«Իդեալ գազ», «Բոնիլատ» եւ Nout.am ընկերություններին երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանեց անբարեխիղճ գովազդի եւ հասարակությանը մոլորեցնելու համար: Տուգանքը կկազմի յուրաքանչյուր ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսը:
«Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը դիմել է հանձնաժողովին` հայտնելով, որ մրցակից Nout.am ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվության իրենց պատկանող «Ռիչքոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ: Մասնավորապես` Nout.am-ը տարածել է, որ իբր հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «Ռիչքոմփյութերսից» գնել է 365 000 դրամով, մինչդեռ իրենց մոտ արժե 209 000 դրամ: «Հիմա դուք երեւի կմտածեքՙ «խեղճ մարդ», բայց հավատացեք, այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է», իր գրառումն այսպես է եզրափակել Nout.am-ը, ինչն ակնհայտորեն հակասում է օրենսդրությանը: Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը կվճարի տուգանքՙ օրենքի խախտման եւ մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար:
«Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքային նշանները մտավոր սեփականության գործակալությունում գրանցած «Իմէքս գրուպ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին, տեղեկացնելով, որ մեկ այլ ընկերությունՙ «Իդեալ գազ» անվանումով, «Իդեալ» ապրանքային նշանի ներքո իրականացնում է առեւտրային գործունեությունՙ խախտելով իրենց իրավունքները: Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում հանձնաժողովը պարզեց, որ «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման «Իդեալ գազ» եւ IDEAL GAS նշանների օգտագործումը սպառողների մեջ շփոթություն է առաջացնում, ինչը համարվեց անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է, իսկ «Իդեալ գազը» տուգանվեց:
«Բոնիլատ» ընկերության արտադրած 1-լիտրանոց շշով ապրանքի վրա գրված է եղելՙ 100% pasteurized milkՙ պաստերացված կաթ, սակայն հետագայում պարզվել է, որ շշի մեջ ոչ թե կաթ է, այլՙ թան: Այդ մասին հանձնաժողովը տեղեկություն է ստացել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցչից, որի դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ: «Բոնիլատ» ընկերությունը հայտնել է, որ «թան» ապրանքատեսակի պիտակի վրա առկա գրառումները ճշգրտվել են, եւ ներկայացրել է ապրանքատեսակի նորՙ փոփոխված պիտակի օրինակը: Այդուհանդերձ, «Բոնիլատ» ընկերության վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է համարվել, եւ վերջինս նույնպես տուգանվել է:
Հանձնաժողովի նիստի ժամանակ նշվեց նաեւ, որ գովազդային շուկայում ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մի շարք դեպքերում հեռարձակվող գովազդերը հանրությանը ներկայացնում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Բացի դրանից, վարկաբեկվել են մրցակից ընկերություններըՙ օգտագործելով այնպիսի արտահայտություններ եւ առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով: Այդպիսի ընկերություններն են «Բի Էյչ Էս» (BHS) հագուստի խանութ-սրահը, «Լօպտիկը», «Հիքսոս» ընկերությունըՙ Riso Scotti ապրանքանիշով:
«Բի Էյչ Էս» խանութ-սրահի գովազդում նշվում է, որ իրենք հանդիսանում են «տարվա լավագույն միջազգային խանութը», «Լօպտիկի» գովազդում, որ «ակնոցների հարուստ տեսականի աշխարհահռչակ բրենդերից, որոնցից այլ սրահում դժվար թե գտնեք…», Riso Scotti-ի գովազդում` «բրնձի իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից…»: Նման բովանդակություններով գովազդերը ուղղակիորեն հակասում են օրենքին, քանի որ գովազդում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալները սպառողին հնարավորություն չեն տալիս ամբողջական պատկերացում կազմելու գովազդվող ապրանքի վերաբերյալ, կամ գերադրական աստիճանների անհարկի օգտագործումը համարվում է հասարակության մոլորեցում: Ուստի, հանձնաժողովի որոշմամբ, ընկերությունները պարտավորվեցին դադարեցնել գովազդերի հեռարձակումը: