Վերջերս ռուսական մամուլից մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ ընդգրկվել է «Ռուսաստանի ոսկե անուններ» ռեգիստրում:
Նախագիծը ստեղծվել է երկրի վաստակավոր մարդկանց մասին պատմելու նպատակով, եւ, առավելապես այն մարդկանց մասին, ովքեր նպաստել են Ռուսաստանի ժառանգության ամրապնդմանը, մոռացության փոշուց պատմական իրադարձությունները փրկելու, վերականգնելու եւ եկող սերունդներին փոխանցելու գործին, ազգային ինքնության եւ հայրենասիրության զարգացմանը: Ես իմ կողմից կավելացնեի` հայ ժողովրդի պատմությանը նույնպես:
Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերարին «Ռուսաստանի ոսկե անուններ» գրանցամատյանում ներառելուն աջակցել են Ռուսաստանի հերոսների ասոցիացիան եւ անձամբ Ռուսաստանի հերոսներ Անատոլի Զայցեւը եւ Վալերի Չուխվանցեւը:
Մինչ այդ, դարձյալ ռուսական լրատվամիջոցներից մենք տեղեկացել էինք նաեւ, որ 2023 թվականի նոյեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Արգումենտի ի ֆակտի» հրատարակության հայտարարած մրցանակաբաշխության հավակնորդների տոնական մրցանակաբաշխությունը:
Միջոցառման հյուրերի թվում էին բիզնեսի, մշակութային համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բարեգործական եւ հասարակական կազմակերպությունների անդամներ:
Մրցույթի կազմակերպիչները հանդիսավոր արարողությամբ հայտարարեցին «Շինարարություն», «Բժշկություն», «Ֆինանսական-ապահովագրական ծառայություններ», «Հյուրընկալություն», «Սննդի արդյունաբերություն», «Ոչ պարենային արդյունաբերություն» եւ «Լավագույն ցանցային խանութ» անվանակարգերում հաղթողներին:
Կազմկոմիտեն սահմանել էր նաեւ հատուկ մրցանակ երեք անվանակարգերում՝ «Տարվա բացահայտում», «Լավագույն սոցիալական նախագիծ» եւ «Քաղաքային ոճ»:
«Տարվա բացահայտում» մրցանակը նվաճել է Հրաչյա Պողոսյանի ջանքերով կյանքի կոչված «Պահպանելով հիշողությունը» թանգարանը:
Մրցանակը թանգարանի ղեկավար եւ բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանին հանձնեց «Արգումենտի ի Ֆակտի-Սանկտ Պետերբուրգ» հրատարակության գլխավոր տնօրեն եւ գլխավոր խմբագիր Ալինա Կլիմենկոն:
Ողջույնի խոսքում Հրաչյա Պողոսյանը երախտագիտության խոսքեր հայտնեց բոլորին, ովքեր աջակցել են նրա գործունեությանը.
– Շատ գոհ եմ, որ մեկ ամիս առաջ իմ եւ իմ հիմնադրամի ջանքերով կյանքի կոչված ցուցահանդեսը դարձել է տարվա բացահայտումը, հայտնագործությունը,-ասաց բարերարը: – Օգտվելով առիթից՝ բոլորին հրավիրում եմ մեր թանգարան, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի հենց կենտրոնում՝ Տավրիչեսկայա փողոց, 45 հասցեում: Մուտքն ազատ է: Համոզված եմ, որ ցուցահանդեսը կհետաքրքրի բոլոր տարիքի մարդկանց: Կրկին շնորհակալություն այս մրցանակի համար: Հատուկ շնորհակալություն Ալինա Սերգեեւնա Կլիմենկոյին՝ երկար տարիների աջակցության եւ բարեկամության համար:
Պատվավոր բարերարը նաեւ հարցազրույց է տվել միջոցառումը լուսաբանող Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքի նկարահանող խմբին, որում ավելի մանրամասն խոսել է նոր մշակութային տարածքի առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ նշել է բոլորին, ովքեր ներգրավված են այդ տարածքի ստեղծման մեջ:
Հրաչյա Պողոսյանին պարգեւատրելու կապակցությամբ նրան շնորհավորելու էին եկել նրա ընտանիքի անդամներն ու մտերիմները:
Պաշտոնական մասից հետո բոլոր հյուրերին հյուրասիրեցին ծննդյան տորթով եւ երաժշտական ծրագրով:
Ինչպես «Ազգ»-ի ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք՝ 2023 թ. հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացվել էր «Պահպանելով հիշողությունը» անունը կրող պատմության նոր թանգարան, որը մտահղացել էր մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, արվեստի պատվավոր հովանավոր Հրաչյա Պողոսյանը:
«Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 20-ին «Պահպանելով հիշողությունը» թանգարան է այցելել Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի նախագահի տեղակալ Անտոն Ալեքսանդրովը:
Թանգարանի նախասրահում հյուրին դիմավորում են երեք ինտերակտիվ էկրաններ: Առաջինը պատմում է շենքի պատմության մասին, որում գտնվում է թանգարանը: Երկրորդը տանում է դեպի բարեգործական հիմնադրամի կայք: Երրորդը պատմում է հիմնադրամի ամենախոշոր նախագծերից մեկի ՝ «Մեր դպրոցի հերոսները» ծրագրի մասին:
Հյուրին ներկայացնում է նաեւ ընթացիկ նախագծի մասին, որը կյանքի կկոչվի մինչեւ 2024 թվականի հունիսը: Խոսքը Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատանը հանգչող 19-րդ դարի նշանավոր բժիշկ Ֆյոդոր Գեյրոտի գերեզմանում տեղադրվելիք հուշատախտակի հուշարձանի պատրաստման մասին է: Նախագիծն իրականացվում է ՌԴ ՊՆ գլխավոր ռազմաբժշկական տնօրինության ղեկավար Դմիտրի Տրիշկինի խնդրանքով դիմումով:
Չնայած այն հանգամանքին, որ սա Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի նախագահի տեղակալի առաջին այցելությունն էր թանգարան, Անտոն Ալեքսանդրովը վաղուց ծանոթ էր Հրաչյա Պողոսյանի գործունեությանը: Օրինակ, մշակույթի կոմիտեի նախագահի տեղակալը նախկինում ներկա էր գտնվել բարերարի ջանքերով ստեղծված Ֆեոդոր Դոստոեւսկու կիսանդրու բացմանը Ռուսաստանի քրիստոնեական մարդասիրական ակադեմիայում: Կիսանդրին դարձավ Հրաչյա Պողոսյանի խորհրդանշական նվերը մեծ գրողի անունը կրող ուսումնական հաստատության 34-ամյակի կապակցությամբ: Նաեւ Հրաչյա Պողոսյանը եւ Անտոն Ալեքսանդրովը հանդիպել էին «Նեւսկի Բլագովեստ» քրիստոնեական ֆիլմերի միջազգային փառատոնում:
Էքսկուրսիայի ընթացքում Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի նախագահի տեղակալը հատուկ ուշադրություն է դարձրել Հայրենական մեծ պատերազմին վերաբերող հատվածին:
Ցուցահանդեսն սկսվում է Կիրովսկում կանգնեցված կայսր Պետրոս Առաջինի հուշարձանի պատճենով: Հրաչյա Պողոսյանը վերստեղծել է հուշահամալիրը՝ ի նշան երախտագիտության հայ ժողովրդի նկատմամբ կայսեր ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի: Նրա տասից ավելի հրամանագրերը վերաբերում էին հայերի բարեկեցությանը:
Թանգարանում կարելի է տեսնել Նիկոլայ Գումիլյովի խորաքանդակը, Ֆյոդոր Դոստոեւսկու եւ մեծ իշխան Նիկոլայ Միխայլովիչի կիսանդրին:
Ցուցահանդեսի կենտրոնական մասը զբաղեցնում են Հայրենական մեծ պատերազմին նվիրված նախագծերը: Դրանց թվում է «Լենինգրադցիների արիության» հուշարձանը՝ խճանկարային վահանակ, նվիրված 1941 թ. հոկտեմբերի 14-ին Տիխվինի երկաթուղային կայարանում զոհված Լենինգրադի երեխաներին: Խորհրդային զինվորների հուշարձանը, ի դեպ, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայրենական մեծ պատերազմի զինվորների հիշատակի առաջին հուշահամալիրն է:
Թանգարանի նույն հատվածում կա Ամուրի մարտիկների, ինչպես նաեւ Սուհո կղզու հերոս պաշտպանների հուշարձանը: Թանգարանում ցուցադրված են նաեւ իրական մասունքներ, ինչպիսիք են Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովի աշխատանքային գրքույկը եւ 1941-1942 թվականներին օգտագործած նրա զինվորական պայուսակը՝ պլանշետը:
Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Լենինգրադի պաշտպանության համար» բնօրինակ մեդալը եւ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի անձնական իրը՝ տանկի ժամացույցը: Թանգարանն ունի նաեւ նեկրոպոլիսների քարտեզ, որի վերականգնումն ու ստեղծումը ֆինանսավորել է Հրաչյա Պողոսյանը: Ընդհանուր առմամբ՝ ցուցահանդեսը պարունակում է մոտ 60 ցուցանմուշ:
«Այս հուշարձանը արվեստի կատարյալ գործ է»,- նշել է Անտոն Ալեքսանդրովը՝ խոսելով Սուհո կղզու պաշտպաններին նվիրված հուշահամալիրի մասին:
Իսկ, ընդհանրապես, նորաբաց ցուցահանդեսի վերաբերյալ հյուրը կարծիք հայտնեց, որ այն մեծ նվեր է երեխաների եւ մատաղ սերնդի համար, եւ հիանալի հնարավորություն է ստեղծված դպրոցականների համար:
Հիմնադրամի աշխատակազմը մեծ ցանկություն է հայտնել, որ թանգարանն ընդգրկվի քաղաքային ծրագրում:
«Մեզ համար իդեալական կլիներ, եթե, օրինակ, հարեւան մարզերից Սանկտ Պետերբուրգ այցելության եկած երեխաները կազմակերպված այցելեին թանգարան՝ քաղաքի այլ տեսարժան վայրերի հետ մեկտեղ: Շատ լավ կլիներ, որ մենք ընդգրկվեինք քաղաքային ծրագրում, եւ դպրոցականների խմբերին հյուրընկալեինք, օրինակ, ճաշի ժամին, որպեսզի ցուցահանդես այցելելուց հետո, ի թիվս այլ բաների, նրանց համար ճաշ կազմակերպենք: Մենք պատրաստ ենք էքսկուրսիաներ կազմակերպել տարբեր ուղղություններով: Ավագ դպրոցի սովորողների համար կարող ենք անցկացնել պատմության բաց դասեր: Բացի այդ, մենք ունենք վավերագրական ֆիլմերի հսկայական հավաքածու, որոնք կարող են դիտել մեծ էկրանին հենց թանգարանում»,- ասաց թանգարանի էքսկուրսավար Դարիա Արկատովան:
«Պահպանելով հիշողությունը» թանգարանի հետ փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով Անտոն Ալեքսանդրովը պատրաստակամություն է հայտնել բոլոր առաջարկությունները քննարկել թանգարանային բաժնի գործընկերների, ինչպես նաեւ այլ թանգարանների ղեկավարության հետ:
Մենք տեղեկանում ենք նաեւ, որ վերջերս Սանկտ Պետերբուրգում լույս է տեսել մեր նշանավոր հայրենակից Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին պատմող ծավալուն գիրք:
Հրաչյա Պողոսյանը Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար է, Լենինգրադի մարզի Կիրովի շրջանի պատվավոր քաղաքացի, Ամուրի շրջանի Ցիոլկովսկի քաղաքի պատվավոր քաղաքացի, Հայաստանի Հանրապետության Ագարակ եւ Ծավ գյուղերի պատվավոր քաղաքացի, Սանկտ Պետերբուրգի «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» հասարակական կազմակերպության, Կիրովսկի պաշարված Լենինգրադի բնակիչների տարածաշրջանային եւ Լենինգրադի պատերազմի վետերանների միավորումների պատվավոր անդամ…
527 էջանոց գիրքը պատմում է երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում կյանքի կոչված հսկայածավալ ու բազմաբովանդակ այն նախագծերի մասին, որոնցում Հրաչյա Պողոսյանը ներդրել է ոչ միայն իր անձնական միջոցները, այլեւ իր հոգին ու մտքի թռիչքը:
Իր գործունեության ընթացքում Հրաչյա Պողոսյանի բարեգործությունն ընդգրկել է միլիոնավոր մարդկանց կյանքեր եւ ճակատագրեր, շոշափել կյանքի բոլոր ոլորտները՝ ծովերից եւ օվկիանոսներից մինչեւ տիեզերք: Դրանք վերաբերվում են ռազմական արդյունաբերությանն ու արվեստներին, իրավունքին եւ լրագրությանը, դիվանագիտությանն ու զինագործությանը, բեւեռախույզներին եւ սրբերին, կայսրերին եւ նրանց ընտանիքների անդամներին:
Հիմնադրամի նախագծերը պատմում են մարդկանց ճակատագրերի մասին՝ քննիչից մինչեւ բանաստեղծ, բժշկից մինչեւ հոգեւորական, գրողից մինչեւ արվեստագետ, գեներալիսիմուսից մինչեւ հասարակ զինվոր: Շնորհիվ Հրաչյա Պողոսյանի՝ այդ մարդկանց անունները դարերով հավերժանում են՝ ի հիշատակ ապագայի եւ գալիք սերունդների:
Երկար տարիների ընթացքում՝ Ռուսաստանում, Հայաստանում եւ արտերկրում մեծ հարգանքի եւ ճանաչման արժանացած Հրաչյա Պողոսյանի ու նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 400 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող կոթողներ, իրականացվել եւ կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 200-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են:
Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր:
Վերը հիշատակած շուրջ 400 բարեգործական ծրագրերից ավելի քան 130-ն առնչվում են հայկական մշակույթին, որոնք իրականացվել են Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Դրանք հուշարձաններ են, գրքեր, ֆիլմեր եւ մեր պատմությանն ու մշակույթին վերաբերվող բազմաթիվ այլ ուշագրավ գործեր: 2014 թվականին նախագահի կողմից պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
Մեկ անգամ եւս ցանկանում եմ հիշեցնել, որ 2018 թվականին Հրաչյա Պողոսյանի ջանքերով եւ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայաստանի Հանրապետության եւ Երեւանի դրոշները ուղարկվել էին տիեզերք, մոտ 200 օր միջազգային տիեզերական կայանում մնալուց հետո դրոշները բերվել էին Հայաստան: Հրաչյա Պողոսյանը եւ ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շլապլերովը Ագարակ գյուղում ՀՀ դրոշը հանձնեցին ՀՀ վարչապետին, իսկ ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ միասին Հրաչյա Պողոսյանը Երեւանի դրոշը փոխանցեց Երեւանի քաղաքապետին:
Նշենք նաեւ, որ Հրաչյա Պողոսյանի միջոցներով 2021 թվականին բացվեց 44 oրյա պատերազմում զոհված Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 26 մարզիկներին նվիրված հուշարձանը:
Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր՝ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել, Սիրիա:
Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ արել է սիրով ու նվիրումով, եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի, նրա անձնական միջոցների: իր անունը կրող հիմնադրամի գումարներով:
Հրաչյա Պողոսյանը մի մեծ համոզմունք ունի` վերաբերվել ծննդավայրին եւ Հայրենիքին այնպես, ինչպես սեփական տանը: Նա նաեւ փորձում է կապ ստեղծել անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ, վեր հանել անարդարացիորեն մոռացված իրողությունները, որպեսզի սերունդները տեսնեն եւ գնահատեն կատարված գործերը եւ էստաֆետը փոխանցեն հաջորդ սերունդներին:
Իր սխրանքներով ու բազում երեւելի գործերով հայտնի հերոս քաղաք Սանկտ Պետերբուրգը դարերից եկեղ գեղեցիկ ավանդույթներ ունի: Այդ ավանդույթներից մեկն էլ, որ մինչ օրս պահպանվում է, քաղաքի տարեգրության մեջ արժանի հետք թողած, երեւելի գործերով աչքի ընկած մարդկանց ըստ ամենայնի մեծարելն է: Եվ պատահական չէր, որ 2022 թ. ապրիլի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողովում հանդիսավորապես հրապարակվեց մի աննախադեպ որոշում, որի համաձայն՝ պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից Հրաչյա Պողոսյանի անունը կրող բարեգործական հիմնադրամն արժանացավ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար տիտղոսին: Ասում ենք աննախադեպ, քանի որ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը քաղաքի պատմության մեջ դարձավ առաջին իրավաբանական միավորումը, որին շնորհվեց նման պատվավոր կոչում:
«Կյանքն ապրել մարդկանց հանդեպ նվիրումով եւ թողնել հետագիծ՝ նշանակում է ձեռք բերել անմահություն». գիրքն ավարտվում է Հրաչյա Պողոսյանի այս խոսքով: Իրականում՝ բավականին աշխատանք է արվել, եւ դեռ ինչքա՞ն է սպասվում… եւ զուր չէ, որ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերարի աշխատանքը գնահատվում է բազմաթիվ երկրների ամենաբարձր մակարդակներով:
Ասվածի վկայությունները կյանքի կոչված հարյուրավոր ինքնատիպ գործերն են:
Անսպառ եռանդ, հաջողություններ եւ նորանոր գեղեցիկ գործերի իրականացում ցանկանանք մեր արժանապատիվ հայրենակցին:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից