Այս շուկան հայտնվել է լճացման մեջ
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի սեպտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16632 գործարք, ինչը 3,3 տոկոսով ցածր է նախորդ ամսվաՙ օգոստոսի եւ 28,4 տոկոսովՙ 2012-ի սեպտեմբերի գործարքների համեմատ:
Օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել է 11,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատՙ աճել 11,2 տոկոսով: 4040 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 72,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 43,9 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Երեւանում առքուվաճառքի գործարքների 61,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի օգոստոսի համեմատ, սեպտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 9,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել 49,7 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ աննշան աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2012թ. | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2013թ. | Միջին գները (դրամ) օգոստոս 2013թ. |
Կենտրոն | 418200 | 428000 | 428000 |
Արաբկիր | 346100 | 356600 | 356500 |
Քանաքեռ-Զեյթուն | 274200 | 282400 | 282400 |
Նոր Նորք | 237000 | 251300 | 251000 |
Ավան | 246550 | 259500 | 259200 |
Էրեբունի | 240000 | 249000 | 249000 |
Շենգավիթ | 243500 | 255100 | 255100 |
Դավթաշեն | 266200 | 275000 | 274500 |
Աջափնյակ | 234000 | 248100 | 248100 |
Մալաթիա-Սեբաստիա | 231300 | 241300 | 241100 |
Նուբարաշեն | 141000 | 152500 | 152200 |
Մարզերում, բացառությամբ Երեւանի, սեպտեմբերին վաճառվել են 415 բնակարաններ, որոնց քանակը օգոստոսի համեմատ նվազել է 1,7 տոկոսով, իսկ 2012-ի սեպտեմբերի համեմատ` աճել 1,7 տոկոսով: Գներն այստեղ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աննշան աճ են ունեցել:
Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
2013-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 451 գործարք, որից 121-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի օգոստոսի համեմատ նվազել է 16,6 տոկոսով, իսկ մարզերում` աճել 1,5 տոկոսով: 2012-ի սեպտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 24,7 տոկոսով, իսկ մարզերում` 26,9 տոկոսով:
Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2012թ. | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2013թ. | Միջին գները (դրամ) օգոստոս 2013թ. |
Կենտրոն | 466800 | 476100 | 476100 |
Արաբկիր | 374500 | 383000 | 383000 |
Քանաքեռ-Զեյթուն | 284100 | 295000 | 295000 |
Նորք-Մարաշ | 310700 | 319200 | 319200 |
Ավան | 263800 | 270500 | 270500 |
Էրեբունի | 230000 | 239500 | 239500 |
Շենգավիթ | 248000 | 255000 | 255000 |
Դավթաշեն | 266100 | 276000 | 276000 |
Աջափնյակ | 241000 | 250050 | 250050 |
Մալաթիա-Սեբաստիա | 230300 | 238000 | 238000 |
Նուբարաշեն | 144500 | 150500 | 150500 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն էՙ 1 քմ-նՙ 157 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի սեպտեմբերին 2012-ի սեպտեմբերի համեմատ, հողերի առքուվաճառքի գործարքների քանակն նվազել է 8,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 35,5 տոկոսով:
2013-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 5,4 տոկոսով, իսկ 2012-ի սեպտեմբերի համեմատ` 7,2 տոկոսով:
Սեպտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 161 գործարքներ, որից 102-ը` Երեւանում: Օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 16,6 տոկոսով, իսկ մարզերում` աճել 34,1 տոկոսով: 2012-ի սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 52,2 տոկոսով, իսկ մարզերում` 59,5 տոկոսով:
Այսպիսով, անշարժ գույքի գները շարունակել են անփոփոխ մնալ նաեւ սեպտեմբերին: Կարելի է փաստել, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան վերջին ամիսներին հայտնվել է լճացման վիճակում: ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ