Ինչպես տեղեկացանք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունից, երեկ Երեւանում ՀԱԳՄ թեթեւ արդյունաբերության ճյուղային միությունը բացեց Հայաստանում թեթեւ արդյունաբերական արտադրանքի «Պատրաստված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը: Այստեղ վաճառվում են միայն Հայաստանի Հանրապետությունում արտադրվող բարձրորակ հագուստ, կոշիկ, գուլպեղեն եւ այլն: Այն գտնվում է Տիգրան Մեծի 20 հասցեումՙ «Տաշիր» հանրախանութի դիմաց եւ «Սիլաչի» հյուրանոցի հարեւանությամբ: Այստեղ վաճառվում են հայկական «ՏՈՍՊ», «ԼՅՈՒՔՍ», «ԼԻԴԱ», «ՄԵԼԱՆՏԵ» եւ «ԱՐՏՍՈՔՍ» ընկերությունների արտադրանքը: Հավանական է, որ նմանատիպ սրահներ կբացվեն նաեւ հանրապետության այլ բնակավայրերում:
«Հետաքրքրությունը մեծ է, գնորդներին բացատրելու հարկ չի լինում: Նրանք հրաշալի տարբերում են մեր վարպետների պատրաստած բարձրորակ արտադրանքը հատկապես Թուրքիայից եւ Չինաստանից կիլոգրամներով ներկրվող էժանագին, բայց շուտ շարքից դուրս եկող ապրանքներից: Այս արտադրանքը գնելով մենք զորակցում ենք հայրենական արտադրողին, նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանըՙ դրան ածանցյալ բոլոր դրական հետեւանքներով», ասված է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության հաղորդագրության մեջ: