Ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին Ադրբեջանն առաջարկում է օգտվել Ստեփանակերտ-Ակնա ճանապարհից: Արցախի իշխանությունները կարծես հակված են համաձայնել այս առաջարկին: Օրեր առաջ մամուլը գրեց, որ նախագահ Արայիկ Հարությունյանը, հանդիպելով թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկումներ է ունեցել ու որոշում ընդունել: Թեև նախագահականը հերքեց՝ նշելով, թե նման որոշում առայժմ չկա, բայց և չբացառեց, որ նման քննարկումներ կան, ու որոշում կարող է լինել առաջիկայում:
«Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները եւ այն խառնաշփոթը, որ երկրի իշխանությունները, մասնավորապես՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, ստեղծել էին, վառ ապացույցն էր այն բանի, որ քննարկումներ են տեղի ունենում, ու այդ քննարկումներն ի շահ Արցախի չեն»,- Azg.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ նախագահ Հարությունյանը բացահայտ խոսեց, որ Արցախի վրա կա ճնշում Ադրբեջանի կողմից՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործման մասով: Իրենց քաղաքական ուժի՝ «Արդարություն» կուսակցության ու խմբակցության պատասխանն այդ հարցի վերաբերյալ բացասական է: «Մենք լավ ենք հասկանում ու հաշվի ենք առնում այն բոլոր վտանգները, որ կարող են լինել այդ ճանապարհի բացումից հետո: Եթե ընդունվի Ակնայով ելումուտ անելու առաջարկը, ապա այն, անվտանգային առումով, մեծ վտանգներ է ստեղծելու Արցախի համար: Լավ իմանալով Ադրբեջանի ձեռագիրը՝ հասկանում ենք, որ սա ևս ծրագրավորած քայլ է, Արցախը հայաթափելու կամ վերջնականապես Ադրբեջանին բռնակցելու գործընթացի մի մաս: Եթե անգամ համաձայնենք Ակնայի ճանապարհի բացմանն ու դրան զուգահեռ բացվի նաև Բերձորի՝ Լաչինի միջանցքը, ապա վերջինս կարճ ժամանակ անց հիմնովին փակվելու է: Բավարար է համաձայնել, մեկ անգամ օգտվել Ակնայի ճանապարհից և միջազգային հանրությանն այլևս անհնար կլինի բացատրել, թե ինչու ենք դեմ այդ ճանապարհով սննդամթերք կամ այլ ապրանք ընդունելուն: Ավելին՝ նման նախադեպից հետո Արցախը բանակցային գործընթացում անելիք չի ունենա կամ բանակցային գործընթացը, որպես այդպիսին, այլևս գոյություն չի ունենա»,- նշեց Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ Արցախի նախագահը արցախակործան ու, առհասարակ, հայակործան որոշում չի կայացնի:
Սեւակ Վարդումյան