Կիրակի, 26 Հուլիս, 2026

Մեռելածին խորհրդարան՝ դեռ առաջին նիստից առաջ. Սուրեն Սուրենյանց

Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով ձևավորված Ազգային ժողովի առաջին նիստը։

Սակայն քաղաքական առումով այս խորհրդարանն իր գործունեությունը սկսում է ոչ թե սպասումների, այլ խոր ճգնաժամի պայմաններում։ Կարելի է նույնիսկ պնդել, որ այն դեռ աշխատանքը չսկսած՝ արդեն մեռելածին է։

Հայաստանի ընտրական պատմության մեջ դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ ընտրությունների երկու հիմնական ֆավորիտներն իրենց հաղթանակը պայմանավորեին ոչ թե պարզապես հաղթանակով, այլ բացառապես նախապես սահմանված բարձր նշաձողի հաղթահարմամբ։ Այս ընտրություններում հենց այդ պատկերն էր։

«Քաղաքացիական պայմանագրին» անհրաժեշտ էր սահմանադրական մեծամասնություն՝ խորհրդարանում առանց լուրջ խոչընդոտների իրականացնելու իր քաղաքական օրակարգը, այդ թվում՝ արտաքին դերակատարների առջև ստանձնած պարտավորությունները։ «Ուժեղ Հայաստան»-ը, իր հերթին, ողջ ռազմավարությունը կառուցել էր Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելու նպատակի շուրջ։ Երկու ուժերի ակնկալիքներն էլ չիրականացան, և, ըստ ամենայնի, դրանցից ոչ մեկը չունի իրատեսական «պլան Բ»։

Այս հանգամանքը նոր խորհրդարանն ի սկզբանե դարձնում է քաղաքական փակուղի։ Ո՛չ իշխանությունն է ստացել այն արդյունքը, որի վրա կառուցել էր իր հետագա ռազմավարությունը, ո՛չ էլ գլխավոր ընդդիմադիր բևեռն է հասել իր առանցքային նպատակին։ Արդյունքում Ազգային ժողովը գործունեությունը սկսում է փոխադարձ անվստահության և քաղաքական փակուղու պայմաններում։

Ավելին, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64 մանդատ։ Սա բավարար է կառավարություն ձևավորելու և սովորական օրենքներ ընդունելու համար, սակայն բացակայում է սահմանադրական մեծամասնությունը։ Մինչդեռ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի առանցքային պայմաններից մեկը հենց Սահմանադրության փոփոխությունն է։ Այսպիսով՝ իշխանությունը ստացել է «կառավարելու», բայց ոչ «վճռորոշ փոփոխություններ իրականացնելու» մանդատ։ Խորհրդարանը, իշխանության պատկերացմամբ, ծնվել է արդեն իսկ թերի՝ առանց իր ամենակարևոր արտաքին քաղաքական խոստումը կատարելու կարողության։

Նոր խորհրդարանի մյուս աննախադեպ առանձնահատկությունն այն է, որ նրա բոլոր հիմնական քաղաքական սեգմենտները փոխադարձաբար կասկածի տակ են դնում միմյանց լեգիտիմությունը։ Եթե ընդդիմության կողմից նման գնահատականները քաղաքական պայքարի բնական բաղադրիչ են, ապա իշխանության պարագայում գործ ունենք արտառոց երևույթի հետ։ Այդ դեպքում լեգիտիմության ճգնաժամը չի սահմանափակվում միայն խորհրդարանով, այլ անխուսափելիորեն տարածվում է նաև կառավարության վրա, քանի որ վերջինիս լեգիտիմության աղբյուրը հենց խորհրդարանն է։

Այս ճգնաժամն արդեն ինստիտուցիոնալ փուլ է մտել։ Ընդդիմության առաջատար դեմքերի նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվում հենց մանդատ ստանալուց հետո, իսկ ընդդիմադիր ուժերը նախապես հայտարարում են նոր խորհրդարանի լեգիտիմության բացակայության մասին։ Փոխադարձ «ոչ-լեգիտիմության» այս տրամաբանությունը խորհրդարանը վերածում է շարունակական առճակատման հարթակի։

Կա նաև մեկ այլ աննախադեպ հանգամանք։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մի ամբողջ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, ըստ էության, զրկվել է խորհրդարանական խմբակցություն ունենալու իրավունքից։ Մոտ 58–60 հազար ձայն փաստացի դուրս է մնացել ներկայացուցչությունից՝ մի քանի ընտրատեղամասերի անվավեր ճանաչման հետևանքով։

Սա միայն մեկ կուսակցության խնդիր չէ։ Խոսքը տասնյակ հազարավոր ընտրողների ձայնի «զրոյացման» մասին է։ Երբ խորհրդարանը ձևավորվում է այնպես, որ մի ամբողջ քաղաքական հատվածի ձայները ջնջվում են, լեգիտիմության ճգնաժամը դառնում է ոչ միայն քաղաքական գնահատական, այլ թվաբանական իրողություն։

Այս բոլոր ներքին խնդիրներին գումարվում են նաև արտաքին գործոնները։ Ռուսաստանն ու Չինաստանը պաշտոնական շնորհավորանք չեն ուղարկել ընտրությունների արդյունքների առիթով։ Սա դիվանագիտական մանրուք չէ։ Ներքին լեգիտիմության ճգնաժամը համադրվում է արտաքին «սառը վերաբերմունքի» հետ, ինչը նոր խորհրդարանը դարձնում է առավել խոցելի։

Երրորդ Հանրապետության պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ խորհրդարան, որը ծնվել է այսքան բարձր ակնկալիքների և այսքան արագ հիասթափության համադրությամբ։

Երկու գլխավոր ուժերն էլ մտել են ընտրություններ մեկ գլխավոր նպատակով և երկուսն էլ ձախողել են այն, ընդ որում՝ կողմերից ոչ մեկը չունի իրատեսական պահեստային սցենար։

Իմ գնահատմամբ՝ այս բոլոր հանգամանքների ամբողջությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նոր Ազգային ժողովը երկար քաղաքական կյանք չի ունենա։ Եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա առավել հավանական է, որ Հայաստանը 2027–2028 թվականներին կանգնի նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության առջև։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, պատմաբան