին: Մենք պիտի անսահման երախտապարտ լինենք փարաջանովյան արվեստի այս անձնվեր տրուբադուրին. նա ասպետորեն անդավաճան մնաց իր կյանքի գործին և մեզ ժառանգություն թողեց մի անասելի հարստություն, որի արժեքը առաջին հերթին ինքն էր գիտակցում երկյուղածորեն և ամեն կերպ ջանաց այդ գիտակցությունը փոխանցել մեզ: Մահը վերջակետ դրեց Զավեն Սարգսյանի երկրային ուղուն, բայց նրա գործը վերջակետ չունի, ինչպես Փարաջանովի արվեստը»,- գրել է Զավեն Բոյաջյանը: