Արկածային խաղից մինչեւ սեր` Անի Երանյանի եւ Մովսես Երեմյանի միջեւ: Յուրաքանչյուրը գործում է իր խաղի կանոններով` արկածային լուծումներով, սակայն այս ամենը ոչ թե իրական, այլ` կինոտարբերակով:
Նկարահանվել է նոր ֆիլմ` «Խաղ իմ կանոններով», որն էկրաններին է մարտի 8-ից:
Առաջին հայացքից ֆիլմը հետաքրքրական է այնքանով, որ հանրությանը հայտնի զույգը խաղում է ֆիլմում միասին` բաժանվելուց հետո:
Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Ավագյանը հերքում է այն տեսակետը, որ Անիի եւ Մովսեսի միասին նույն ֆիլմում նկարահնվելու առաջարկը ոչ թե ֆիլմի PR-ի համար է արվել, այլ պատահաբար է որոշվել, սակայն միանշանակ պարզ է դերասանների ընտրման ենթատեքստը:
Ուսումնասիրելով հանրության արձագանքը ֆիլմի մասին նկատելի է դառնում, որ այն սկսում եւ վերջանում է Անի եւ Մովսես զույգի անձնականի մասին հետաքրքրասիրությամբ:
Գլխավոր հերոսուհին` Անի Երանյանը համաձայնել է նկարահանվել ֆիլմում, քանի որ դա իր ընկերների առաջին աշխատանքն է եղել: Ինչ վերաբերում է անձնականին, ապա ըստ նրա, անձնականը չպետք է խանգարի աշխատանքին:
Ֆիլմի սյուժեն հետեւյալն է` Եվան պատրաստվում է ամուսնանալ, սակայն հարսանիքից առաջ փորձում է իր մեջ հասկանալ, արդյոք ճիշտ է վարվում ու մեկնում է Հայաստան: Եվ ահա անսպասելի զարգանում են իրադարձությունները, քանի որ Երեւանում հանդիպում է իտալաբնակ հայի, որն իր վրա գրազ է եկել, իսկ Եվան էլ որոշում է թելադրել խաղի իր կանոնները եւ միմյանց հետ խաղը վերածվում է սիրո եւ, ինչպես բոլոր նման ֆիլմերում, այս ֆիլմում եւս իրադարձությունների զարգացումը ուրախ ավարտ է ունենում:
Ֆիլմի գործողությունները նկարահանվել են Գառնիի հեթանոսական տաճարում, Գեղարդում, Խոր Վիրապում, եւ պատմամշակութային կոթողների ցուցադրմանը զուգահեռ ֆիլմում դերակատարները պատմական ակնարկ են ներկայացնում այդ կոթողների մասին, որը նաեւ կրթական նշանակություն ունի:
Ֆիլմի մյուս դերակատարներն են` Լիա Զախարյանը, Արթուր Սահակյանը, Հայկ Ավագյանը, Արթուր Պետրոսյանը, մոնտաժողը` Հրաչյա Մեսրոպյանը, սցենարի հեղինակըՙ Անուշ Պետրոսյանը, ռեժիսորը` Միքայել Բագրազյանը:
Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Ավագյանը, որը նաեւ ֆիլմում մարմնավորում է հայ տղայի կերպար, «Ազգի» հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ճիշտ եւ ընդունված, որ ֆիլմի պրոդյուսերը նկարահանվում է ֆիլմում, ասաց, որ նա առաջին մասնագիտությամբ դերասան է, իսկ երկրոդ մասնագիտությամբ` պրոդյուսեր, եւ ֆիլմում կիրառել է իր երկու մասնագիտություններն էլ:
Բարի երթ ֆիլմին…