Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ամբողջ երաժշտական աշխարհն այս տարի նշում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը:

Հունիսի 6-ին, մեծ երաժշտի ծննդյան օրը, Երեւանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:

Փառատոնի շրջանակում Երեւան կժամանեն թավջութակահարներ եւ երաժշտական աշխարհի հեղինակավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից: Իսկ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ մենակատար, ֆրանսիացի աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը երաժշտական կատարումով կբացեն արարողությունը:

Ինչպես հաղորդել էինք նախապես, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարվա մայիսին ընտրվել է որպես Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ: Երաժշտական այս կառույցին անդամակցումը նոր հեռանկարներ է բացում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի համար եւ եւս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին:

Ի դեպ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով եւ անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Իսկ 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Այս մրցույթի շնորհիվ մի շարք տաղանդաշատ երիտասարդներ սիրվել եւ հայտնի են դարձել միջազգային երաժշտասեր հանրության շրջանում: