ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ ասում է` ցանկալի է, որ Վրաստանի նախագահ դառնա այն թեկնածուն, որը ջերմ հարաբերություններ կպահպանի ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայաստանի գործընկեր պետությունների հետ:
Երեկվա ասուլիսի ժամանակ Տաճատ Վարդապետյանը նաեւ ցանկություն հայտնեց, որ Վրաստանը նույնպես մտնի Մաքսային միություն, որպեսզի տարածաշրջանում տիրի ներդաշնակ մթնոլորտ:
Ասուլիսին նախորդող օրը բանախոսը հեռախոսազրույց էր ունեցել Վրաստանի նախագահի խորհրդականի հետ եւ իմացել, որ 9 թեկնածու պաշտոնապես արդեն գրանցվել են:
Ըստ Տաճատ Վարդապետյանի` դեռ ընդգծված չէ, թե ո՞ր թեկնածուի հանդեպ է վիրահայության համակրանքը: Իսկ թեժ պայքար ներսում կլինի 3 թեկնածուի` Նինո Բուրջանաձեի, Մարգվելաշվիլիի եւ Բագրաձեի միջեւ:
«Վիրահայերի միասնության» նախագահը կարծում է` եթե հաղթանակի վարչապետ Իվանիշվիլիի թիմը, ապա նրանց տված խոստումները կիրականան ավելի վստահ քայլերով, կիրականան նաեւ վիրահայերին տված նրանց խոստումները: Իսկ այսօրվա դրությամբ թեկնածուներից յուրաքանչյուրը կուզենա, որ վիրահայությունը ջերմ լինի իր հանդեպ: Տաճատ Վարդապետյանի փոխանցմամբ` նախորդ ընտրությունների ժամանակ վիրահայությունը համախմբվել է մեկ թեկնածուի շուրջը , բայց այս անգամ պատկերը հակառակն է:
Տաճատ Վարդապետյանը ընտրությունների ելքը չի կանխորոշում, սակայն չի բացառում, որ կարող է լինել նաեւ երկրորդ փուլ, որի ժամանակ ջավախահայերի նախասիրությունները կերեւան ավելի հստակ: