Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, իր հետ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում որոշ հանգամանքներ պատմեց իր և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի հետ կապված միջադեպից:
«Ես դուրս թռա մեքենայից, քանի որ այլ կերպ չէի կարողանում դուրս գալ»,- լրագրողի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտը:
Ըստ նրա՝ մինչ այդ, 7 րոպե պահանջել է կանգնեցնել մեքենան, ինչը տիկին Գայանեն չի արել:
Հարցին՝ ինչ-որ վտա՞նգ էր զգում, Փաշինյանը պատասխանեց՝ ամեն դեպքում իր կամքին հակառակ՝ տեղափոխում էին, ու վերահաստատեց՝ հանցագործություն է տեղի ունեցել. «ՀՀ-ում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատական ստանան»:
Ի՞նչ է ստացվում. չափահաս, պատերազում «հերոսացած» տղան ինքնակամ նստել է տիկին Գայանեի մեքենան ու այն պահին երբ գիտակցել է, որ իր կամքին հակառակ են Եռաբլուր տանում, որոշել է ինքնակամ «դուրս գալ» մեքենայից:
Նշենք, որ այսօր մեկնարկել էր Աշոտ Փաշինյանին իբր առևանգելու գործով նախնական դատալսումները, որոնց ընթացքում քննարկվում էր Գայանե Հակոբյանի խափանման միջոցի հարցը:
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյան- Գայանե Հակոբյան միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 17-ին: