Սոֆիայում անցկացված կիոկուշին կարատեի միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով տուն վերադարձան հայ կարատեիստները: Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ մրցումներին մասնակցած մեր 15 կարատեիստներից 10-ն արժանացան ոսկե մեդալների, 3-ը դարձան արծաթե մրցանակակիրներ:
Մրցումներին մասնակցում էին նաեւ Անգլիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Հունաստանի եւ Իսրայելի հավաքականները:
Կիոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը բնականաբար գոհ է տղաների ելույթից: Հավաքականի կազմում այս անգամ ընդգրկվել էին Երեւանից, հանրապետության մարզերից եւ Արցախից մեր ուժեղագույն կարատեիստները, որոնք պատվով հանդես եկան Սոֆիայում: Այս մրցաշարն ուժերի լավ ստուգատես էր աշխարհի առաջնությունից առաջ: