Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գեւորգյանին:
Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել եւ կարեւորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում:
«Քաղաքապետարանը պատրաստ է մշտապես աջակցելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն հայ մշակույթի զարգացման, ինչպես նաեւ մշակութային կյանքի աշխուժացման գործում»,- նշել է Տարոն Մարգարյանըՙ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
Իրինա Զաքյանն ու Տիգրան Գեւորգյանը շնորհակալություն են հայտնել իրենց վաստակը գնահատելու համար:
Նշենք, որ Երեւանի ավագանին հունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում միաձայն որոշում էր կայացրել Երեւան համայնքի սեփականություն համարվող բնակարանները ստեղծագործելու համար պայմաններ ստեղծելու նպատակով տրամադրել Իրինա Զաքյանին եւ Տիգրան Գեւորգյանին: