Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հիվանդանոցային դեղատների նկատմամբ որևէ վերահսկողություն չկա. հայտնաբերվել են դեպքեր, երբ վաճառքի ոչ ենթակա դեղորայքն այնտեղից հայտնվել է դեղատներում. Զեյնալյան

Վստահ լինելու, որ ոչնչացման ենթակա դեղորայքը համապատասխան ընկերությունների կողմից իսկապես ոչնչացվել է, հետևյալ կարգավորումն ենք մտցվում. ոչնչացնող կազմակերպությունն առնվազն 5 օր առաջ տեչական մարմին է ներկայացնում ամբողջական տեղեկատվություն՝ դեղի անվանում, սերիա, ներկրողի տվյալներ, դրանից հետո կատարում է ոչնչացման գործընթացի տեսաձայնագրում՝ տեսչական մարմնի ներկայացուցչի անմիջական ներկայությամբ։ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Ըստ նրա՝ տեսչական մարմինը հայտնաբերել է դեպք, երբ կոնկրետ դեղորայքի ոչնչացում է իրականացրել, սակայն հաջորդիվ նույն դեղորայքը կրկին հայտնաբերվել է միևնույն տնտեսվարողի մոտ։

«Այսինքն՝ ոչ թե ոչնչացման դեղորայք է, այլ նույն անվանման դեղորայք։ Այսինքն՝ նույն  տնտեսվարողը նույն դեղորայքի ներմուծում է իրականացրել։ Այստեղից հիմնավոր կասկածներ, որ ոչնչացման գործընթաց, փաստացի, կարող է և չիրականացվել»,- նշեց Նարեկ Զեյնալյանը։

Նա միաժամանակ տեղեկարցեց, որ տեսչական մարմինը խնդիրներ է հայտնաբերել նաև հիվանդանոցային դեղատների մասով։

«Ներհիվանդանոցային դեղատների նկատմամբ որևէ վերահսկողություն այս պահին չկա, և հայտնաբերվել են դեպքեր, երբ վաճառքի ոչ ենթակա դեղորայքը հայտնվել է դեղատներում։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ այդ դեղորայքը դուրս է գալիս հիվանդանոցային դեղատներից և գնում դեղատներ՝ վաճառքի»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ պետք է գործի դեղատներից դեղերի բացթողնման կարգ՝ համապատասխան պահանջներով։