Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել ու ջանքեր գործադրել խաղաղության համար։
Այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի փոխնախագահ, համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը։
«Հեռանկարներ միշտ կան, ու միշտ պետք է ձգտել դրան»,- ասել է Մանիլովը։
Նա նշել է, որ Հայաստանի սահմանապահ ծառայությունը նույնպես մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որն այսօր տեղի է ունեցել Բաքվում։
«Հուսով եմ, որ հաջորդ հանդիպմանը, որը կկայանա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը»,- հավելել է նա։
Բաքվում այսօր ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը։ Նիստին մասնակցում են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։