Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ԱԺ-ում լսումներից հետո գուցե կատարելագործվի օրինագիծը»

«Ազգ»-ի զրուցակիցն է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ցոլակ Ակոպյանը

«Հայաքվե» նախաձեռնությունն արդեն Ազգային ժողովում է, այսօր խորհրդարանում այս թեմայով լսումներ են: Ի՞նչ ակնկալիքներ կան խորհրդարանականներից կամ ԱԺ եկող հյուրերից: Մտածում եք` անախագիծը լրացնող դիտարկումներ կլինե՞ն:

– Հանրային լսումների արդյունքում ակնկալում ենք լսել մասնագետների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքները նախաձեռնության մասին: Կարծում եմ, որ հանրային լսումները ժողովրդավարության լավագույն գործիքներից է ավտորիտար դարձող մեր երկրում: Ինչու ոչ, հանրային լսումների արդյունքում միգուցե կկատարելագործվի նաեւ օրենքի նախագիծը:

Կա քննադատություն, որ նախաձեռնությունը ժամանակավրեպ է, քանի որ Արցախն այլեւս հայաթափված է, հետեւաբար` ո՞ւմ է վերաբերելու օրենքը, եթե անգամ կյանքի կոչվի:

– Համաձայն չեմ այն մոտեցման հետ, թե նախաձեռնությունը ժամանակավրեպ է: Այսօր, երբ ավելի քան հարյուր հազար արցախցի տեղահանվել է իր պատմական բնօրրանից, այն առավել քան արդիական է: Պատմական հայրենիքին տեր կանգնելու գաղափարը երբեք չի կարող ժամանակավրեպ լինել: Այն արդիական է նաեւ նրա համար, որ ամեն ինչ զիջելու պատրաստ մեր իշխանությունները պատրաստվում են խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այսօր Հայաստանը Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել միայն հայտարարության տեսքով: Պետք է թույլ չտալ, որ կնքվելիք պայմանագրում նման ձեւակերպում մտցվի, որպեսզի հետագայում կարողանանք պայքարել Արցախի կարգավիճակի համար:

Նախաձեռնության անդամներն անդադար խոսում են միայն Արցախի մասին` ասես ստվերելով Ցեղասպանության հատվածը: Ի՞նչ կոնկրոտ կետեր կան այս մասով:

– Այո, ճիշտ եք նկատել, նախաձեռնությունը երկու փոփոխություն է առաջարկում իրականացնել ՀՀ քրեական օրենսգրքում: Փոփոխության երկրորդ կետը պատիժ է սահմանում Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանությանից հրաժարվելու, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու կամ դրա վտանգավորությունը նսեմացնելու համար: Ցավոք, սրա մասին շատ ավելի քիչ է խոսվում: Հայ ժողովուրդը իրավունք չունի մոռանալու իր պատմությունը, մանավանդ այն պարագայում, երբ այսօր էլ ենք կանգնած ցեղասպանվելու վտանգի առաջ, ինչին ականատես եղանք սեպտեմբերի վերջին Արցախում:

Ի վերջո ո՞րն է հարցի պատասխանը, որ իրավական նախաձեռնությունն առաջ եք տանում քաղաքական, ավելին` Փաշինյանի անվստահության օրակարգով:

– Կարծում եմ, որ Ազգային ժողովի կողմից նախագիծը մերժելը պետք է բերի ոչ միայն կառավարության հրաժարականին, այլ նաեւ գործող խորհրդարանի լուծարմանը, քանի որ Ազգային ժողովի 3 խմբակցություններն էլ 2021-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ իրենց ծրագրերում խոսել են Արցախի կարգավիճակի եւ այդ խնդրի հայանպաստ լուծման մասին: Ընտրողների ճնշող մեծամասնությունն այդ ընտրություններում իր ձայնը տվել է նմանատիպ ծրագրերին, ուստի նախագիծը չընդունվելու պարագայում կառավարության հրաժարականը պահանջելը խիստ տրամանաբանական է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ