Գերմանալեզու լրատվամիջոցները հունիսի 25-ից ի վեր աշխույժ անդրադառնում են Հայաստանում կատարվող իրադարձություններին՝ հղում անելով առաջին հերթին վարչապետ Փաշինյանի՝ չորեքշաբթի եւ նախորդ օրերի ֆեյսբուքյան գրառումներին: Հայաստանի ֆեյսբուքացումը, որ այլ երկրներում տիկտոկացում եզրով է հայտնի, փաստորեն գերմանալեզու մեդիամայրցամաք հասավ՝ անօրինակ ֆեյսբուքյան բառապաշարով, որ գերմաներեն ճշգրիտ թարգմանությամբ առավել ցայտուն է դարձնում մեր գահավիժումը՝ մեզ մերձեցնելով… մեզնից օտարման:
Առցանց «Ցայթը» հունիսի 25-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի լուսանկարով հոդվածը վերնագրել էր «Հայաստանում ազդեցիկ ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել», իսկ նույն օրվա «Շփիգելը» նախընտրել էր «Հայաստանում ձերբակալվել է զանգվածային բողոքի ցույցերի առաջնորդը» տարբերակը: Հունիսի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» հրապարակումը վերնագրել է «Հայաստանի կառավարությունը նախազգում է, թե դավադրություն է եւ ձերբակալում է իր հակառակորդներին»: «Վարչապետ Փաշինյանը սրում է իշխանության համար պայքարը եկեղեցու եւ քաղաքական հակառակորդների հետ: Նա ռիսկի է դիմում՝ երկրի եվրոպական ուղին եւ ինստիտուտների նկատմամբ վստահությունն ավելի վտանգելով», գրում է շվեյցարական լրատուն:
Գերմանական t-online-ը հունիսի 26-ի առավոտյան հրապարակեց «Սրբազան շարժման հետքը Մոսկվա է տանում» վերնագրով հոդվածը, որը մանրամասն ներկայացնում է հայաստանյան մամուլում հրապարակված մեզ ծանոթ շարադրանքը: Ամփոփ՝ հետեւյալը.
«Անվտանգության մարմինները ձերբակալել են Տավուշի՝ քաղաքականապես ազդեցիկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ պետական հեղաշրջման փորձ ծրագրելու մեղադրանքով: «Անվտանգության ուժերը կանխել են քրեական օլիգարխիայի լայնածավալ եւ նենգ ծրագիրը՝ անկայունացնելու ՀՀ-ում իրավիճակը եւ զավթելու իշխանությունը», հրապարակման մեջ հղում է արված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան մեկնաբանությանը: Ըստ հայկական լրատվամիջոցների՝ չորեքշաբթի առավոտյան դիմակավորված ոստիկանները Գալստանյան Սրբազանին դուրս են հանել նրա նստավայրից: Գալստանյանից բացի, ձերբակալվել են նաեւ այլ ընդդիմադիր հոգեւորականներ եւ քաղաքական գործիչներ: Գերմանական առցանց պորտալը նշում է գաղտնալսված հեռախոսազրույցների, ինչպես նաեւ մի քանի տներում խուզարկությունների, հայտնաբերված բազմաթիվ զենքերի եւ պայթուցիկ սարքերի մասին: Հետաքննիչների կարծիքով, նպատակը «անվերահսկելի իրավիճակ» ստեղծելն ու քաոս սերմանելն է եղել»: t-online-ը հավելում է ընդդիմության կարծիքը, որ նման ծրագիրը որակել է հորինվածք, իսկ քայլի նպատակը՝ Փաշինյանի քննադատներին լռեցնելն է համարել: «Իրավիճակը Հայաստանում լարված է՝ Լեռնային Ղարաբաղում պարտությունից հետո: Գալստանյանը ղեկավարում է «Սրբազան պայքար» շարժումը, որը ձգտում է տապալել լիբերալ վարչապետ Փաշինյանին»: «Հայաստանը լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել 2023 թվականի աշնանը՝ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում պարտվելուց հետո, որի հետեւանքով ավելի քան 100,000 էթնիկ հայեր ստիպված էին փախչել: Ադրբեջանը շարունակում է ռազմական ճնշումը Հայաստանի վրա, պահանջում լրացուցիչ տարածքներ: Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մի քանի սահմանամերձ գյուղերի վերահսկողությունը հանձնել հարեւան երկրին՝ խաղաղության համաձայնագրի դիմաց: Շատ հայեր՝ այդ թվում՝ Գալստանյանը, կտրականապես մերժում են տարածքային զիջումներն իրենց ոխերիմ թշնամի հարեւանին», նշում է գերմանական լրատվական t-online պորտալը:
Ավստրիական «Կուրիերը» հունիսի 25-ին հրապարակումը վերնագրել է «Ծրագրված պետական հեղաշրջո՞ւմ. Ընդդիմության առաջնորդը Հայաստանում ձերբակալվել է»: Այս լրատվամիջոցն իր տեղեկատվական նյութն ամբողջացրել է հետեւյալ պարբերությամբ՝ «Արեւելքում Ադրբեջանի դեմ ռազմական պարտությունից հետո Փաշինյանը ձգտում է նաեւ արեւմուտքում իր պատմական ոխերիմ թշնամու՝ Թուրքիայի հետ մերձեցման: Այս հակամարտության նախապատմությունը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն է: Թուրքիան աջակցել է Ադրբեջանին ԼՂ-ի դեմ պատերազմում: Իսկ Հայաստանի նախկին պաշտպան Ռուսաստանը չի միջամտել պատերազմին՝ ստիպելով Հայաստանին ամբողջությամբ վերակողմնորոշել իր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը»:
Գերմանական մեդիան առնանդամ բառը շեշտեց վերնագրում
Հունիսի 25-ին գերմանական հեղինակավոր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունը» հոդվածը նախ այսպես էր վերնագրել՝«Արքեպիսկոպոսը ձերբակալվել է. Հայաստանը պուտչի եւ առնանդամի արանքում», ապա նորացրեց՝ «Իշխանության համար պայքարը Հայաստանում՝ գոտկատեղից ներքեւ»: Երկու վերնագրերն էլ մտացածին չեն, սնվել են Հայաստանում հոսող ֆեյսբուքյան աղբյուրներից:
Մեր երկրի, մեր պետության, մեր հասարակության անկումն է՝ Արարատի գագաթից՝ ֆեյսբուքյան վիհ:
Ամսական 47 միլիոն ընթերցող ունեցող գերմանական ամենամեծ լրատվական t-online պորտալը վերեւում ներկայացված մեկ հրապարակմամբ չանդրադարձավ կատարվածին: «Ազգին» ծանոթ հեղինակ Թոբիաս Շիբիլլան (Tobias Schibilla), որ Հայաստանում եղել է, լավ է ճանաչում Բաքվի՝ հայ ժողովրդին ուղղված ոճրագործությունները, Արցախի իրադարձությունները, հունիսի 26-ին t-online-ում, ինչպես նաեւ watson կայքում անդրադարձավ «Եկեղեցու եւ քաղաքականության (քաղաքական գործիչների) վեճին»:« ՀՀ վարչապետն ուզում է իր առնանդամը ցույց տալ եկեղեցու առաջնորդին» վերնագրով հոդվածը t-online-ում հրապարակեց հունիսի 26-ի առավոտյան: Այնուհետ հոդվածը հրապարակվեց watson-ում՝ հետեւյալ ձեւով «Վեճը սրվում է. Հայաստանի վարչապետը ցանկանում է եկեղեցու առաջնորդին ցույց տալ իր առնանդամը: Հայաստանում եռում է հակամարտությունը ազգային ուղղափառ եկեղեցու եւ քաղաքական էլիտայի միջեւ: Վեճը երբեմն ստանում է տարօրինակ ձեւեր»: Հոդվածի առաջին պարբերության մեջ Շիբիլլան հիշատակում է 301 թվականին քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ճանաչած առաջին երկրի՝ Հայաստանի մասին, մի բան, որ խորհրդանշանային իմաստ ունի, եւ Գերմանիայում ներկայացնում է մեր երկիրը, մեր պատմությունը: Մենք էլ մեր մասին պատմելիս այս նախադասությունից ենք սկսում: Հիմա, երբ Հայաստանի ֆեյսբուքացումը գերմանական տպագիր տարածքում նոր վերնագիր ստեղծեց, խզվեց շատ կարեւոր մի բան՝ մեր մասին 301 թվականին հղում տալով պատմելու շղթան:
Տաբուն ջարդելու համարձակությունը, սանձարձակությունը, խորհրդանիշներ փշրելու հանձնառությունն ու հայհոյանքի անզուսպ վարգը Հայաստանի ֆեյսբուքացման հաղթանակն են եւ պարտությունը՝ թե՛ պատմական, թե՛ իրական Հայաստանի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարը՝ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի», «Ռոյթերզ»