ՇՆԱՎԱԶՔ
Ի՞նչ կլիներ, եթե շունը, որ գորշ գայլի տարատեսակներից է, ընտելացած չլինելու պատճառով բացակայեր մեր կենցաղից: Հայոց լեզուն ու գրականությունը կորուստներ կունենայի՞ն արդյոք: Կարելի է հստակ ասել՝ Հովհաննես Թումանյանը չէր գրի «Շունն ու կատուն»: Իսկ «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության գլխավոր դերակատար Զըռ չոբանը մահակն ուսին այլեւս իր հետ շուն չէր տանի խանութ ու, հետեւաբար տեղի չէին ունենա հայտնի իրարանցումները, եւ մենք կզրկվեինք խրատներ առնելուց ու դրանց համուհոտը ճաշակելուց:
Հետաքրքրական է, Համո Սահյանը «Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է» բանաստեղծական տողը հանգավորելիս մահվան ահուսարսափը ո՞ր կենդանու միջոցով էր մեղմելու՝ դժվար է ասել…
Իսկ Մհեր Իսրայելյանն իր «ՄԻ ՇԱՆ ԲԱԽՏ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ» ժողովածուն վերնագրելու համար «շան բախտ»-ը կփոխարինե՞ր արդյոք «Քաջ նազարի բախտ» բառակապակցությամբ՝ դժվար է ասել:
Միշտ էլ ելք կարելի է գտնել, բայց պետական բյուջեից գողություն անողները «շնից մազ պոկել» արտահայտության փոխարեն իրենց արարքը ո՞ր կենդանուց մազ պոկելով կարդարացնեին: Իրանցիներն, օրինակ, այդ կարգի թալանը «արջից մազ պոկել» բառակապակցությամբ են արդարացնում: Եթե չլիներ շունը, մենք կարո՞ղ էինք այդպես վարվել՝ դժվար է ասել:
Տեսնես զգուշավորության համար փայտը (միգուցե նաեւ զենքը) վերցնելուց առաջ, եթե ոչ շան, ապա ո՞ր կենդանու անունը պիտի տայինք. ձիո՞ւ, թե՞ ավանակի: Թերեւս, ոչ մեկի, պարզապես միշտ պետք է պատրաստ լինենք ամեն տեսակ անակնկալների, ու ինչ-որ մեկի անունը տալու փոխարեն, երբեք փայտը (միգուցե նաեւ զենքը) ձեռքներիցս վայր չդնենք: Սակայն հավատարմության (միգուցե նաեւ դաշնակցի) հարցում շանը հավասարազոր պերսոնաժ կարո՞ղ ենք գտնել: Մի քիչ դժվար է ասել:
Դժվար է նաեւ ասել՝ եթե մեր լեզվամտածողությունից դուրս մղեինք «շան» հետ առնչվող բոլոր արտահայտությունները, այդ դեպքում ազգակցական կապերի համար շան փոխարեն ո՞ր կենդանիների անուններն էինք տալու՝ «շան տղա», «շան աղջիկ», «շան լակոտ», «շնից ծնված», «շան որդի» արտահայտությունները վերախմբագրելիս, ո՞ր կենդանիներին էինք մեզ հետ արյունակից դարձնելու:
Եթե շունն ընտելացած չլիներ, խառնակ իրավիճակները նկարագրելիս «շունը տիրոջը չի ճանաչում» արտահայտության փոխարեն ո՞ր կենդանու միջոցով էինք պատկերն ամբողջացնելու՝ դժվար է ասել:
Եվ վերջապես, եթե մեր բառապաշարում գոյություն չունենար ՇՈՒՆ բառը, մեր թարգմանիչներն ինչպե՞ս էին Աստծո 10 պատվիրաններից 7-րդը թարգմանելու:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ