Ո՞րն էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը եւ ի՞նչ հետեւանքներ կունենա այն երկրի սոցիալ-տնտեսական վիճակի եւ բիզնես միջավայրի վրա: Այս հարցերի շուրջ մտորելու ցանկություն քչերի մոտ է առաջանում: Մինչդեռ, հատկապես երկրորդ հարցը պետք է մտահոգեր երկրի բնակչությանն այն պահին, երբ քաղաքական ուժերը պահանջում էին Տիգրան Սարգսյանի հրաժարականը, օլիգարխները ֆինանսավորում էին նախկին վարչապետի դեմ տարվող հակաքարոզչությունը, իրեն «քաղաքացիական հասարակություն» կոչող խմբերը հայհոյանքներ ու զրպարտություն տարածելով նպաստում էին այդ գործընթացին, Սահմանադրական դատարանն էլ իր «իրավական» լուման էր ներդնում այդ հարցում: Սակայն հասարակության մի զգալի մասը ձայնակցում էր այս ամենին, առանց մտածելու, թե հետեւանքներն ինչպիսի՞ն կլինեն հենց իր համար:
Չորս կուսակցությունները պահանջում էին վարչապետի հրաժարականը տարբեր նկատառումներով, բայց նրանց շահերը տվյալ հարցում համընկնում էին: Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն ցանկանում են մարդկանց հիշողությունից հանել իրենց պատասխանատվությունը այն ժամանակահատվածի համար, երբ «կոալիցիոն գործընկերներ» էին եւ նախարարական պաշտոններ էին զբաղեցնում գործող կառավարության կազմում: Նրանց ներկայիս ընդդիմադիր կեցվածքին դա շատ էր խանգարում, քանի որ պարբերաբար հիշեցվում էր, որ այս կամ այն հարցի վերաբերյալ նրանք այլ դիրքորոշում ունեին կառավարությանը մաս կազմած ժամանակ: Հետեւաբար, հարկ էր ջնջել հիշողությունները Տիգրան Սարգսյանի կառավարության` հետեւաբար եւ իրենց պատասխանատվության մասին: «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին էլ քաղաքական միավորներ էին անհրաժեշտ: Նրանք հիմա հպարտորեն շեշտում են, որ իրենց ջանքերի արդյունքն էր վարչապետի հրաժարականը:
Խոշոր բիզնեսը կամ, ինչպես ասում են, օլիգարխները լուրջ մտահոգություններ ունեին նախկին վարչապետի ձեռնարկած քայլերից, որոնք անուղղակիորեն փորձում էին սահմանափակել նրանց անսահմանափակ ազդեցությունը տնտեսական գործընթացների վրա: Պետգնումների ոլորտում խախտումներ կատարած ընկերություններին որոշակի ժամանակահատվածում նորից գնումներին մասնակցելու արգելքը, փաստաթղթաշրջանառության բացահայտման ուղղությամբ քայլերը, առավել խոշոր 500 ընկերությունների աուդիտի արդյունքների հրապարակային դարձնելը, տնտեսական մրցակցության խախտումների համար խոշոր տուգանքները: Բնական է, որ այս ամենը դուր չէր գալիս այդ ընկերությունների սեփականատերերին, որոնց թվում` Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին եւ մյուս օլիգարխներին, որոնք բացահայտ եւ թաքուն պայքար էին տանում Տիգրան Սարգսյանի դեմ: Ի վերջո, նրանք հասան իրենց նպատակին: Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանա նման քայլեր անել հասկանալի պատճառներով:
Թերեւս հենց վերջին հանգամանքն էլ էական ազդեցություն կունենա մեր տնտեսության եւ բիզնես միջավայրի վրա: Եթե վերջին տարիներին Հայաստանի բիզնես միջավայրի Doing Business եւ մրցունակության ցուցանիշները առաջընթաց էին գրանցում, ապա այսուհետ քիչ հավանական է թվում հետագա առաջընթացը: Այլեւս ոչ ոք չի խանգարի օլիգարխներին ուժեղացնել իրենց դիրքերը շուկայում եւ թելադրել իրենց խաղի կանոնները` լրջորեն վտանգելով փոքր ու միջին բիզնեսի շահերը:
Հաջորդը, հայտարարվեց, որ նոր կառավարությունը կշարունակի նախորդի բարեփոխումները: Սակայն դժվար է պատկերացնել, թե այլ թիմի, նրա ղեկավարի կողմից, այլ գաղափարական արժեքների վրա մշակված եւ իրագործվող բարեփոխումները ինչպե՞ս է շարունակելու նոր վարչապետը: Ինքը Հովիկ Աբրահամյանը չունի նախկին վարչապետի տնտեսական գիտելիքները, տնտեսական տարբեր իրավիճակներին համարժեք արձագանքելու, համաշխարհային տնտեսության իրավիճակը վերլուծելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու ունակությունները, չունի միասնական թիմ, որը գոնե կարողանա շարունակել նախկին թիմի սկսած բարեփոխումները, չենք ասում արդեն նոր բարեփոխումներ իրականացնելու մասին: Սկսած արտահանմանն ուղղված արդյունաբերական աջակցության ռազմավարությունը եւ վերջացրած պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգով, ո՞ւմ հետ եւ ինչպե՞ս է իրագործելու նոր վարչապետը: Կցանկանա՞ Տիգրան Սարգսյանի թիմը շարունակել աշխատել նոր վարչապետի հետ: Եթե այո, ապա կստացվի՞ փոխգործակցությունը: Եթե ոչ, ապա ովքե՞ր են իրականացնելու նրա սկսած բարեփոխումները: Հարցեր, որոնց շուրջ պետք է մտորեին գոնե քաղաքական այս կամ այն ուժին չպատկանող շարքային քաղաքացիները, քանի որ դրանց պատասխաններից են կախված մեր երկրի տնտեսական զարգացումները, հետեւաբար եւ բոլորիս կենսամակարդակը:
Դժբախտաբար, այսօր ձեւավորվել է հասարակության մի ստվար խավ, որի մոտ բացակայում է իր գործողությունների հետեւանքների մասին մտածելու ցանկությունը կամ ունակությունը: Այդ խավը հրճվում է Տիգրան Սարգսյանի հրաժարականով, իսկ հաջորդ օրը սկսում ծաղրել Հովիկ Աբրահամյանին: Նրան չի հետաքրքրում երկրի հետագա ճակատագիրը, նա չի տարբերում իշխանության ճիշտ քայլը սխալից, լավը վատից, նրա համար նա ով իշխանություն է, սրիկա է, իսկ երբ նույն մարդը դառնում է ընդդիմադիր` արդեն լավն է: Նա չի հասկանում, թե ի՞նչ է ուզում ի վերջո, նա ինքն էլ չգիտի, թե ո՞ր գործիչն ու քաղաքական ուժն են իր նախընտրությունները, նա մշտապես դժգոհ է` ՀՀ բոլոր 3 նախագահներից, 13 վարչապետներից, բոլոր կառավարությունների անդամներից, պատգամավորներից, մշտապես միանում է բողոքողներին` անկախ նրանից, որ այդ բողոքը իր անձնական կամ երկրի ու պետության հավաքական շահի դեմ է: Ընդ որում, դա միայն սոցիալապես անապահով խավը չէ, նրա մեջ ընդգրկված են բոլոր խավերը եւ առավելապես` քիչ թե շատ ապահովվածները: Այդ խավը դարձել է երկրի զարգացման գլխավոր արգելակներից մեկը, ռացիոնալ դատողությունները բացակայում են նրա մտածողության մեջ: