Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը երեկ Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու եւ Հին Երեւանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչեց բացառիկ` գերակա հանրային շահ: Ավելի վաղ նշված եւ Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով եւ Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կառավարության որոշումներով, «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը նշված տարածքների ձեռքբերողն է եւ կատարել է օտարման գործընթացներ:
Մեկ այլ որոշմամբ էլ գերակա հանրային շահ ճանաչվեց Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ: Դա հնարավորություն կտա ավարտին հասցնելու քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երեւանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդը եւ Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու եւ Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը: