ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը մեկնարկում է 2015 թ.-ի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի զոհերի ոգեկոչման արարողությունները: Այդ միջոցառումների շարքում նախատեսվում են երթեր դեպի օտարերկրյա դեսպանատներ, խորհրդաժողովներ, հայտարարություններ, ՍԴ հնչակյան կուսակցության արտասահմանի լոբբիստական եւ երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ ակցիաներ:
Վերջին մեկ ամիսների ընթացքում ուսանողական միությունը փորձել է տվյալներ հավաքել ցեղասպանությունը վերապրած եւ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների մասին: Պարզվել է, որ նրանք մոտավորապես 30 հոգի են, որոնց մեծ մասը ապրում է սոցիալապես ոչ այնքան բարվոք պայմաններում: Հնչակյան ուսանողական միությունը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս փաստի վրա եւ կոչ անում 100-ամյա տարելիցին ընդառաջ վերջիններիս արժանացնել հատուկ վերաբերմունքի եւ կտրուկ բարձրացնել նրանց ու նրանց ընտանիքներին տրվող թոշակներն ու նպաստները: Այս կերպ հնարավոր կլինի ապահովել Ցեղասպանության դժոխքով անցած մարդկանց արժանապատիվ ծերությունը: