«Ինչպես արդեն նշել ենք, Միջազգային օլիմպիական կոմիտեն պատասխանել է Ադրբեջանի պաշտոնական բողոքի նամակին, ներողություն է խնդրել մեր երկրից France2 հեռուստաալիքով արված անընդունելի հայտարարությունների համար և ընդգծել, որ այդ հայտարարություններն անհամատեղելի են այն սկզբունքների և արժեքների հետ, որոնց Միջազգային օլիմպիական կոմիտեն փորձում է նպաստել սպորտի և Օլիմպիական խաղերի միջոցով»,-ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ Օլիմպիալան խաղերի բացման արարողության ժամանակ, երբ Սենա գետի վրայով անցել է հայկական պատվիրակության նավը, France2-ի հաղորդավարուհին ասել է, որ ադրբեջանցիներն օկուպացրել են Արցախը։
«Մենք կարծում ենք, որ ֆրանսիական պաշտոնական պետական ալիքով արտահայտված կողմնակալ կարծիքները, որոնք ծառայում են Օլիմպիական խաղերի քաղաքականացմանը, Ադրբեջանի դեմ իրականացվող զրպարտչական արշավի մի մասն են, և դա արվել է միտումնավոր։
Այս տեսակետից մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան՝ որպես Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր, ներողություն կխնդրի և կպահանջի, որ նման քայլերն Ադրբեջանի դեմ հետագայում չկրկնվեն»,- ասել է Այխան Հաջիզադեն։