Հավկիթային բում
Ձուն, ըստ հանրագիտարանային տվյալների, սեռական խոշոր բջիջ է, որն ածում են թռչունների, սողունների, երկկենցաղների եւ ձկների իգական ներկայացուցիչները: Նույն հավաստի աղբյուրների համաձայն, հազարավոր տարիներ ձուն, կամ կրթական ավելի բարձր մակարդակ ունեցող հայերի բառապաշարով՝ հավկիթը, օգտագործվել է մարդկության կողմից որպես անփոխարինելի կերակրատեսակ, հատկապես նախաճաշին՝ երշիկախառն ձվածեղի տեսքով:
Վերջին շրջանում, ճակատագրի քամահրանքով, ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, ԱՄՆ-ում ձվի գները ռեկորդային մակարդակի են հասել: Ականատեսների հավաստմամբ, որոնց վկայությունը հնարավոր չէ կասկածի տակ առնել, տասներկու ձվով մեկ տուփը երկրի որոշ շրջաններում գերազանցել է 5-7 դոլարը: Դա միջինացված գներով հավասար է Երեւանի տրանսպորտի միասնական մեկ ուղեւորավարձի ցուցանիշին:
Սակայն, Երեւանում քաղաքային տրանսպորտի թանկացմանը զուգընթաց, ձվի գների կայունացման, անգամ նվազեցման միտում է նկատվում:
Եթե խաղաղության խաչմերուկի հարցը լուծված լիներ, ապա մեր երկրի ձվի շուկայում տիրող բարենպաստ պայմանների բերումով, Հայաստանը կվերածվեր ձվի արտահանման տարանցիկ պետության, որի շնորհիվ, Հայաստանում այլեւս մաքսային եւ հարկային վարչարարության բարեփոխումների կարիք չէր զգացվի:
Մեր երկրում ձվային բումին մեծ հարված է հասցնում Թուրքիան, որի Կայսերի (Կեսարիա) նահանգի ֆերմերներից մեկի հավը վերջերս ածել է 205 գրամանոց հսկա ձու: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, Կայսերիի ձու արտադրողների միության նախագահը նշել է, որ իրենց հավերն ածում են 150 գրամից ոչ պակաս ծանրությամբ ձվեր: Սակայն մեր հավերի ածած ձվերի քաշը չի գերազանցում 65 գրամը:
Ըստ երեւույթին, ձվի գների նվազեցման միտում կա նաեւ հարեւան Վրաստանում: Դրա մասին է վկայում վերջերս Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալուց հետո Թբիլիսիի օդանավակայանում մեծաքանակ ձվերով «դիմավորելու» փաստը:
Թբիլիսիի օդանավակայանում նույնպիսի վերաբերմունք է դրսեւորվել Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի դիմավորման ժամանակ:
Ցավոք, Իրանում արտադրվող եւ վաճառվող ձվերի քանակության ու գնի մասին տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ մեր հարեւան երկրում ձվի հաշվարկը կատարվում է կիլոգրամներով: Օրինակ, նշվում է, որ Իրանում միջին վիճակագրական հավը մեկ ամսվա ընթացքում ածում է 1,900 գրամ ձու, որի յուրաքանչյուր կիլոգրամի գինը կազմում է 680,000 ռիալ:
Եթե ԵԱՏՄ-ին անդամակցող Հայաստանում ձուն վաճառվում է նույնիսկ ինքնարժեքից էլ ավելի ցածր գներով, նույն կազմակերպության մյուս անդամ Ռուսաստանում ձվի շուկայում տիրող իրավիճակը տագնապահարույց է: Sputnik-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովում իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը խոսում էր սննդով ապահովված լինելու մասին, առաջարկել է ագահություն չանել եւ կիսվել ձվերով, եթե իր երկրում դրանք շատ են: Հասկանալի է, որ Ռուսաստանի առաջնորդի մտքում այլաբանական ակնարկ չկար:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ