Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես քեզ, դու՝ ինձ

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սկիզբը` նախորդ համարում

Ի՞նչ ռազմաքաղաքական եւ բարոյական միջոցներ կան աշխարհում ցանելու առաքինի, գեղեցիկ, բարեգութ կենսակերպի սերմերը: Լռում եմ, որովհետեւ չգիտեմ: Դուք խոսեք, եթե գիտեք: Դո՞ւք էլ չգիտեք: Բա ո՞վ գիտի: Գոդո՞ն: Սա յոթ օրում նրա շինած աշխարհը չի՞: Թող իզուր չչքմեղանա: «Ամեն ինչ ավերի ու մահվան մեջ է, այստեղից անցել են թուրքերը»: Ես չեմ ասում, որ ինձ չմեղադրեք անձնականության մեջ, ցեղասպանությունից շատ առաջ ասել է Վիկտոր Հյուգոն:

Դարձյալ վերադառնամ «Ես՝ քեզ, դու՝ ինձ» հակաբարոյական բարոյականությանը, որն իմ էսսեում գլխավոր շեշտադրումն է՝ մարդկությանը ոչ պակաս, գուցե առավել սպառնացող երեւույթների շարքում: Հորիզոնական գործողությունից այն արդեն վաղուց բարձրացել է քաղաքական մակարդակի վրա՝ մեծ ու փոքր պետությունների միջեւ: Լենին փաշան, նկատի առնելով իր սեփական փորձառությունը, միջպետական քաղաքականությունն անկեղծորեն բնորոշեց իբրեւ «պոռնիկ գործ»: Նա դա ասաց 1921-ին Աթաթյուրք փաշայի հետ կնքած «Բարեկամության եւ եղբայրության պայմանագրից» առա՞ջ, թե՞ հետո: Կարծում եմ՝ առաջ, քանզի արդեն արհեստավարժ պոռնիկ էր: Այս երկու տղամարդ փաշաները միմյանց չսիրելով, իրար նկատմամբ հակընդդեմ խաղեր տալով, յուրաքանչյուրն իր շահը հետապնդելով ամուսնացան ու երդում կերան՝ մի բարձի ծերանալ: Եվ ահա հարյուր տարի ծերանում են ու չեն մեռնում, քաղաքական պոռնկություն ժառանգելով իրենց թոռներին ու ծոռներին: Ռուս փաշան (դեռ պիտի իմանալ իրականում ազգային ի՞նչ արմատ ուներ նա) փորձեց Թուրքիան հեղափոխականացնել եւ նրա միջոցով իր սովետիզմը արտահանել Մերձավոր Արեւելք: Իսկ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը ցանկանում էր Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով քայքայված իր երկրի ստորակետի պես ծռված ողնաշարն ուղղել ռուսական մեծածանր փող ու ոսկու անհատույց նվիրատվությամբ, որ լիուլի իրականացավ: Քեմալն ավելի թուրք էր, քան ռուսը, ավելի խելացի ու դիվանագետ, ավելի իրապաշտ ու հեռատես, ավելի քաղաքական պոռնիկ, առավել տաղանդավոր խաղամոլ: «Ես՝ քեզ, դու՝ ինձ»-ի ճակատամարտում Քեմալը պատմական հաղթանակ տարավ: Լենինը՝ նույնքան պատմական պարտություն, նրան շատ բան տվեց, բայց ոչինչ չստացավ: Մինչեւ օրս էլ տալիս է եւ արժանանում աջ ձեռքի երեք մատների համակցության ու խելքի չի գալիս: Մինչեւ ե՞րբ, Վլադիմիրներ, ախր կործանում եք ձեր ժողովրդին, որը մեծ գրականություն, արվեստներ ու գիտություն է տվել մարդկությանը, նրանից ոչինչ չե՞ք սովորել: Չէ, չեք սովորել, եղել ու մնացել եք մի խոզարած կոլխոզնիկ:

Ժամանակին ռուս ռազմաքաղաքական պաշտոնյա Լոբանով Ռոստովսկին ասաց՝ «Հայաստան առանց հայերի», այո, ռուս էր եւ ոչ թուրք: Սա շուտով դարձավ նաեւ թուրքի ծրագիր: Եվ ահա երկուսով ոգեւորված անցան գործի՝ հայաթափել ու իրար մեջ անել առանց հայերի Հայաստանը, որ արգելափակոց էր յուրաքանչյուրի կայսերական նկրտումների իրագործման ճանապարհին: Թուրքիո գործած հայ ժողովրդի ցեղասպանությունն այդ նպատակն էր իրագործում, որին անմասն չէր եւ Ռուսաստանը: «1915-ի Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով», որ պարբերաբար կրկնվում էր կովկասյան տարբեր ռազմաճակատներում,- Զորավար Անդրանիկի եւ իր զինակից, գրող Վահան Թոթովենցի դիտարկումն է: Կեղծ նահանջները, նաեւ կեղծ ուշացումները հանցագործ բեմադրություններից, ինչպես Սումգայիթն ու Բաքուն, ռուս քաղաքականության ոճն են ու տրամաբանությունը՝ զմռսված «Ես՝ քեզ, դու՝ ինձ»-ով: Ադրբեջանն էլ մի հարյուր տարեկան բիճ է: Ոչ ոք չգիտի՝ ով է մայրը, հայրերն են հայտնի՝ Լենին, Քեմալ, Ստալին, որոնք նրան որպես փորձանք աշխարհ հանեցին եւ ուրիշներից հողեր գողանալով ստեղծեցին նրա երկիրը: Հիմա էլ Ռուսաստանը նաեւ նրա հետ է «Ես՝ քեզ, դու՝ ինձ» խաղը խաղում: Այստեղ եւս նրանցից յուրաքանչյուրն իր պոռնիկ շահն ունի:

Իլհամի հայր Հեյդար Ալիեւը, որն անցավ ԿԳԲ-ի բոլոր աստիճաններով սարն ի վեր, ժամանակին ասել է. «Շնորհակալություն Ստալինին, որի շնորհիվ մենք ձեռք բերեցինք հայրենիք եւ ունեցանք անուն՝ Азрбайджан и азрбайджанский народ»: Որդին այս մասին չի կարող չիմանալ, բայց ամեն ժամ ճամարտակում է, թե գիտե՞ս, աշխարհ, Հայաստանն ու Ղարաբաղն էլ են Ադրբեջան: Նրա թերթերից մեկն էլ գրեց. «Նոյ Նահապետը ադրբեջանցի է»… Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը Իլհամին փոխաբերական անուն տվեց՝ Դինոզավր (Սողունների դասից, մողես, ապրել է կավճի դարաշրջանում եւ վերացել աշխարհի երեսից: Կարդա ՀՍՀ, Ե., 1977, հ. 3, էջ 395): Ինչո՞ւ գնանք այդքան հեռու, ես նրան ժամանակակից անուն կտամ՝ Բորենի (Գիշատիչ, գլուխը մեծ, սնվում է դիակներով, հղիությունը՝ երեք ամիս, միաժամանակ ունենում է հինգ ձագ, տարածված է շատ աշխարհամասերում, հատկապես Անդրկովկասում: Տե՛ս նույն տեղում, Հ. 2, Ե., 1976, էջ 530): Համաձա՞յն եք ինձ հետ: Շնորհակալություն:

Այո, ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել եւ ներս չի գալիս: Ինչքա՞ն կարելի է Ես ու Դու անել, գողանալ, խաբել, պոռնկանալ: «Ոչ թե աշխարհը շալակած տանել, այլ ելնել շալակն աշխարհի» (Պարույր Սեւակ): Ճիշտ ես, շատ ճշմարիտ, թանկագին եղբայր, ճակատդ հա խփիր պատին, պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ:
«Գերված ենք մենք – ոչ ստրուկ – գերված մի արծիվ» (դարձյալ Վահան Տերյան): Այո, հարյուր եւ ավելի տարիներ գերված լինելով, երբեք ստրուկ չեղանք, մնացինք ազատատենչ արծիվ, որը վանդակում գտնվելով, թեւածում է հայոց բարձր լեռներում:

Սա այսօր եւս պետք է խորապես զգալ ու գիտակցել: Պատահական երգ չի Անդրանիկի մասին՝ «Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ»: Ներկայումս էլ Զորավարի կամքն ու ոգին քնած չեն մեր ժողովրդի մեջ:

Ես բնագետ չեմ: Տեսնես ծառերը, խոտ ու ծաղիկնե՞րն էլ են գտնվում «Ես՝ քեզ, դու՝ ինձ»-ի տիրույթում: Կարո՞ղ է բանաձեւը բնորոշ է տնային թե գիշատիչ կենդանիների, սողունների, թռչունների, հավ ու ճիվերի հարաբերություններին: Ես կենդանաբան չեմ, ընդամենը մեծ քաղաքում ապրող անտեսանելի մի մարդ, ինչ իմանամ: Թեեւ ես քիչ բան գիտեմ, դուք՝ շատ, մտածում եմ, որ բնության եւ մարդկանց կենսակերպերը վաղուց ի վեր նույն գետով չեն հոսում, օտարացել են միմյանց, չասեմ՝ թշնամացել: Սա մեծ աղետի ահազանգ է: Դիտում եմ աստղազարդ երկինքը: Թեեւ բնավ տիեզերագետ չեմ, ներքին մարդս, որին լավ չեմ ճանաչում, ինձ շշնջում է՝ աստղերի հարաբերություններն են պայմանավորված «Ես՝ քեզ, դու՝ ինձ»-ով: Աստղերը միմյանց ձգում են, որ իրենց միասնական համաստեղությունը, ուր գտնվում են, օրինակ՝ Աղեղնավոր, Խեցգետին, Կենտավրոս, Անդրոմեդա եւ այլն, տիեզերքում չտարալուծվի: Եվ միաժամանակ վանում են իրար, որ միմյանց չբախվեն ու չոչնչանան: Շփոթվում եմ. որտե՞ղ է մեծ ճշմարտությունը, գոյություն ունի՞, թե՞ չի եղել, չկա ու չի լինելու: Ամեն ինչ հարաբերական է, ինչպես ասաց Էյնշտեյնը:

«Մի ամլիկ գառ / Իրեն համար / Ջուր էր խմում առվակից», մեկ էլ դեմի ձորակից գայլն է նրան սպառնում. «Բռնեմ դունչդ, կտրի շունչդ»: Հեքիաթ չի, ոչ էլ առակ, այլ իրական հարաբերություն բարու եւ չարի միջեւ: Մեր հարեւանը գայլ է եւ ամեն րոպե հաչում է ու ոռնում մեզ վրա, պատերազմներ հրահրում իր նման շնագայլերի մասնակցությամբ: Շատ տխուր բան է, այո, «չարն էլ է միշտ ապրում անմեռ», եւ մեզ մնում է ասել՝ «անեծք նրա չար գործին»՝ որ ընդամենը բարոյազգացմունքային նզովք է: Այս ապոկալիպսիսն անբաժան է մարդկության պատմությունից: Մի՞թե չենք կարողանալու ազատագրվել: Ես հոռետես չեմ, բայց կարծում եմ՝ ոչ, քանի որ մարդկությունն իր շավղից դուրս է սայթաքել անվերադարձ:

Ի գիտություն հավաքական կերպար Գեղամ Մանուկյանին եւ ընկերությանը, որոնց նույնպես հարազատ է «Ես – Դու»-ն: Անկեղծ ու նվիրյալ դաշնակցական, մեր առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին (նրա անունով փողոցում եմ ապրում ես), 1924 թվականին ասաց. «Դաշնակցությունն անելիք չունի այլեւս»: Ականավոր դաշնակցականը մասամբ սխալվեց. այնուհետեւ զգալի եղան նրա կուսակցության եւ Ռամկավար ազատականների ու Հնչակյանների միասնական ջանքերը հայոց Սփյուռքը հայեցի պահպանելու դժվարին աշխատանքում, որը շարունակվում է առ այսօր: Դաշնակցությունն այն կուսակցությունը չէ, որ անելիք չունենա, եթե չունի այսօր, վաղն անպայման մի բան կհնարի: Եվ հնարեց՝ իշխանափոխություն մայր հայրենիքում, մենք ենք գալիս իբրեւ փրկիչ, խտրականություն չդնելով միջոցների ու գործողությունների միջեւ, եթե անհրաժեշտ լինի՝ կկրակենք այս նպատակին հասնելու համար, եթե պետք գա, կհամագործակցենք ամեն ուժի հետ՝ լինի թշնամի թե բարեկամ…

Ուշադրություն, ընկեր Գեղամ եւ այլ ընկերներ:

ԿԳԲ-ի հայտնի գեներալ Կալուգինը, որ տառ առ տառ տեղյակ էր իր ասպարեզի փաստերին, զգուշանալով, որ իրեն առնվազն կձերբակալեն՝ ավել-պակաս խոսելու համար, փախավ Միացյալ Նահանգներ եւ դարձավ Ամերիկայի անձնագրային քաղաքացի: Նա գիրք գրեց, որի երկրորդ հատորի տասնյակ էջեր նվիրված են ԿԳԲ-ի եւ Հայ հեղափոխական դաշնակցության համագործակցությանը, որտեղ մասնավորապես ասված է. «1970 թվականից ի վեր Դաշնակցությունն այլեւս ԿԳԲ-ի օղակներից մեկն է»: Ընդհանրապես իմ բառապաշարում հայհոյանք չեք գտնի, այժմ էլ մեղմ ու քաղաքավարի արտահայտվեմ. Փիրկիչ ընկերներ, երբ նայում եք հայելուն, չե՞ք ամաչում… Հայհոյանքն արդյունք է մտքի ի ծնե խեղճության եւ սրտի բնածին արատի:

Գործ՝ Ռաֆֆի Ադալյանի

Ասում են Նաիրի Հունանյանը ինչ-որ ժամանակ դաշնակցական է եղել: Գուցե այո կամ ոչ: Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի համաշունչ դահլիճից նա բջիջայինով բղավում է՝ «Հրանտ, որտե՞ղ ես, արի, սատկացրել եմ»: Ներկաներից շատերն են լսել: Ըստ երեւույթին կա այս կանչի նաեւ ձայնագրությունը: Ո՞վ է այդ Հրանտը: Իմացողներ հաստատապես կլինեն: Ես որ չգիտեմ: Գիտեմ միայն, որ այդ մարդը անվանի գրականագետ Հրանտ Թամրազյանը չէ կամ սփյուռքահայ տաղանդավոր գրող Հրանտ Նազարյանցը: Այս ոճիրը, որն ուղղված էր մեր պետության ու անկախության դեմ, ինձ հիշեցրեց Հուլիոս Կեսարի սպանությունը հռոմեական ծերակույտի (ազգային ժողով) նիստում: Ո՞ւմ էր դա ձեռնտու: Անտարակույս՝ Բրուտոսներին: Մեր դեպքում եւս՝ բարեկամ ձեւացող ներքին ու արտաքին թշնամիների համագործակցությանը: Ես այս մասին խոսել եմ «Այս հոդվածը վերնագիր չունի» հոդվածում (տե՛ս «Ազգ» պարբերական, Երեւան, 2000 թ., 29 հունվարի, «Ասպարէզ», Լոս Անջելես, 2000 թ., 20 ապրիլի) եւ իմ «Ազատության ստրկությունը» գրքում (Երեւան, 2014 թ.):

Իմ եղբայր Ռաֆֆի Ադալյանի նկարներից մեկը հայելիով կոմպոզիցիա է: Հայելուն հայերեն լեզվով (հայերիս համար), ռուսերեն (ռուսների) եւ անգլերեն (բոլորի) գրված է՝ «Ամոթ ինձ»: Նայում ես հայելուն, տեսնում քեզ դուրս ու ներսից, կարդում այս երկու բառը եւ, եթե ազնիվ ու ճշմարիտ մարդ ես, չես կարող չամաչել, մեղայի չգալ, խոստովանանք չանել քո գործած մեծ ու փոքր մեղքերին ի պատասխան: Աշխարհում անսխալական մարդ չկա, որն առնվազն մեկ անգամ հիվանդացած չլինի մեղքով ու մեղավորությամբ: Այս էսսեն եւս անբասիր չէ, ինչպես նաեւ նրա հեղինակը: Արդեն նշել եմ՝ Տերն էլ է սխալներ արարել, հենց թեկուզ այն, որ մեզ հավերժորեն շրջապատել է այս աստիճանի բաբարոս հարեւաններով: Ռաֆֆիի ինքնատիպ նկարի իմաստն ու խոհականությունն է՝ ամոթանք անելով քեզ, կթոթափես խավարը եւ կգնաս լույսին ընդառաջ: Սա քեզ ապրելու հնարավորություն է ընձեռում:

Ամեն առարկա ու երեւույթ իր գույնն ունի: Նաեւ՝ աննյութականները: Օրինակ՝ հոգին: Կա չար հոգի, որի գույնը սեւ է: Բարունը՝ սպիտակ: Ծիածանի գույներից եւ ոչ մեկը սեւ կամ գորշ չէ, այստեղ կարմիրի ու մանուշակագույնի երանգներն են շողում: Բառը գույն է ստանում համաձայն իր բովանդակության. սպանություն-ը, դավաճանություն-ը, սուտ-ը, կեղծիք-ը մշտապես խավարի մեջ են: Ժամանակներն էլ ունեն իրենց յուրահատուկ գույները, որ մենք ենք ստեղծում մեր բարոյականությամբ: Ահա թե ինչու աշխարհը բազմագույն է:

Վերջապես ավարտեմ այս էկզիստենցիալ գրվածքը եւ ձեզ ազատեմ ինձնից:
Կապույտը սիրո ու կարոտի գույնն է: Կապուտաչյա հայրենիք, սիրում եմ քեզ: Կարոտենք, երազենք ու կարոտենք սերը, որպեսզի տիեզերքում միակ բանական եւ զգացմունքային Երկիր մոլորակը դառնա գեղեցիկ եւ առաքինի: Իսկ մարդկությունը՝ առավել մարդ:

Հ.Գ. – Այս հոդվածը ես մտահղացա բավականին երկար, բայց գրվեց ընդամենը մեկ շաբաթում, բացառապես իմ ներսում իրողությունների այդ օրերին առաջացրած հուզալից արձագանքների հիմքով: Ներկայումս հանգամանքներն այնքան արագ ու անսպասելի են փոխվում, որ հնարավոր է վաղն իսկ, այս չափազանց վտանգավոր սահմանային իրավիճակում, Նիկոլ Փաշինյանը, վերջապես համագործակցելով հայաստանյան ու Սփյուռքի առողջ, փորձառու, գիտուն, անանձնական, համարձակ, ոչ թե խոսքով (մեծավ մասամբ` կեղծ ու պատեհապաշտ), այլ գործով հայրենասեր, պետականամետ, տաղանդավոր ուժերի հետ, որոնք քիչ չեն, սակայն նրանցից և ոչ մեկը, ցավոք սրտի, իշխանական և օրենսդիր հարթակներում չկա, ոչ մեկը չկա (խայտառակ, ինքնասպան կադրային քաղաքականություն): Դա մի այնպիսի կտրուկ շրջադարձ կլինի, որը նրան նորովի կներկայացնի մեր ժողովրդին: Այո՛, «գերված ենք մենք, բայց ոչ ստրուկ»: Այսօր ուրիշ ճանապարհ գոյություն չունի, պարոն վարչապետ: Սա կլինի ձեր ամենաճշմարիտ ու պատմական քայլը:

2023 թվական, անտանելի շոգ օգոստոս

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Էլիզաբեթե Տայվանեն իր հայ մեծ ընտանիքի եւ Ներսես Շնորհալիի մասին

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Լոկառնոյի կինոփառատոնը բացվեց «Արտոյի երկիրը» ֆիլմով

07/08/2025
1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
Հաջորդ գրառումը

Էլիզաբեթե Տայվանեն իր հայ մեծ ընտանիքի եւ Ներսես Շնորհալիի մասին

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը...

ԿարդալDetails

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական