Վերջին տասնամյակներին Ուզբեկստանը կառավարող 75-ամյա նախագահ Իսլամ Քարիմովի երկու դուստրերից ավագըՙ 41-ամյա Գուլնարա Քարիմովան հայտնվել է շվեյցարացի եւ ֆրանսիացի իրավապահների ուշադրության կենտրոնում: Դեռ տարեսկզբին Շվեյցարիան Ֆրանսիայից միջազգային փոխօգնություն էր խնդրել Գուլնարա Քարիմովային առնչվող դատաքննության շրջանակներում: Խոսքը Ֆրանսիայում անշարժ գույքի անօրինական ձեռքբերման մասին է:
«Ֆիգարո» թերթը հաղորդում է տվյալ գործի հետ կապված որոշ մանրամասնություններ: Այս տարվա փետրվարի 14-ին Ֆրանսիայում X անձնավորության նկատմամբ դատաքննություն է սկսվել «կազմակերպված հանցախմբով փողերի լվացման» եւ «օտարերկրյա գործակալի կաշառման» կասկածների հիման վրա:
Ֆրանսիայի արդարադատության մարմինները ենթադրում են, որ ուզբեկ բռնակալի ավագ դուստրը անհայտ ձեւերով Ֆրանսիայում ձեռք է բերել անշարժ գույքի մի տպավորիչ հավաքածու: Խոսքը միջերկրածովյան Սեն-Տրոպե առողջավայրի մոտերքում գտնվող առանձնատան, Փարիզի շքեղ 16-րդ շրջանում եւ Նեյի արվարձանում գտնվող բնակարանների, Գրուսսե դղյակի (Փարիզի տարածաշրջան) մասին է:
Գործի շրջանակներում դատավորը հետաքրքրվում է նաեւ Գուլնարայի քրոջՙ Լոլայի ունեցվածքով, որը, ի դեպ, Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչն է ՅՈւՆԵՍԿՕ-ում (Փարիզ):
Ինչ վերաբերում է Գուլնարային, նա Ուզբեկստանում հայտնի գործարարի եւ փոփ երգչուհու համբավ ունի: Երկրի առավել եկամտաբեր ոլորտները (գազ, բամբակ, ոսկի, բջջային հեռախոսակապ եւ այլն) Քարիմովների ընտանիքի եւ մասնավորապես Գուլնարայի ձեռքին են: «Ֆիգարոն» ընդգծում է, որ Ուզբեկստանում որեւէ խոշոր ձեռնարկություն չէր կարող հաստատվել եւ գործունեություն ծավալել, եթե չստանար Գուլնարա Քարիմովայի համաձայնությունը եւ եկամուտները չկիսեր նրա հետ: Թերթը նաեւ տեղեկացնում է, որ վերջերս Քարիմովների ընտանիքում տարաձայնություններ են ծագել: Մասնավորապես Գուլնարայի մայրը սպառնում է նրան զրկել ունեցվածքից: