Հարցազրույց «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունու հետ
– Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո կարծես թե հույսեր առաջացան, որ Վրաստանում դրական փոփոխվելու են կառավարման մեթոդները եւ այդ փոփոխությունները զգալ են տալու նաեւ հայ բնակչության նկատմամբ քաղաքականության մեջ: Ձեր կարծիքովՙ ինչքանո՞վ են այսօր այդ հույսերը արդարացել:
– Այսօր կարելի է փաստել, որ որեւէ էական կառուցվածքային փոփոխություն Վրաստանի կառավարման մոդելի մեջ չի՛ արձանագրվել: Իվանիշվիլին Սաակաշվիլիի ռեժիմի դեմ պայքարը ստանձնեց եւ հաղթանակի հասավ հալածանքների դադարեցման, բռնատիրական համակարգի փոփոխման, ժողովրդավարության վերահաստատման եւ արդարության վերականգնման կարգախոսներով: Սակայն, գալով իշխանության, նա, ըստ էության, չձեռնարկեց քայլեր` ուղղված Սաակաշվիլիի ռեժիմի կառավարման համակարգի կազմաքանդմանը, փոխվեցին վերին օղակները, բայց ո՛չ համակարգը: Կառավարման ստորին եւ միջին օղակներում մնում են նույն անձինք. պարզապես նրանք նախկինում ծառայում էին Սաակաշվիլուն, այսօր` Իվանիշվիլուն:
Այո, ձեռնարկվեցին քայլեր` ուղղված մթնոլորտի լիցքաթափմանը, բացահայտվեցին Սաակաշվիլիի ռեժիմի ոչ ժողովրդավարական, իրենց բնույթով կրիմինալ առանձին գործողությունները, սակայն այդ ուղղությամբ արված քայլերը մնացին խիստ թիրախավորված, ուղղված անձամբ Սաակաշվիլիի եւ նրա մերձավոր շրջապատի դեմ:
Մյուս կողմիցՙ Իվանիշվիլին չուզեց որեւէ կերպ սանձահարել իր կոալիցիայի մաս կազմող քաղաքական բազմաբնույթ ուժերին, նրանց միավորել կոնկրետ դրական քաղաքական պլատֆորմի շուրջը: Ընդհակառակըՙ կարծես թե հենց այդ բազմազանության մեջ է Վրաստանի նոր վարչապետը տեսնում իր ազդեցության կայունության ու երկարակեցության երաշխիքը: Այսինքնՙ այսօր մենք կարծես թե ականատես ենք, որ Վրաստանը վերադառնում է Շեւարդնաձեի կառավարման մոդելին` պահպանելով ՍաակաշվիլիՄերաբիշվիլի զույգի ստեղծած ուժային կառույցների համակարգը` որպես ներքին զսպող լծակ:
Հիմա կարծես թե Իվանիշվիլին գոնե ներքին ճակատում լուծել է իր խնդիրները եւ պատրաստվում է բացահայտել իր քաղաքականության կերպը, որը, մեր գնահատմամբ, կլինի ծայրաստիճան իրատեսական եւ խիստ զգուշավոր:
– Ինչպե՞ս են ազդել Ձեր նկարագրած գործընթացները վրացահայության խնդիրների առումով: Այս ամենը Ջավախքում ի՞նչ անդրադարձ է ունեցել եւ կունենա
– Իվանիշվիլիի եւ նրան նախորդող Վրաստանի բոլոր ղեկավարների գործունեությունը գնահատելու համար հարկավոր է ընդամենը տեսնել, թե նրանցից յուրաքանչյուրը գործնականում ի՞նչ չափով է բավարարել ջավախահայության պահանջները` քաղաքացիական մասնակցության, լեզվի, կրթական, կորնական, մշակութային եւ այլն: Ոչ մի բնագավառում իրավիճակը չի փոխվել:
Վրացահայության եւ ջավախահայության խնդիրների առումով Իվանիշվիլին շարժվում է նույն տրամաբանությամբ, ինչը նա որդեգրել է համավրացական գործընթացներում: Գալով իշխանության` նա որոշ քայլեր ձեռնարկեցՙ ուղղված ջավախահայության դեմ Սաակաշվիլիի առավել խայտառակ եւ աղմուկ հանած գործողությունների հետեւանքների վերացմանը` ազատ արձակվեց ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը, վերացվեց Մելիք Ռաիսյանի եւ այլ գործիչների նկատմամբ հետախուզումը եւ քրեական հետապնդումը, թույլ տրվեց Շիրակ Թորոսյանի եւ իմ մուտքը Վրաստան, առժամանակ որոշ չափով մեղմացվեց ուժային կառույցների ճնշումը: Այո, սրանք քայլեր էին, որոնք օբյեկտիվորեն դրական դեր խաղացին վրացահայության եւ ջավախահայության կյանքում: Սակայն արդյոք Իվանիշվիլին արեց այդ քայլերը ելնելով վրացահայության խնդիրները լուծելու ձգտումից եւ տրամաբանությունի՞ց: Միանշանակ` ոչ:
Այսօր կարելի է փաստել, որ Իվանիշվիլին չի շտապում կատարել իշխանության համար պայքարի ժամանակ վրացահայությանը եւ ջավախահայությանը տված խոստումները` վերացնել Ջավախքի հասարակականքաղաքական կյանքի եւ կառավարման մարմինների նկատմամբ ուժային կառույցների ճնշումը, զարկ տալ հայաբնակ շրջանների սոցիալտնտեսական զարգացմանը, շնորհել հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, օժանդակել Ախալքալաքում հայերենի հիմքով համալսարանի բացմանը, վերադարձնել բռնագրավված եկեղեցիները եւ այլն: Դրանք մնում են լոկ խոստումներ:
Իվանիշվիլին պարտավոր էր իշխանությունը ստանձնած պահին լուծել առնվազն հայերեն լեզվի կարգավիճակի խնդիրը` ոչ թե վրացահայության, այլՙ Եվրոպայի առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների իմաստով: Բազմիցս նշել ենքՙ Վրաստանը պարտավոր է վավերացնել Փոքրամասնությունների եւ տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան եւ համապատասխանեցնել իր օրենքները այդ փաստաթղթին, համապատասխանաբար տալով հայերենին շրջանային լեզվի կարգավիճակ: Դա առ այսօր չի արվել:
Վրաստանի նոր իշխանությունները չշնորհեցին ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին քաղբանտարկյալի կարգավիճակ, հետախուզման մեջ է մնում ջավախահայ ակտիվիստ Գուրգեն Շիրինյանը, առ այսօր որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկվել Չախալյանի ձերբակալությանը նախորդած 2008ի հուլիսի 17-21ի դեպքերի անաչառ հետաքննության ուղղությամբ, չեն վերադարձվել Ջավախքի մարզամշակութային միությանը պատկանող շենքը եւ գույքը:
Հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վրաց հատուկջոկատայինների կողմից ձերբակալվեց Վահագն Չախալյանի եղբայրըՙ Արմեն Չախալյանը, որին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 239-րդ հոդվածով (խուլիգանություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Միայն այն հանգամանքը, որ հունիսի 28-ի միջադեպի շուրջ 150 մասնակիցներից եւ ներկաներից այսօր կալանքի տակ է միայն Արմեն Չախալյանը, վկայում է, որ մենք գործ ունենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ պարունակող թիրախային գործողության հետ :
Փաստորեն, ջավախահայության հանրային կյանքում այսօր ընթանում են ոչ թափանցիկ, ուժային կառույցների կողմից ուղղորդվող գործընթացներ: Այդ գործընթացները ուղղակի հակասում են ժողովրդավարության հաստատման, օրենքի եւ արդարության վերականգնման Իվանիշվիլիի կողմից հայտարարված առաջնահերթությունների տրամաբանությանը:
Ջավախահայ ակտիվիստներին հալածելու Սաակաշվիլիի քաղաքականությունը փոխարինվում է Շեւարդնաձեի «բաժանիր, որ տիրես», ջավախահայկական քաղաքական դաշտը մասնատելու, խմբավորումներ ստեղծելու եւ դրանք իրար դեմ լարելու քաղաքականությամբ:
Ջավախքի տեղական ուժերը, որոնք հավատալով հայ բնակչության խնդիրները լուծելու Իվանիշվիլիի խոստումներին, ներիշխանական պայքարում բռնեցին նրա կողմըՙ ուղղակիորեն վտանգելով իրենց կյանքը, այսօր իրենց խաբված են զգում: Մելիք Ռաիսյանը, Նորիկ Կարապետյանը, Վահագն Չախալյանը եւ այլք իրենց հարցազրույցներում բազմիցս նշում են իրենց մտահոգությունները: Առ այսօր որեւէ արձագանք չկա:
– Ձեր արձանագրած խնդիրները կարծես թե արդարացնում են ոմանց պնդումները, որ Ջավախքի խնդիրը որպես ջավախահայության իրավունքների համար տարվող պայքար դիտարկելը եւ այդ ուղղությամբ գործողությունները ոչ հեռանկարային են, շոշափելի արդյունքի չեն հանգեցնելու:
– Համոզված եմ որ Ջավախքի խնդրի` որպես մարդու եւ ազգային փոքրամասնության իրավունքի հարցի, ջավախահայության իրավունքների համար տարվող պայքարի, դիտարկմանը որեւէ իրատեսական այլընտրանք չկա: Պայքարի այդ ռազմավարությամբ հաջողվեց հասնել նրան, որ ջավախյան շարժումը դուրս եկավ մարգինալ վիճակից, ջավախահայության պահանջները ու պայքարը դադարեցին ընկալվել որպես երրորդ կողմից հրահրված «անջատողականություն»: Ընդհակառակը այսօր մարգինալ է դիտվում հենց Սաակաշվիլին իր շարունակական ջղաձիգ հակահայկական պնդումներով: Ջավախահայության պայքարը մարդու իրավունքների դաշտ փոխադրելու շնորհիվ էր, որ հնարավոր եղավ արգելակել ջավախահայության խնդիրները կոշտ միջոցներով լուծելու Սաակաշվիլի-Մերաբիշվիլու զույգի ախորժակները:
Մյուս կողմիցՙ նաեւ համաշխարհային մակարդակով հասկանալի, ճանաչելի եւ ընդունելի են դարձել ջավախահայության պահանջները, եւ կարելի է ասել, ժամանակի խնդիր է դարձել նրանց հաստատումը Վրաստանի իշխանությունների կողմից: Մնում էՙ հայտնվի մի ղեկավար, որն իր սեփական պետության շահերի գիտակցություն եւ ուժ ունենա կյանքի կոչելու այդ իրավունքները:
Վրաստանի բնակչության հակահայ լինելու կարծիքը միֆ է: Տարիներ շարունակ գործել ենք Վրաստանում: Վրաստանում բնակվող ոչ հայ քրիստոնյա բնակչությունը միանշանակ հայամետ է, բացառությամբ փոքրաթիվ ազգայնականների: Վրաստանում հակահայկական տրամադրությունները հրահրվում են թուրքադրբեջանական շրջանակների կողմից:
Իվանիշվիլին չի կարող սրա մասին անտեղյակ լինել: Պարզապես նրա համակարգը, անմիջական շրջանակը, անվտանգության շրջանակները, Վրաստանի արտաքին քաղաքականության կառուցողները ճիշտ չեն գնահատում Վրաստանի հզորացման հեռանկարներում ընդհանրապես վրացահայության եւ մասնավորապես ջավախահայության գործոնը:
Վրացական իշխանությունները պարտավոր են վերջիվերջո գիտակցել, որ ջավախքահայության խնդիրն իր էությամբ ինքնորոշման խնդիր չէ, այլ տվյալ տարածքում հայկական գործոնի պահպանման ու զարգացման համար երաշխիքների ստեղծման խնդիր: Այդ առումով հայ բնակչության իրավունքների հարգումը, խնդիրների լուծումը միմիայն նպաստելու են Վրաստանի կայացմանը: Եվ ընդհակառակը, իրերի ներկա վիճակը միմիայն լրացուցիչ բեռ է լինելու, խոչընդոտելու է Վրաստանի վերակայացմանը: Իվանիշվիլին այսօր տակավին ունի քաղաքական կապիտալՙ կատարելու Վրաստանի հայ բնակչության առջեւ նախընտրական շրջանում ստանձնած պարտավորությունները:
Իր հերթին ջավախահայությունը պարտավոր է հետեւողականորեն շարունակել բարձրաձայնել իր խնդիրներըՙ բոլոր օրինական մեթոդներով պահանջելով կենտրոնական իշխանություններից դրանց լուծումը: Մոտակա նախագահական ընտրությունները փայլուն առիթ են ընձեռում այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար: Ջավախահայությունը պետք է Վրաստանի հաջորդ նախագահից պահանջի ձերբազատվել շեւարդնաձեական եւ սաակաշվիլիական ժամանակաշրջանի հանցագործ գործիչներից ու գործելաոճից, հայկական հարցերի նկատմամբ ստեղծված անհեռանկար կարծրատիպերից եւ որդեգրի հայվրացական եւ ՀայաստանՎրաստան հարաբերությունների նոր որակ` երկու պետությունների եւ Վրաստանի ամբողջ ժողովրդի կայունության եւ բարգավաճման նպատակով: