Նոյեմբերի 23-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Մեթյու Քարանյանի «Armenia and Karabakh: The Stone Garden» անգլալեզու ճամփորդական ուղեցույցի երրորդ` համալրված հրատարակության շնորհանդեսը: Մեթյու Քարանյանը, որը հայկական առաջին ճամփորդական ուղեցույցի հեղինակն է, որպես իրավաբան աշխատում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, իսկ 2002-2006թթ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
Բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ներկայացրեց հյուրին եւ կարեւորեց Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ համապարփակ անգլիալեզու ուղեցույցի առկայությունը:
Շնորհանդեսի շրջանակներում Մեթյու Քարանյանը հանդես եկավ Հայաստանի տարբեր անկյունները ներկայացնող լուսանկարներով համեմված դասախոսությամբ:
Միջոցառմանը ներկա էին Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Կանադայում գտնվելու ընթացքում Մեթյու Քարանյանն իր ուղեցույցը հանրությանն է ներկայացրել նաեւ Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում: