Երեկ շատ կարեւոր փաստաթուղթ էր քննարկվում Հայաստանի Ազգային ժողովում` Եվրոմիության անդամ երկրներ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների դյուրացման համաձայնագիրը, որի նպատակն է պարզեցնել վիզաների տրամադրումը 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի, որոշակի նպատակով` ԵՄ տարածքում գտվելու համար:
Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեղեկացմամբ` Եվրոպական պառլամենտն արդեն հոկտեմբերի 9-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագիրը, երեկ այդ գործընթացը փաստորեն Հայաստանի խորհրդարանում էր, որից հետո կմնա համաձայնագրի հաստատումը ԵԽ-ում: Ըստ Մնացականյանի` վիզաների դյուրացման բանակցությունները 2012 թ. փետրվարից սկսելով շատ արագ ընթացակարգով հետագայում նախաստորագրման են բերել, ապա համաձայնագիրն անցել է վերը նշված գործընթացը: Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացումը մաս է վիզաների լիբերալացման ավելի ընդգրկուն գործընթացի, որը դեռ մի քանի տարի կտեւի: Շենգենյան երկրներ դյուրացված վիզայի ընթացակարգից կօգտվեն պաշտոնական պատվիրակությունների անդամները, ուսանողները, գիտնականները, լրագրողները, սպորտի, արվեստի ոլորտի մարդիկ, ՀԿ-ների ներկայացուցիչները, Եվրոմիության համայնքային կառույցներից հրավերներ ունեցողները, ԵՄ անդամ երկրներում բնակվող ազգականներին այցելողները եւ այլք: Վիզայի համար վճարը 60 եվրոյից 35 եվրո է դառնում, դիվանագիտական անձնագիր կրողները մուտքի վիզայի պահանջից կազատվեն: Այս համաձայնագրի գլխավոր նպատակն է խորացնել Հայաստան- ԵՄ, ինչպես նաեւ` զուտ մարդկային կապերը: Ստեղծվելու է մի կոմիտե, որը, հետեւելով համաձայնագրի գործողությանը, տարին մեկ անգամ գնահատելու է դա, հասկանալու համար, թե որտեղ են առաջանում պրոբլեմներ, ի՞նչը կարելի է բարելավել:
ԵՄ անդամ երկրներից Հայաստան մուտքի վիզան այժմ անվճար է, դա պատճառ դարձավ, որ հարց հնչի, թե ինչո՞ւ այդպիսի անհավասար հարաբերություններ` մենք հանել ենք վիզային վճարը, իրենք միայն նվազեցրել են: Ըստ Զ. Մնացականյանի` Հայաստանից ԵՄ մուտք գործող բազմաթիվ խմբեր ստանալու են անվճար, նաեւ բազմակի վիզաներ` 1, 2 եւ 5 տարի տեւողությամբ, իսկ որ վիզայի վճարը մենք հանել ենք` կարիք ունենք խթանելու տուրիզմը եւ հետաքրքրությունը դեպի Հայաստան, դա ավելի կարեւոր է դիտվում, քան 7 դոլարով բյուջե լցնելը:
Որքան էլ պատգամավորներն ուզում էին Զոհրաբ Մնացականյանից պատասխան կորզել Ասոցիացման համաձայնագրի, իսկ առավել ստույգ` ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ (քանի որ այն հիշատակված էր վիզաների դյուրացման համաձայնագրում), վերջինս միայն նշեց, թե պայմանագիրը բանակցված է ըստ Ասոցիացման համաձայնագրի, եթե այն չի ստորագրվում` սրանով Հայաստանի եւ ԵՄ միջեւ իրավական հարաբերությունները կարգավորելու նպատակը եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկան չեն ժխտվում:
Պատգամավորներից Հայկ Բաբուխանյանը խորացավ` փորձելով ավելին ստանալ Ասոցիացման պայմանագրի հետ կապված: Հնչեց այս պատասխանը, թե Հայաստանի եւ ԵՄ միջեւ իրավական հիմքերը կարիք ունեն նորոգվելու եւ կնորոգվեն, բայց փոխարտգործնախարարը իրադարձություններից առաջ ընկնել չցանկացավ:
Վիզաների դյուրացման պայմանագրից բացի` ԵՄ անդամ երկրներում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագիրն էլ, որպես վերը նշված համաձայնագրի հետ մի ընդհանուր համաձայնագրի բաղադրիչ, երեկ քննարկվում էր Ազգային ժողովում:
Ըստ այն ներկայացնող միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի ` համաձայնագրով սահմանվում են պայմաններ, ժամկետներ, ֆինանսական հարցեր` միասնական ընթացակարգերով ԵՄ երկրներից հետընդունման համար: Անգամ սահմանված է, որ եթե վերադարձից հետո պարզվի սխալ մոտեցումը` ինչպես վարվել: Այս վերաբերմամբ 13 եվրոպական երկրի հետ արդեն իսկ երկկողմանի պայմանագիր կար, ուղղակի այժմ ընդհանրական համաձայնագիր է վավերացվում: