«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները սկսել են իրազեկման արշավը։ Առաջին այցը Գյումրիում էր, հունիսի 4-ին։
Ինչպես ավելի վաղ Azg.am-ը տեղեկացրել է, «Համախմբում» շարժումն սկսել է օրենսդրական նոր նախաձեռնություն, որի նպատակն է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած քայլ արգելել ու դատապարտել օրենքի ուժով։
Ըստ այդմ՝ 60 օրում պետք է հավաքել առնվազն 50 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքը պետք է անց կացվի բացառապես պետական կառույցներում՝ մարզպետարաններում, քաղաքապետարաններում, համայնքապետարաններում։ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում «Հայաքվե» նախաձեռնությունը ԱԺ-ին է ներկայացնելու օրենքի նախագիծ՝ դատապարտել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած պաշտոնյանի ցանկացած քայլ ու հայտարարություն։
Եթե խորհրդարանը մերժի օրենքի նախագիծը, ապա անհրաժեշտ է լինելու այս անգամ արդեն հավաքել 300 հազար ստորագրություն, դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և անց կացնել հանրաքվե, որով հայ ժողովուրդը կարտահայտի իր դիրքորումը՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Այս դեպքում հայ ժողովուրդն իր կամարտահայտման իրավունքով կարող է շրջանցել ԱԺ-ը. եթե խորհրդարանը մերժի Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչելու օրինագիծը, ապա մենք ազգովի կարտահայտենք մեր դիրքորոշումը և հանրաքվեով կստիպենք իշխանություններին հեռու մնալ Հայկական Արցախն Ադրբեջանին հանձնելու որոշումից։
«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները Գյումրիում հանդիպումներ են անց կացրել ու իրազեկել իրենց նպատակների ու ծրագրերի մասին։
Նշենք, որ «Հայաքվեն» շարունակելու է իրազեկման արշավները և պարբերաբար այցելելու է Հանրապետության տարբեր մարզեր, հանդիպումներ է անց կացնելու՝ հանրությանը տեղեկացնելու, թե որքան կարևոր է յուրաքանչյուրի կարծիքը, ստորագրությունը, ձայնը, որպեսզի կանխվի Հայրենիքը թշնամուն հանձնելու հակապետական, հակահայ, մերժելի քայլը։