Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հրեաներ, պահպանե՛ք հայերին»

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Իսրայելական «Դետալի» («Детали») ռուսալեզու կայքի հարցազրույցը Հայաստանի հրեական կրոնական համայնքի ռաբբունապետի հետ

– Ըստ հայկական աղբյուրների, հրեաները Հայաստանում հայտնվել են առնվազն 2,5 հազար տարի առաջ: Ըստ հրեական աղբյուրների, Դատավորների դարաշրջանում Բենիամինի ցեղը փախել է հյուսիս-արեւմուտք՝ հենց այստեղ: Դա եղել է առաջին ալիքը,- «Դետալի»-ին պատմում է Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Բուրշտեյնը:- Երկրորդ ալիքը եկել է Բաբելոնից՝ Առաջին տաճարի ավերումից հետո: Միդրաշ ռաբայի (Հնգամատյանի եւ Հինգ մագաղաթների հրեական մեկնաբանությունների  անթոլոգիա – Գ. Մ.) առաջին գլխում Բարձրյալն ասում է. «Այլևս չեմ քշի նրանց անապատը, որտեղ նրանք կկործանվեն, այլ կուղարկեմ Հայաստան երկիր, որտեղ հաց ու ջուր կգտնեն»:

Իսկ արդեն Երկրորդ տաճարից հետո Տիգրան Մեծ արքան Հայաստան է բերել,  տարբեր տվյալներով, 30 հազարից 300 հազար հրեա: Նրանց լավ էին վերաբերվում, Արտաշիսյանների օրոք հնարավորություն էին տալիս ապրել մեծ քաղաքներում, զարգացնել առեւտուրը: Հրեաների ազդեցությունն այնքան մեծ էր, որ ե՛ւ Փոքր Հայքում, ե՛ւ Մեծ Հայքում հրեական ծագմամբ թագավորներ էլ են եղել: Հովսեփ Փլավիոսը, լինելով Հայաստանում, գրել է, թե այս երկիրը լավն է հրեաների համար:

– Իսկ ահա այս գեղեցիկ ազգանունները՝ Իսահակյան, Իսրայելյան, հրեակա՞ն են:

– Կարծում եմ՝ ոչ: Դրանք ծագում են այն անուններից, որոնք վերցված են քրիստոնյաների կոչած Հին Կտակարանից: Բայց կա, օրինակ, Դայան հայկական ազգանուն, այն արդեն ածանցյալ է ոչ թե անունից, այլ մասնագիտությունից: Այդ մարդու նախնին դատավոր է եղել: Իսկ ընդհանուր առմամբ՝ տեղի է ունեցել ուժեղ միախառնում: Առաջին ալիքը հազվագյուտ բացառություններով (Իզմիր քաղաքից ոչ հեռու կա ոչ մեծ համայնք, որը պահպանվել է հին դարերից) ձուլվել է հայությանը: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ հայերի ու հրեաների միջեւ այնքան ընդհանուր բան կա:      

– Ի՞նչ, օրինակ:

– Հակվածությունը վերացարկված մտածողությանը: Դառը հումորի զգացումը: «Շին» տառը հայոց այբուբենում: Բնածին ժողովրդավարությունը: Հայկական մտածելակերպը այնքան էլ կովկասյան չէ, ավելի շուտ մերձավորարեւելյան է, դա ասում են իրենք՝ հայերը: Ավելին, մենք նաեւ արտաքինով ենք նման: Ո՛չ բոլորն, իհարկե, բայց կա այնպիսի հայկական առանձնատիպ, որը դժվար է տարբերել հրեականից:

Եվ վերջապես, ինչպես եւ հրեաները, հայերը համաշխարհային ազգ են: Ժողովրդի մեծ մասն ապրում է իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Չկա երկիր, որտեղ չլինեն հրեաներ, չկա երկիր, որտեղ չլինեն հայեր: Դրանք երկու վտարակ ժողովուրդներ են, որոնք հազարամյակներով ապացուցում են պատմական հայրենիքում ապրելու իրենց իրավունքը, ինչը շատերի կողմից ժխտվում է: Կա անգամ հրեասիրական մի զվարճապատում. «Հայեր, պահպանեք հրեաներին. որ նրանց վերջացնեն՝ ձեզ կդառնան»: Բարոյական խրատը պարզ է՝ հարկավոր է պահպանել միմյանց:

– Որտեղի՞ց է այդ դեպքում Հայաստանի մասին պատկերացումը իբրեւ հակասեմիտական երկրի: Հայտնի է  Pew Research Center-ի վարկանիշային հետազոտությունը, որի համաձայն այն հրեաների հանդեպ ամենաանհանդուրժող երկիրն է: Ավելի շատ, քան Ռուսաստանն ու Լեհաստանը: «Հայաստանի բնակչության 32 տոկոսը չէր ցանկանա տեսնել հրեաներին իր երկրի քաղաքացիների թվում»:

– Դուք բախվե՞լ եք հակահրեականության՝ ապրելով Հայաստանում:

– Երբեք:

– Ես եւս: Մինչխորհրդային ժամանակներում Երեւանի գավառում հրեաները կազմել են քաղաքի բնակչության մոտ 17տոկոսը. Դա շատ մեծ թիվ է: Դուք չեք գտնի հրեաների կոտորածի կամ այստեղից վտարման ոչ մի հիշատակություն: Ավելին, Հայաստանը ժամանակին կոչել են ազատ հրեաների երկիր. այստեղ երբեք չի եղել բնակության սահմանագիծ, հրեաներն ազատ ապրել են բոլոր մեծ քաղաքներում: Անգամ հրեական հանրագիտարանում չկան Հայաստանում հակասեմիտիզմի փաստեր: Սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղից հրեաները գնում են Իսրայել գաղափարական նկատառումներով, բայց ոչ մեկը չի հեռացել ազգային անհանդուրժողականության պատճառով:

– Որտեղի՞ց է այդ դեպքում հայտնվել նման առասպելը:

– Ես բացատրություն չունեմ: Եկեք լրիվ անաչառ լինելու համար ասենք, որ Հայաստանից դուրս հրեաների և հայերի տարանջատումը շատ ավելի կոշտ է, քան երկրի ներսում: Այսպես օրինակ, Հայաստանի ամենահին ազգայնական կուսակցություն «Դաշնակցությունը» այնքան էլ բարեհաճ չէ հրեաների նկատմամբ: Երկրի ներսում ես նման խնդիրներ չգիտեմ, իսկ ահա, ասենք, Ամերիկայում տարաձայնություններ իրոք կան:
Հրեաների եւ հայերի միջև ատելություն հրահրելու բազմաթիվ փորձեր են եղել: Կա, օրինակ, մեջտեղ նետված մի պնդում, թե ցեղասպանության գաղափարախոսները հրեաներ են եղել: Իբր թե երիտթուրքերի մեջ եղել են 17-րդ դարի կեղծ մարգարե, հրեականությունից հրաժարված եւ իսլամ ընդունած Շաբթայ Զվիի ժառանգները: Թերևս գենետիկական կապեր կան, բայց այդ ամենը կարծես մատից ծծած ենթադրություն լինի:

– Սակայն եթե հակահրեականություն Հայաստանում ես իրոք չեմ տեսնում, ապա Իսրայել պետությանը հայերը մեծ հարցեր ունեն. Իսրայելը չի ճանաչել (Հայոց) ցեղասպանությունը, զենք է վաճառում Ադրբեջանին, բարեկամություն է անում Թուրքիայի հետ:

– Բայց դրանք հարցեր են Իսրայելի ղեկավարությանը, եւ ոչ իսրայելական հասարակությանը: Հասարակությունը պարբերաբար երթեր է անցկացնում եւ  ստորագրահավաք անում՝ պահանջելով փոխել Ադրբեջանի հետ ռազմական շփման դիրքորոշումը: Քաղաքական կապերը իրավիճակային են, դրանց հիման վրա չի կարելի մասշտաբային եզրակացություններ անել: Օրինակ, Իրանը, որն այժմ Իսրայելի ամենավտանգավոր թշնամին է, ժամանակին, պատմական առումով բոլորովին վերջերս նրա դաշնակիցն էր: Իսրայելն օգնեց Իրանին Իրաքի դեմ պատերազմում: Իսրայելին բարեկա՞մ է արդյոք Թուրքիան: Վստահ չեմ. Նկատեք, որ Էրդողանը Իսրայելն Իսրայել չի կոչում, նա ասում է, որ դրանք ժամանակավորապես գրավված պաղեստինյան տարածքներ են: Մահմեդական երկրներն Իսրայելի համար  երբեք լուրջ գործընկերներ չեն լինի, սա ժամանակավոր է, սա քաղաքական շահ է: Բայց ժողովուրդների բարեկամությունը քաղաքական շահով չէ պայմանավորված:  

Վերջերս Հայֆայում բացեցին հուշահամալիր եւ հրապարակ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Բացումից անմիջապես հետո թուրք դեսպանը հայտարարեց, թե այդ արարքը վիրավորական է իր երկրի համար: Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ են խոշոր փողեր վճարել, որ նման բան տեղի չունենա:

– Հայֆայում հուշահամալիրը խոշոր իրադարձություն է, բայց կնեսետը չի ճանաչել ցեղասպանությունը:

– Ինչը նրան պատիվ չի բերում: Ճանաչել է երկու քաղաք՝ Պետահ Տիկվան եւ Հայֆան: Ու սա նույնպես վկայում է պետության ու ժողովրդի տարբերության մասին: Պետությունը ղեկավարվում է քաղաքական դրդապատճառներով, մարդիկ՝ մարդկայնության նկատառումներով: Համենայն դեպս հիշեցնեմ, որ հրեաները՝ մասնավոր անձինք, շատ ջանքեր են գործադրել Ցեղասպանությունը Ֆրանսիայում եւ այլ երկրներում ճանաչել տալու համար:  

– Վիրավորվածություն, այնուամենայնիվ, կա: Հայերն ասում են, որ Հոլոքոստի մասին գիտե ողջ աշխարհը, իսկ Ցեղասպանությունը հաճախ լռության է մատնվում: Սա նման է նրան, որ աշխարհի ողջ ուշադրությունն այժմ ուղղված է ուկրաինական պատերազմին, իսկ արդեն կես տարի շրջափակման մեջ գտնվող ու ոչնչացման եզրին հայտված Արցախի աղետալի վիճակը շատ քչերին է մտահոգում: «Մեզ մոռացել են»,- ասում են մարդիկ:

– Նրանք միանգամայն ճիշտ են, դա անարդարացի է: 2000 թվականին ես նամակ գրեցի Իսրայելի այն ժամանակվա նախագահ Մոշե Կացավին. «Պարոն նախագահ, որպես Հայաստանի հրեա՝ ես հպարտ կլինեմ Իսրայելով և մեր ժողովուրդով, եթե մենք ճանաչենք այն, ինչի պատճառով է վերջին հաշվով տեղի ունեցել Հոլոքոստը»:

– Իսկ ի՞նչ կապ կա Ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ:

– Ինչ-որ առումով Ցեղասպանությունը Հոլոքոստի փորձն էր: Ցեղասպանությանը միջազգային լուրջ արձագանքի բացակայությունը նացիստների ձեռքերն արձակեց: Որքան գիտեմ, Գեբելսը հրեական հարցի վերջնական լուծումը պատճառաբանել է այսպես. «Ո՞վ է հիմա հիշում հայերին»: Եթե   հաջողվել է մեկը, մյուսն էլ կհաջողվի:(*)

– Ինչքա՞ն հրեա կա այժմ Հայաստանում:

– Ոչ ոք չի հաշվել, հրեաներին հաշվելն ընդհանրապես շատ ընդունված չէ: Կարող եմ ասել, որ վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանից Իսրայել է մեկնել մոտ 20 հազար ընտանիք: Ի՞նչ կարող ենք ասել հրեաների մասին, եթե 90-ականներին այստեղից հեռացել է հայ բնակչության մոտ 50 տոկոսը: Եթե   երկու պատերազմ ու շրջափակում չլիներ, կարծում եմ՝ հիմա այստեղ 15-20 հազար հրեա կապրեր: Համայնքը փոքր է, շատ տարիների ընթացքում առաջին լուրջ համալրումը տեղի է ունենում հենց հիմա, մեր աչքի առաջ. Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո շատ ռուս հրեաներ են եկել այստեղ:

– Իշխանություններն օգնո՞մ են ձեզ:

– Հայաստանի իշխանությունները ազգային որեւէ խումբ չեն առանձնացնում:  Հայաստանի բյուջեն ներառում է գումար էթնիկ խմբերի մշակութային զարգացման համար, դրանք տասնմեկն են՝ եզդիներ, հույներ, ասորիներ, ռուսներ, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ, հրեաներ, լեհեր, քրդեր, ուկրաինացիներ:

– Ինչ-որ մի Նոյյան տապան:

– Այդպես էլ կա: Բոլոր խմբերը միասին կազմում են ընդհանուր բնակչության լոկ 6 տոկոսը: Ավելի ճիշտ՝ կազմում էին: Ռուսաստանից զանգվածային արտագաղթը խախտել է համամասնությունները:

– Ժողովուրդների զանգվածային գաղթ, պատերազմ, որը պատրաստվում է դառնալ համաշխարհային. աշխարհը դարձել է վտանգավոր վայր, չկա լիարժեք վստահություն, որ այն ընդհանրապես կփրկվի: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս ամենի իմաստը, եթե կա:

– Կա: Աշխարհի օրենքները ներդաշնակության օրենքներ են: Իսկ պատերազմը կործանարար գործընթաց է, դա այն բանի ցուցիչն է, որ մենք ճանապարհից շեղվել ենք, մոլորվել: Ես կրթությամբ կենսաբան եմ և գիտեմ, թե ինչպես է տեղի ունենում բեղմնավորումը: Միլիոնավոր սերմնաբջիջներ արշավում են լիակատար քաոսի մեջ, բայց լինում է մեկը, որն անշեղորեն առաջ է շարժվում, եւ հենց նա է, որ հասնում է նպատակին:

– Իսկ ո՞րն է նպատակը:

– Ցեղի շարունակումը, համախմբումն ու սերը: Զուր չեն ասում, որ գալիք Տաճարը կլինի բոլոր ժողովուրդների տաճարը: Մարդկությունը նման է մեկ մեծ մարդու: Եթե   միլիարդավոր բջիջները չեն կարողանում պայմանավորվել միմյանց միջև, հիվանդություն է սկսվում, կարելի է մահանալ: Պետք է համաձայնության գալ, մենք բոլորս այստեղ մարդիկ ենք, մեր մեջ դեռ այլմոլորակայիններ չկան:

*) Այդ խոսքերը Ադոլֆ Հիտլերինն են: Ծ.Խ.:

ՅԱՆ ՇԵՆԿՄԱՆ

Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Մեր նոր Սարդարապատը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մեր նոր Սարդարապատը

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական