ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում բարեխիղճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի:
Նա պարզաբանեց, որ 2011-2012 թվականներին ոլորտում որոշակի վրիպակներով և թերություններով զանգվածային թվայնացում է տեղի ունեցել, և այժմ նախագծով առաջարկվում է ուղղել այդ թերությունները՝ չպատժելով քաղաքացիներին:
«Սա բարեխիղճ հարկ վճարողի համար միայն լավ գործիք է: Եթե ինքն իր հարկային պարտավորությունները կատարել է, ապա այդ տույժերը զրոյացվում են: Իսկ եթե չի կատարել իր հարկային պարտավորությունները և դրանք չի վճարել այդ տարիների ընթացքում, ապա իր համար այդ տույժերը չեն զրոյացվում: Այսինքն՝ սա օգնում է պարտաճանաչ հարկ վճարողին»,- պարզաբանեց զեկուցողը:
Նա նաև հավելեց, որ ամեն դեպքում քաղաքացին պետք է կատարի իր հարկային պարտավորությունները: Առայսօր ճշգրտվել են մոտ 80.000 անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։