2015թ-ի հունվարի 1-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար կգործի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Կառավարության երեկ ընդունած որոշման համաձայն, որի նախագիծը ներկայացրեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը , ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` «Երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաեւ տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»: Այսպիսով, հունվարի 1-ից մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կկարողանան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով: