ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է կրթության ու գիտության նախարարություն, հանդիպել նախարարության ղեկավար կազմի հետ: Նախագահի այցին երեկ անմիջապես հաջորդեց կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի ասուլիսը:
Խոսելով մասնավորապես նախագահի այցից` Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագահի ծրագրած գերատեսչական հանդիպումների շարքը մեկնարկել է կրթության ու գիտության նախարարությունից: Երկրի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում, ըստ նախարարի, բացի կրթությանը վերաբերող հարցերից, քննարկվել են նաեւ այլ հարցեր` ընդհուպ արծարծվել են պետական ապարատի հետագա բարեփոխումներին կապված խնդիրները:
Ասուլիսի ընթացքում առաջինը անդրադարձ եղավ 5 բուհերի վարձավճարների բարձրացման հարցին, որն ամենից շատն էր հետաքրքրում լրագրողներիս: Վարձավճարները բարձրացնելու մասին բուհերի որոշումը մնում է անփոփոխ: Իսկ նախարար Աշոտյանի պատասխանը հետեւյալն էր. «Մեր բանաձեւը մնում է նույնը` լավ սովորող ոչ մի ուսանող չպետք է զրկվի կրթության իրավունքից սոցիալական պատճառներով»: Բայց նախարարը նշում է` եթե տվյալ բուհն ավելի լավն է, ապա պատրաստ եղեք լավի գինը վճարել:
Իսկ բուհերում վարձավճարների ավելացմանն ուղղված հասարակական դժգոհությունը նախարար Աշոտյանը ընդվզում չի համարում. «Կան հասարակական մի շարք խմբեր, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում: Կարծում եմ` այս դեպքում պետական մարմին եւ շահառու խմբեր երկխոսությունը շատ արդյունավետ է եւ կարեւոր, եթե, իհարկե, բոլոր կողմերն ազնիվ են իրենց իրական ցանկությունների մեջ եւ իրենց իրականում հետաքրքրում է խնդրի կարգավորումը, այլ ոչ թե խնդրի առկայությունը որպես ինքնակայացման կամ քաղաքական շրջանակների սպասարկման աղբյուր»:
Հայաստանում բարձրագույն կրթության որակը, նախարարի բնութագրմամբ, այսօր շատ խայտաբղետ է` կան եվրոպական լավագույն փորձին համապատասխան ծրագրերից մինչեւ «հնամաշ» կրթական ծրագրեր. «Ունենք բուհեր, ֆակուլտետներ, որոնց մատուցած կրթական ծառայություններն ամոթ չէ ներկայացնել արտերկրում, եւ դրանք հետաքրքրական են նաեւ արտասահմացի ուսանողներին: Բայց ունենք կրթական ծրագրեր, որոնց պիտանելիության ժամկետն արդեն անցել է»: Այնուամենայնիվ, բարձրագույն կրթության որակի մեջ ամենակարեւոր բաղադրիչը, ըստ նախարարի, ուսանողի` լավ սովորելու բնական մոտիվացիան է:
Երեկվա հանդիպման ընթացքում նախագահին ներկայացվել են նաեւ միջնակարգ կրթության խնդիրները: Սոցհարցումները ցույց են տվել` եթե խոսքը հանրակրթության մասին է, ապա մարդիկ դժգոհում են նախ 12-ամյա կրթությանն անցնելուց, ապա ավագ դպրոցների համակարգից, եւ միայն երրորդ տեղում նշել են կոռուպցիայի խնդիրը: Արմեն Աշոտյանը թեեւ համաձայնում է, որ 12-ամյա կրթությունն իր բովանդակային առումով շտկման կարիք ունի, բայց նշում է. «Մենք անցել ենք 12-ամյա կրթության 2006 թվականին, այսինք` մինչեւ 2018 թիվը չենք ունենալու 12-ամյա կրթությամբ որեւէ շրջանավարտ: Այս դեպքում ո՞նց եք ասում, որ 12-ամյա կրթությունը վատ է, երբ դրա պտուղը դեռ չեք քաղել»: Ամեն դեպքում նախարարն ընդունում է, որ ուսուցիչները վերապատրաստման, իսկ նյութատեխնիկական բազան բարելավման կարիք ունեն, եւ այս պայմաններում կրթության ոլորտի մասնագետները եւ ոչ մի հարցում իրար հետ լեզու չեն գտնում: