Lինում են օրեր, երբ համակվում ես աննկարագրելի հույզերով, ամբարում ես դրանք հոգուդ մեջ ու չես բաժանվում, որպես գոհացում:
Այդպիսի մի օր էր, երբ հանդիպեցի Գոհար Հարությունյանին, որը քիմիկ է՝ լոկ մասնագիտությամբ:
Կապույտ կիթառն ուսից կախած՝ տեղից տեղ է վազում «քիմիկը»՝ երգելու, հույզեր, իրական արվեստ բաշխելու մեծերին ու փոքրերին: Մասնագիտությամբ չի աշխատել երբեք (իրական արվեստագետի ճակատագիր է):


Զարմանալի հմայք ունի Գոհարը՝ մեղմ ու զուսպ, անսահման գեղեցիկ արտաքինից ցայտում են բնատուր շնորհները, անգամ այն ժամանակ, երբ պարզապես զրուցում է ինչ որ մեկի հետ: Ձայնի քնքուշ ելեւէջներով հիմնականում երգում է ազգագրական երգեր, տասնյակ հեղինակային երգեր է գրել՝ ինչպես իր բանաստեղծությունների, այնպես էլ ընկերների ստեղծագործությունների հիման վրա: Ինքնատիպ կատարումներով կենդանացնում է այնպիսի պատառիկներ, որոնք անարդարացիորեն մատնված են մոռացության ու անտարբերության:
Անխոնջ սերմնացանի նման հնչյունների, զարմանահրաշ կտավների միջոցով մեծ ու փոքրին տեղափոխում է ոչ բոլորին տեսանելի, աննյութեղեն ոլորտներ:


Գեղանկարչի տաղանդն էլ Գոհարի մեջ բնատուր է: Առանց ակադեմիական կրթության՝ վրձինն ուղղակի պարում է նրա ձեռքերում: Կտավի վրա անմահանում են սրտաբուխ վրձնահարվածների այնպիսի համակցություն, որը բարու, մարդուն դեպի լույսը ուղղորդելու մասին է: Նրա դիմանկարներն անվրեպ են, հատկապես՝ եթե իրականում ճանաչում ես բնորդին: Այս դեպքում այնքան կարեւոր չէ ֆիզիկական նմանությունը, որքան մարդու բնույթը, որը կտավը դարձնում է խոսուն՝ այլաբանորեն կենդանացնելով այն:
Ինքնուրույն նախաձեռնությունների արդյունքում նրա այցին, նրա ձայնին սպասում են ոչ միայն մանուկները, այլեւ տարեց մարդիկ:
Այն, որ արվեստագետը երգում է մանուկների համար, օրինաչափ է թվում: Խիզախում չէ՞ արդյոք լինել այնպիսի հաստատություններում, ուր ծեր մարդիկ են՝ հայրեր ու մայրեր, որոնց անցած կյանքը ժամանակի լուսանցքում է արդեն: Ի՞նչ է հարկավոր տարեց մարդուն, եթե ոչ հոգու տոն եւ ուշադրություն, սեր ու գորով: Գոհարին այս հաստատություններում անհամբերությամբ են սպասում:
Կապույտ կիթառի կենդանի հնչյունների ներքո հոսում են հայկական անշփոթելի ելեւէջները: Ավելի՜ն, նա չի զլանում պատմել նաեւ երգերի ծագումնաբանության մասին՝ հիշատակելով տվյալ երգի, մեղեդու հետ անմիջական կապ ունեցող տաղերգուների, դասական գրողների եւ երաժիշտների կենսագրությունները: Տիրապետում է հայկական ժողովրդական բանահյուսությանը եւ ոչ մասնագետ լինելով հանդերձ՝ փոխանցում է այն փոքրիկ, հուսավառ աչքերով մանուկներին:
Մեր օրերում, երբ անարժեք երեւույթները համացանցի շռայլ «կամեցողությամբ» վայրկյանների ընթացքում դառնում են հիշարժան, օտարամոլությանը տրված՝ չենք գիտակցում, որ ազգովին ձեւախեղում ենք ընդհանուր գեղագիտական ճաշակը, առավել, քան կարեւոր եմ համարում խոսել, բարձրաձայնել այնպիսի արվեստագետների մասին, ինչպիսին Գոհար Հարությունյանն է: Ես լավ գիտեմ, որ նա իր մասին չի խոսելու: Ապրում է՝ մարդկանց օգնելով, մեծի ու մանկան մեջ հայրենասիրության կերոնը՝ վառ պահելով՝ ստեղծագործելով:
Գոհարի կտավներում գերիշխում են հոգեպարար, բնության գույները, իսկ վրձնահարվածները բարության, բնականության մասին են:
Նա եկել է, որ աշխարհը մեզ ներկայացնի լավատեսորեն, նա ապրում է՝ լուծումներ գտնելով, բոլորին վարակելով հայկականությամբ:
Հավատում եմ, որ Գոհարի նման անհատներն են փոխում աշխարհը, իսկ աշխարհը ոչ միայն փոխվելու, այլ նաեւ փրկվելու կարիք ունի:
Մի՞թե հոգիների ամենամեծ բալասանն արվեստը չէ:
ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ
գրող, ՀԳՄ անդամ