ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կյանքի վերջին օրերըՙ առանց ցավի
Անբուժելի հիվանդի կյանքի վերջին օրերն առանց ցավի անցկացնելու համար մեր երկրում ներդրվում է պալիատիվ բուժօգնությունը:
Հիվանդների իրավունքների եվրոպական խարտիայի համաձայնՙ բուժօգնություն ստանալիս հիվանդի կարեւորագույն իրավունքներից է ցավից եւ տառապանքներից զերծ մնալու իրավունքը: Այդ իրավունքի իրականացման գործում կարեւորագույն խնդիր է անբուժելի հիվանդների հակացավային բուժման կազմակերպումը:
Անբուժելի հիվանդի կյանքի վերջին ամիսները, օրերը առանց ցավի, տառապանքի անցկացնելու համար մեր երկրում քայլ առ քայլ ներդրվում է պալիատիվ (ամոքիչ) բուժօգնությունը: Պալիատիվՙ ամոքիչ բուժօգնության նպատակն է բարելավել հիվանդի կյանքի որակը, նրա կյանքի տերմինալ փուլում:
«Կյանքի սահմանային վիճակում գտնվող եւ մահացու հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր հիվանդ, որը ցավային համախտանիշ ունի, պալիատիվ օգնության իրավունք ունի»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը : Ըստ նրաՙ այդ հիվանդները հիմնականում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդիկ են, որոնք նաեւ սոցիալական-հոգեբանական աջակցության կարիք ունեն: Պարոն Քրմոյանի ներկայացմամբՙ 2012 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ կառավարությունը պալիատիվ բուժօգնության ներդրման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ է ընդունել, որով հավանություն է տրվել ամոքիչ բժշկական օգնության հայեցակարգին եւ հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին, ինչը թույլ է տվել շարունակել այդ հարցի կանոնակարգման աշխատանքները, սահմանել պալիատիվ օգնության ուղղությունները: Պալիատիվ բժշկությունը, որպես բուժօգնության տեսակ, նոր երեւույթ է: Զարգացած երկրներում այն արդեն ներդրված է: Բուժօգնության այս տեսակը Հայաստանում դեռեւս զարգացման կարիք ունի: ԱՆ մասնագետի խոսքերովՙ կառավարության ընդունած հայեցակարգին զուգահեռ, Գլոբալ ֆոնդի եւ Հայաստանում գործող Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ նախարարությունն իրականացնում է նախատեսված միջոցառումները: Արդեն շուրջ երկու տարի, մասնավորապեսՙ Արարատում, Վանաձորում, Երեւանի ուռուցքաբանության ազգային կենտրոնում եւ համալսարանական «Մուրացան» հիվանդանոցում, որպես պիլոտային ծրագիր, փորձարկվում է պալիատիվ բուժօգնության ծառայությունների մոդելը: Ծառայությունների փաթեթը, ինչպես Սուրեն Քրմոյանն է ներկայացնում, հիվանդի հարազատներին նույնպես սոցիալ-հոգեբանական աջակցություն է ներառում. «Մարդը, երբ ծանր վիճակում է, ստանում է ցավազրկող դեղեր, եւ նրա կյանքի վերջին փուլը շատ ծանր է անցնում, այդ մարդու ամբողջ ընտանիքը սթրեսային վիճակում է լինում: Պալիատիվ բուժօգնության ներդրումը թույլ կտա ոչ միայն մեղմել այդ ցավային համախտանիշը, այլեւ ապահովել, որ մարդը, այդ սահմանային վիճակում գտնվելով, կարողանա իր կյանքի վերջին ժամանակաշրջանը ապրել արժանապատիվ, շփվելով շրջապատի հետ, ինչու չէՙ նաեւ աշխատել: Օգնություն կցուցաբերվի նաեւ ընտանիքի անդամներին, որպեսզի այդ փուլում սթրեսային վիճակ չլինի, որպեսզի հարազատները ոչ թե զուտ նստեն եւ խոսեն անկողնուն գամված հիվանդի կողքը, այլ լիարժեք շփվեն իրենց հարազատի հետ: Ժամանակակից բժշկության նվաճումները հիվանդի կյանքի այդ փուլում թույլ են տալիս ապահովել այնպիսի վիճակ, որ մարդը գրեթե առանց ցավի կարողանա հաղթահարել այդ փուլը, նաեւ ստանալ համապատասխան սոցիալական օգնություն»:
Պարոն Քրմոյանի խոսքերովՙ քաղաքակիրթ բժշկության այս տեսակի մասին այսօր շատ մարդիկ տեղյակ չեն. «Չգիտեն, որ կան մասնագետներ, որոնք համապատասխան աջակցություն կցուցաբերեն կյանքի ծայրահեղ ծանր շրջանում գտնվող մարդկանց: Մարդկանց իրազեկելու նպատակներից մեկն էլ դա էՙ ստեղծել այդ ծառայությունների պահանջարկ: Փորձում ենք ֆինանսներ հայթայթելՙ ազգաբնակչության համար կարճ տեսահոլովակներ պատրաստելու համար: Նաեւ նախատեսում ենք հոսպիսային կենտրոններ ստեղծել, որոնք մասնագիտացված կլինեն այդ ծառայությունների մատուցման մեջ»:
Պալիատիվ բուժօգնությունը մեր երկրում զարգացնելու նպատակով համապատասխան կրթական ծրագրեր է մշակվել. Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ հետբուհական կրթություն իրականացնող հաստատություններում բժիշկներին կդասավանդվեն այդ ունակությունները:
ԱՆ մասնագետները, ուսումնասիրելով Եվրոպական միության օրենսդրությունը, պարզել են, որ հիվանդի կարեւորագույն 14 իրավունքների թվում ամենակարեւոր տեղը զբաղեցնում է ցավից, տառապանքից զերծ մնալու իրավունքը, այսինքն, ըստ պարոն Քրմոյանի, մարդը բուժօգնություն ստանալիս պետք է ցավից ու տառապանքից հնարավորինս զերծ մնա: Պալիատիվ բուժօգնությամբ հիվանդին տրվող որոշ դեղամիջոցներ թմրանյութի պարունակությամբ են: Սուրեն Քրմոյանի խոսքերով. «Թեեւ մեր երկրում մենք շատ հաճախ խոսում ենք թմրամիջոցների չարաշահման վտանգի մասին, բայց դրա հակառակ կողմն էլ կա. թմրամիջոցների հասանելիություն այն հիվանդներին, որոնք դրա կարիքն ունեն: Մենք կարեւորում ենք այդ իրավունքի իրականացումը մեր երկրում: Հայաստանը, զարգացած երկրների համեմատությամբ, օրինական շրջանառության մեջ գտնվող թմրամիջոցների վրա անհամեմատ քիչ է ծախսում: Օրինակՙ զարգացած երկրներում ցուցանիշը մեկ եւ ավելի միավոր է մի բնակչին, եթե մենք ունենք 3 միլիոն բնակչություն, պետք է տարեկան երեք միլիոն ծախսենք, սակայն մեր ծախսը անհամեմատՙ մոտ տասն անգամ քիչ է, ինչը նշանակում է, որ մենք քիչ ենք ծախսում ցավի համախտանիշը մեղմելու համար: Ճիշտ է, մենք ցայտուն դեպքեր չունենք, որ մարդը թմրամիջոց չի ստանում, բայց եթե ծախսը քիչ է, նշանակում է, որ բժշկական առումով մարդկանց համար հասանելության խնդիր կա»:
Սուրեն Քրմոյանի ներկայացմամբՙ այժմ կառավարությունն աշխատում է առկա օրենսդրական խնդիրները լուծելու, համապատասխանեցնելու ուղղությամբ, որպեսզի մարդը կարողանա այդ թմրամիջոցները ստանալ. «Միեւնույն ժամանակ այնպիսի մեխանիզմներ պետք է ներդնենք, որպեսզի բացառենք այդ թմրամիջոցների մուտքը օրինական շրջանառությունից ապօրինի շուկա»:
Պիլոտային ծրագրով նաեւ բժիշկներ են վերապատրաստվել, որոնց մի մասն իրենց պրակտիկան անցել են արտերկրում:
Ս. Քրմոյանն ասում է, որ մեր երկիրն ընտրելու է պալիատիվ բուժօգնության ծառայությունը մատուցելու ֆինանսապես ավելի մատչելի մոդելը, որը, ԱՆ մասնագետների կարծիքով, տնային բուժման տարբերակն է. «Հիվանդանոցային օրերն ավելի թանկ են: Մենք այդ մասնագետներին պատրաստելով կկազմակերպենք այդ հիվանդների բուժումը եւ համապատասխան սոցիալական միջոցառումները տան պայմաններում, որն ավելի մատչելի կլինի եւ հնարավորություն կտա բյուջետային որոշակի ծրագրերով սկսելու այն իրականացնել»:
ԱՆ մասնագետի խոսքերովՙ այսօր նախարարությունն իր առաջ խնդիր է դրել այդ ծառայությունները տարածել ողջ հանրապետությունով, չնայած համապատասխան մասնագետների կարիք կա. «Այսպես թե այնպես, մենք դեռեւս չենք կարողանալու այդ մասնագետների առկայությունն ապահովել յուրաքանչյուր գյուղում, այդ պատճառով ընտանեկան բժիշկը պետք է բավարար կրթություն ունենաՙ անհրաժեշտության դեպքում իր ավելի հմուտ կոլեգաների, որոնք պալիատիվ բուժօգնության մասնագետներ են, խորհրդակցելով իր համայքնի բնակչի հակացավային ամոքիչ օգնությունը կազմակերպելու: Այսինքնՙ մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր ազգաբնակչությունն իր իրավունքները պաշտպանի եւ ծայրահեղ ծանր վիճակում հնարավորինս զերծ մնա ցավից ու տառապանքներից եւ արժանավայել ապրի, թեկուզ իր կյանքի վերջին շրջանը»: