Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ԻԻՀ Նախագահի Սիրիա այցելությունը  մտահոգում է Իսրայելին

Վերջին 13 տարիների ընթացքում  Էբրահիմ  Ռայիսին Սիրիա այցելած Իրանի առաջին նախագահն է: Իսկ ՍԱՀ նախագահ Բաշար Ասադը, 2011 թվականից Սիրիայում ընթացող ռազմական գործողություններից ի վեր, երկու անգամ է եղել  Թեհրանում. առաջինը՝ 2019 թվականի փետրվարին, Իրանի ու Ռուսաստանի ջանքերով Սիրիայում հարաբերական խաղաղություն հաստատվելուց հետո, իսկ երկրորդը՝ 2022 թվականի մայիսին՝ ռուս-ուկրաինական  պատերազմի ելքի անորոշության  պայմաններում: Երկու դեպքում էլ  Բաշար Ասադի այցը Թեհրան տեղի է ունեցել խիստ խորհրդապահական պայմաններում, որոնց  մասին տեղեկատվությունը տարածվել է  միայն նախագահ Ասադի տունդարձից  հետո:
 2019 թվականի Բաշար Ասադի այցի մասին տեղեկացված չէր  անգամ Ռոհանիի կառավարության ԱԳ նախարար Զարիֆը, որն իր դժգոհությունն արտահայտեց նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելու եղանակով:

Նախագահներ Ռայիսիի ու  Ասադի՝ մայիսի 3-ի հանդիպման ընթացքում  ստորագրվել է տարբեր ոլորտների վերաբերող  երկարաժամկետ ռազմավարական համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր:  

Բաշար Ասադն իր իրանցի պաշտոնակցին ողջույնի խոսք հղելով՝  երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես երկու վստահելի գործընկերների կամքն արտահայտող եւ ամուր հիմքերի վրա կառուցված բարեկամական կապեր:
Երկու երկրների կողմից վարվող քաղաքականության մասին Բաշար Ասադը նաեւ հետեւյալն է ասել.

«Քաղաքականության մեջ մենք  Իրանի հետ  երբեւէ   բախտախաղի չենք գնացել»:
ԻԻՀ նախագահն էլ իր հերթին  երկկողմ  հարաբերությունների մասին դիվանագիտական ջերմ խոսքեր հղելով,  հետպատերազմյան շրջանի  վերականգնողական աշխատանքներում հաջողություններ է մաղթել իր սիրիացի գործընկերոջը  եւ անդրադարձել  Իրանի ու Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հաղթահարմանը:

Իսրայելի դեմ պայքարում Արաբական աշխարհի հետ  միասնական ճակատ ստեղծելու նպատակով, վերջին շրջանում Իրանն ակտիվ դիվանագիտական քայլերի է դիմում:  ԻԻՀ նախագահ Ռայիսիի Դամասկոս այցելությունը գնահատվում է հենց  այդ տրամաբանության մեջ: Քանի որ Սիրիան, Իրանի արտաքին քաղաքականության մեջ, որպես  Մերձավոր Արեւելքում անփոխարինելի գործընկեր,  առանցքային նշանակություն ունի:

 Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված հնարավոր ռազմական գործողությունները,  ինչպես նաեւ Իսրայելի տարածաշրջանային ազդեցության մեծացումը, Թեհրանի պատկերացմամբ,  հնարավոր է կանխել նաեւ Սիրիայի միջոցով:

Պատահական չէր, որ մինչեւ Սիրիա այցելելը, լիբանանյան   «Ալ-Մայադին» արաբատառ թերթին տված հարազրույցի ժամանակ Ռայիսին ասել է՝  «Իրանի տեսակետով, Սիրիան Իսրայելի դեմ «դիմադրության ճակատի» առաջնագծերից մեկն է, եւ իմ այցի նպատակը հենց «դիմադրության ճակատի  հզորացումն է:Էբրահիմ Ռայիսիի Սիրիա այցելության առթիվ  Իսրայելից հնչող արձագանքները վկայում են Թել Ավիվի մտահոգության մասին:

Օրինակ, Իսրայելի 13-րդ ալիքը հաղորդել  է՝  «Հզբոլլահի, ՀԱՄԱՍ-ի ու Իսլամական ջիհադի միավորումով, Իրանը մտադիր է  մերձավորարեւելյան նոր քաղաքականության  հիմք դնել»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ