Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրին:
Ծրագիրը նպատակ ունի Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցել:
Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից կտրամադրվի ևս 2 մլն եվրո դրամաշնորհ:
Ծրագրով նախատեսվում է կառուցել վարչական շենք, որը տանիքում կունենա արևային էներգակայան: Կենտրոնի տարածքում նախատեսվում է կառուցել մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենյան զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ:
Մուտքի և ելքի ուղղությամբ նախատեսված են 5 ուղեգիծ և 2 կշեռք՝ 100 տոննա կշռելու հնարավորությամբ: Կենտրոնը հագեցած է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, ռենտգենաճառագայթային սարքավորումներով մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար, մարդկանց սկանավորման ռենտգենաճառագայթային սարքավորումով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթեր ընթերցող սարքերով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով, ելքի և մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սաքավորումներով, բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով և այլն: