ՌԴ ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում արդյունավետ խաղով հիացրեց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանըՙ 3 անգամ գրավելով «Զենիթի» դարպասը: Այդ գոլերի շնորհիվ «Սպարտակը» հաղթեց 4-2 հաշվով եւ 33 միավորով հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Լոկոմոտիվին»: Իսկ «Զենիթը» 36 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը:
Յուրա Մովսիսյանը գոլերի թիվը հասցրեց 12-ի ու Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Մովսիսյանն այդ խաղում վնասվածքի պատճառով 58-րդ րոպեին փոխարինվեց: Նա խորացրել է ծնկի վնասվածքը: Չի բացառվում, որ նա այս տարի այլեւս խաղադաշտ դուրս չգա: Հնարավոր է նաեւ, որ Յուրան վիրահատվի: Խաղից հետո Յուրան մարզաշապիկը նվիրել է ՌԴ ֆուտբոլային միության փոխնախագահ, «Սպարտակի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանին: Վերջինս գրկել է Յուրային, համբուրել ու շնորհավորել է «Սպարտակի» կազմում 2-րդ հեթ տրիկի առիթով:
Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում, իսկ Championat.com կայքում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է 16-րդ տուրի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ:
Ըստ «Սպորտ-Էքսպրեսի», ձմռանը Մովսիսյանի նկատմամբ իսկական «որս» կսկսեն եվրոպական առաջատար ակումբները, ուստի «Սպարտակը» պետք է մտածի, թե ինչպես պահպանի նրան թիմում: