Եվրոմիությունն ունի պատասխանատվության իր բաժինը
ԱՄՆ-ում հրապարակվել է Սենատի զեկույցը ԿՀՎ գաղտնի բանտերում կիրառված կտտանքների վերաբերյալ: Փաստաթղթի հիմքում ընկած քննությունն անցկացվել է վեց տարիՙ արժենալով 40 մլն դոլար: Սենատի հետախուզության հանձնախմբի անցկացրած քննության նյութերը կազմում են 6 հազար էջ: Դրանց մեծ մասը գաղտնիացնելովՙ Սենատը հրապարակել է ընդամենը 500 էջ: Սակայն դա էլ բավական է, որպեսզի ԱՄՆ-ը մտածի աշխարհում իր դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանությունն ուժեղացնելու մասին: Ենթադրվում է, որ գաղտնիացման շնորհիվ ԿՀՎ աշխատակիցներից որեւէ մեկը չի պատժվի:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի խոսքերով, հաշվետվության հրապարակումը կարող է արտերկրում սպառնալիք ստեղծել ԱՄՆ քաղաքացիների եւ դիվանագետների համար, ուստի նախագահ Օբամայի վարչակազմը ձեռնարկել է «անվտանգության համապատասխան միջոցներ»:
2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԿՀՎ գործակալները ենթադրյալ ահաբեկիչների նկատմամբ կիրառում էին «հարցաքննության ընդլայնված տեխնիկա». նրանց ծանակում էին, մահապատիժ նշանակում, օրերով քնից զրկում եւ այլն: Օգտագործում էին նաեւ ջրահեղձության կտտանքը, որի դեպքում ջուրը թափանցում է շնչուղիներՙ հարուցելով ջղակծկում, թթվածնային քաղց եւ որձկում, որից կարելի է շնչահեղձ լինել: Խիստ ցավագին զգացողությունները ուղեղին ստիպում են խուճապի ազդանշան տալ, կապված ձեռքերի ու ոտքերի ոսկորները կոտրվում են մկանների գերլարվածությունից: Ոչ ոք 20 վարյկյանից ավելի չի դիմանում: Միջնադարյան հավատաքննության մեթոդները 21-րդ դարում հաջողությամբ կիրառում են ՀՎ աշխատակիցներըՙ ԱՄՆ քաղաքացիները: ԿՀՎ գաղտնի բանտերում եղել է 119 կալանավոր, ասվում է Սենատի հանձնախմբի զեկույցում: Ի դեպ, կտտանքների շնորհիվ ստացված ցուցմունքները հիմնականում չէին համապատասխանում իրականությանը, բայց հետախույզները դրանց հիման վրա էին կառուցում իրենց աշխատանքը:
Հետախույզներն իրավաբանորեն «մաքուր» էին գործում, քանի որ ամեն ինչ տեղի էր ունենում ԱՄՆ-ի տարածքից դուրս, հատուկ ձեւով կահավորված օդանավում, նավում կամ Լեհաստանում եւ Լիտվայում, որտեղ, ինչպես պարզել են BBC-ի լրագրողները, գաղտնի բանտը քողարկված էր ձիավարության դպրոցի տեսքով:
Իրավապաշտպանների տվյալներով, ամերիկացիներին օգնել են 54 պետություններ, որոնց մեջ շատ են եվրոպականները: Սակայն ոչ մի երկիր պաշտոնապես չի խոստովանել իր հանցակցությունը:
Նախագահ Բարաք Օբաման ԿՀՎ-ի վերոհիշյալ մեթոդները սխալ համարելովՙ որոշել է այսուհետեւ արգելել մարդկանց խոշտանգումները: Սակայն երկրի ընտրախավի առնվազն կեսը կազմող հանրապետականները գտնում են, որ կտտանքների համար ամաչելու պատճառ չկա, իսկ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը խոշտանգիչներին նույնիսկ համարում է հերոսներ:
«Մենք երջանիկ ենք, որ տղամարդիկ եւ կանայք ԿՀՎ-ում աշխատում են ի բարօրություն հասարակության: Նրանք հայրենասերներ են: Ինչ էլ ասվի զեկույցում, եթե այն նսեմացնում է տվյալ մարդկանց դերը, ուրեմն հեռու է ճշմարտությունից: Ես ճանաչել եմ ԿՀՎ բոլոր ղեկավարներին, նրանց տեղակալներին, բազմաթիվ գործակալների: Նրանք իրոք լավ մարդիկ են, եւ մեր երկրի բախտը բերել է, որ նրանք կան», հավաստիացնում է Ջորջ Բուշ կրտսերը:
Զեկույցի հրապարակումը դրական արձագանք գտավ համայն աշխարհում: Դժգոհություն արտահայտեցին միայն ամերիկյան գաղտնի ծառայությունների որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ջորջ Բուշ կրտսերի կուսակից մի շարք հանրապետականներ: Ամերիկացի հետախույզների ընկերակցությունը պնդում է, թե Սենատի հանձնախմբի զեկույցը «սրբագրում է պատմությունը»: ԿՀՎ աշխատակիցները, անշուշտ, կուզենային հենց իրենք սրբագրել զեկույցը: Ըստ որում, նման հնարավորություն եղել է. մարտին հետախույզները «կոտրել» էին զեկույցով զբաղվող սենատորների համակարգիչները, ինչը քիչ էր մնացել սահմանադրական ճգնաժամ առաջացներ:
Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքկոնելը եւ հետախուզության հանձնախմբի անդամ Սեքսբի Չեմբլիսը հայտարարել են, թե անհրաժեշտ տեղեկությունների հայթայթման նպատակով ԿՀՎ-ի կիրառած մեթոդներն օգնել են գտնելու վտանգավոր ահաբեկիչների, որոնցից էր Ուսամա բեն Լադենը:
Եվրոխորհրդարանում Կանաչների խմբակցության ներկայացուցիչ Էվա Ժոլին իր հերթին հայտարարել է. «Այս նոր իրեղեն ապացույցը Եվրոմիության անդամ պետություններին ստիպում է ընդունել նաեւ իրենց պատասխանատվությունը»:
«Մոնդ» թերթը հիշեցնում է, որ Եվրոխորհրդարանը 2006-ից քննություն է անցկացնում աշխարհում ԿՀՎ գաղտնի բանտերի եւ դրանց կալանավորների վերաբերյալ: Ենթադրյալ ահաբեկիչները գաղտնաբար տեղափոխվել են մասնավորապես Գուանտանամո (ԱՄՆ-ի զավթած կուբայական կղզի), Բագրամ (Աֆղանստան) եւ ԱՄՆ, որտեղ երբեմն անհետ կորել են: ԵՄ որոշ երկրներ օգնել են ԿՀՎ-ին: Մասնավորապես բացահայտվել են հազար գաղտնի թռիչքներ եւ 3 գաղտնի բանտեր Բուխարեստում (Ռումինիա), Անտավիլասում (Լիտվա) եւ Կիեժկուտիում (Լեհաստան):
«Շպիգել» շաբաթահանդեսը գրում է, որ ԿՀՎ գաղտնի բանտերում կիրառված դաժան կտտանքներն ու անօրինությունները ԱՄՆ-ի խայտառակությունն են: Դրանք վկայում են, որ «Ամերիկան դավաճանել է իրեն եւ իր արժեքներին»: