ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան տարածքում պայթուցիկ նետած անձանցից երկրորդ անձին իրավապահները հայտնաբերել են ու խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փորձեցինք տեղեկությունը պարզել ՆԳՆ-ից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ երկրոդ անձը եւս հայտնաբերվել է եւ կալանավորված է:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվածները խոստովանել են, որ իրենք են պայթուցիկը նետել, ըստ նախնական նրանց բացատրության՝ այդ քայլին գնացել են ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին սթափեցնելու համար:
Հիշեցնենք, որ Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթուցիկ էր պայթել: Վերոնշյալ հասցեի բնակիչ Արթուր Բաղդասարյանի բակում ենթադրյալ հանցագործները պայթուցիկ նյութ էին նետել: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնել էր, որ դեպքը ոչ իր հարազատների, ոչ ընտանիքի անդամների հետ չի կարող առնչություն ունենալ: Ավելին՝ վստահեցրել էր, որ դեպքից առաջ որեւէ միջադեպ չի եղել, որից դրդված ենթադրյալ հանցագործները կարող էին գալ ու իր բակ պայթուցիկ նյութ նետել: Իսկ թե ինչի են հատկապես իր բակ նետել, Արթուր Բաղդասարյանը նշել էր, որ միգուցե կատարվածը թյուրիմացություն է ու ամեն ինչ կպարզեն իրավապահները:Եվ ահա իրավապահ համակարգում նախնական տեղեկություներ կան, որ պայթուցիկը սխալմամբ է հայտնվել Արթուր Բաղդասարյանի բակում եւ այն ուղղված է եղել անձամբ ՔՊ-ական պատգամավորի դեմ, որի բնակարանը վերոնշյալ հատվածում է: