Նոր սակագինը կգործի հուլիսի 20-ից
Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալիկ Գեւորգյանը եւ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ հուլիսի 20-ից միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիների սակագինը կդառնա 150 դրամ` ներկայիս 100 դրամի փոխարեն, իսկ տրոլեյբուսներինը` 100 դրամ, գործող 50 դրամի փոխարեն:
Պատճառաբանելով 50 դրամով հասարակական տրանսպորտի թանկացումըՙ Ալիկ Գեւորգյանը հայտնեց, որ երթուղիները սպասարկող կազմակերպությունները հայտեր են ներկայացրել սակագնի բարձրացման համար` պատճառաբանելով վառելիքի, պահեստամասերի, քսայուղերի թանկացումը: Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն էլ տեղեկացրեց, որ հայտերը սկսվել են ներկայացվել հուլիսի 4-ից:
Տնտեսվարողների մի մասը միայն առաջարկել էր վերանայել սակագինը, մյուսները ներկայացրել էին սակագների իրենց հաշվարկները` առաջարկելով սակագինը սահմանել 140-200 դրամ: Նա նաեւ նշեց, որ այս հարցը վերջին տարիներին պարբերաբար բարձրացվել է, իսկ այս տարվա հուլիսից, երբ ուղեւորահոսքը կտրուկ նվազեց, տնտեսվարողները արդեն հայտեր ներկայացրին սակագնի բարձրացման համար: Ըստ Հենրիկ Նավասարդյանիՙ ելնելով նորմատիվային մեծություններից, շուկայական արժեքներից, քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովը որոշեց սակագինը բարձրացնել 50 դրամով, գտնելով, որ 100 դրամով թանկացնելու հայտերի մեջ նշված շատ ցուցանիշներ ուռճացված են, եւ ճիշտ տնտեսվարման դեպքում կարող են շահույթով աշխատել: «Այլ տարբերակ չունենք», ասաց վարչության պետը:
«Ազգի» առաջին հարցը, ուղղված տրանսպորտի վարչության պետին, այն էր, թե սակագների բարձրացումը կփոխի՞ հասարարակական տրանսպորտի սպասարկման որակը, թե՞ ուղեւորները դարձյալ ժամերով կսպասեն իրենց անհրաժեշտ ավտոբուսին կամ միկրոավտոբուսին: Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ սակագնի բարձրացման դեպքում անպայման կխստացվի վերահսկողությունը տնտեսվարողների նկատմամբ` կապված ավոտբուսների եւ միկրոավտոբուսների չվացուցակների պահպանման, դրանց տեխնիկական վիճակի եւ այլ հարցերի հետ:
Ալիկ Գեւորգյանն ավելացրեց, որ բոլոր տնտեսվարողների մասնակցությամբ տեղի է ունենալու խորհրդակցություն, որտեղ բոլոր այդ հարցերը խստորեն քննարկելու են, եւ դրվելու են բարձր պահանջներ: Սակայն իրականացվող քայլերի արդյունքներն անմիջապես չեն լինի, այլՙ աստիճանաբար:
Մեր մյուս հարցն առնչվում էր միկրոավտոբուսային երթուղիները ավտոբուսայինով փոխելուն: «Շուրջ 30 երթուղիներում պետք է սկսեին շահագործվել ավտոբուսներ, ինչը տեղի չի ունեցել, սակագնի բարձրացումը որքանո՞վ կնպաստի ավտոբուսային երթուղիների ավելացմանը»: Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ շատ տնտեսվարողներ դիմել են նոր ավտոբուսների ձեռքբերման համար բանկերից վարկեր ստանալուն, սակայն մերժվել են, քանի որ բանկերը ռիսկային են համարել նրանց գործունեությունը: Վարչության պետի հավաստմամբՙ սակագնի բարձրացումը երաշխիք կլինի, որ վարկերը տրամադրեն ավտոբուսները ձեռք բերելու համար: Միեւնույն ժամանակ, Հենրիկ Նավասարդյանը հավաստիացրեց, որ մինչեւ տարեվերջ Հայաստան կբերվեն եւ Երեւանի երթուղիներում կսկսվեն շահագործվել եւս 100 նոր ավտոբուսներ: Նա կարեւոր խնդիր համարեց D կարգի վարորդական վկայական ունեցող վարորդների պակասը եւ նշեց, որ սակագնի բարձրացմամբ հնարավորություն կառաջանա նման կարգ ունեցող վարորդներին ընդգրկելու այս ոլորտում աշխատանքի:
«Որքա՞ն է կազմում միկրոավտոբուսով 1 ուղեւորի փոխադրման ինքնարժեքը» հարցին Հենրիկ Նավասարդյանը պատասախանեց, որ իրենց հաշվարկների հիման վրա կազմում է 144,8 դրամ, ինչը նշանակում է, որ շահութաբերությունը կարողանում են ապահովել գերբեռնված փոխադրումների հաշվին:
«Մինչեւ այժմ վնասո՞վ են աշխատել երթուղիները» հարցին «Իսարմ» ընկերության ներկայացուցիչ Պատվական Միհրանյանը պատասխանեց, որ ընկերությունը 2005-ին ուներ 5 երթուղի, որոնցից 1-ը փակվեց, քանի որ ոչ շահութաբեր էր, եւ իրենք դեռեւս 2008-ից դիմում են սակագնի վերանայման համար: Եթե սակագինը մնա նույնը, ապա հնարավոր չի լինի այլ երթուղիները եւս սպասարկել, եւ դրանք նույնպես կփակվեն: «Ուրեմն ոտքո՞վ երթեւեկենք», հարցադրում արեց նա: