Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Լուսանկարներըՙ Օրեր-ի եւ Վիկտորիա Մխիթարյանի
Դեկտեմբերի 14-ին Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում տեղ ունեցավ չեխաբնակ հայտնի նկարիչ Գոռ Ավետիսյանի պատկերագրքի շնորհանդեսը եւ ցուցասրահի 15-ամյա հոբելյանի նշումը, որը համընկավ նաեւ արվեստագետի ծննդյան 50 ամյակի հետ: Ցուցասրահում ներկայացված էին անվանի նկարչի վերջին տարիների ստեղծագործությունները: Նկարչի քույրըՙ ցուցասրահի գեղարվեստական տնօրեն Նունե Ավետիսյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ իրենց ցուցասրահն այն հազավագյուտներից է Պրահայում, որ արդեն 15 տարի անընդմեջ գործում է: Այդ առթիվ հրատարակված պատկերագիրքը նույնպես համատեղ աշխատանքի արդյունք է, որին աջակցել են «Մարլենկա» ապրանքանիշըՙ «Միկո Ինթերնեշընլ» ընկերության տնօրեն Գեւորգ Ավետիսյանը եւ լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանը: Ճաշակով ու վառ աշխատանքներով ձեւավորված պատկերագրքում տեղ են գտել Նունե Ավեստիսյանի եւ արվեստաբան Ռուբեն Արեւշատյանի հոդվածները նկարչի ստեղծագործության մասին:
Գոռ Ավետիսյանը սերում է նկարչական ընտանիքից, նա հասակ է առել իր հարազատների արվեստանոցներում, նկարների ու արեւաշող գույների շրջապատում: Տեղափոխվելով Պրահա, 1998 թվականին նա առաջին ցուցահանդեսը բացեց, որին հաջորդեց սեփական ցուցասրահի բացումը, եւ Գոռը մնաց չեխական մայրաքաղաքումՙ շարունակելով հայկական վառ գույներով կերպարվեստը ներկայացնել նաեւ եվրոպական տարբեր ցուցասրահներում: Անցած տարիներին InterArtGalleryGor ցուցասրահը մասնակցել է նաեւ տասնյակի հասնող եվրոպական հեղինակավոր արվեստի փառատոների, տարբեր ընկերությունների կազմակերպած ցուցահանդեսների, համատեղ պատկերագրքերի տպագրությանը: Այս ցուցասրահում տարբեր տարիների կազմակերպվել են հայ նկարիչների ցուցահանդեսներ, նշվել են Հայոց ցեղասպանության օրն ու այլ հիշարժան տարեթվեր:
Գոռ Ավետիսյանի ցուցասրահը վերածվել է մի յուրահատուկ մշակութային կենտրոնի: Այս ամենն էր վկայում նաեւ ցուցադրված պատմական տեսաշարը, թե ինչպիսի ձեռնարկներ են տեղի ունեցել անցած 15 տարիներին ցուցասրահում կամ թե ինչպիսի ցուցահանդեսների է մասնակցել Գոռ Ավետիսյանը: Ու թեեւ միջոցառման ընթացքում հնչում էր մեղմիկ հայկական երաժշտություն, բայց մթնոլորտն ավելի աշխուժացավ, երբ կիթառով նվագեցին ու երգեցին նրա որդիներըՙ Արմանը եւ Միհրանը, ինչպես նաեւ հմայիչ ձայնով Սոնա Քոլոյանը:
Տոնական ձեռնարկին ներկա էին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, բազմաթի