Այլևս անթաքույց է, որ Հայաստանում քրեական վարույթներ հարկ եղած դեպքում հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով, արդեն իսկ բացահայտորեն կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան էջում նաև. Փաշինյանի վերջին գրառումներին անդրադարձել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը։
Ակնհայտ է, որ իրավունքի գերակայությունը կամ ժողովրդավարությունն ուղղակի վերջացած է: Իրավական պետության համար աղետ է, երբ այս ամենին էլ ավելանում է վարչապետի կողմից ատելության խոսքի լայն տարածումը և անհանդուրժողականության հրահրումը»,- գրել է նա:
Նշենք, որ վերջին գրառումներում Փաշինյանը ինքն իրեն մատնել է, որ միջամտում է իրավապահների գործողություններին։
Ապացույցը՝ գրառումը.«Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։
Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։
Ինչպես արդեն հայտնել ենք, նրա գրառումը վերաբերում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանին։