Հայաստանում ոչ միայն քաղաքական, այլեւ քրեական «ռազբորկաներ» են: Ընդ որում, համադրելով տարբեր տեղեկությունները, կարելի է եզրակացնել, որ երկրորդը կապ ունի առաջինի հետ` քաղաքական տեղաշարժերը հայտածվում են քրեական տարրերի գործողություններում, քանի որ Հայաստանում, ըստ ամենայնի, քրեական տարրերը շատ բան են որոշում, ընդհուպ առանձին իշխանավորների իշխանության ներդրումը մեր կյանքի տարբեր ոլորտներում: Երբ քաղաքական դաշտում վերադասավորումներ են, փաստորեն վերադասավորվում է նաեւ քրեական աշխարհը, որտեղ ի տարբերություն տնտեսական լծակներով հարց լուծելու, ամեն ինչ լուծվում է սպանություններով, ընդ որում` ցուցադրական ու ցինիկ ձեւով, մարտահրավեր նետելով իրավապահ մարմիններին եւ իշխանավորների «հակառակորդ» թեւերին: Ցավով ենք ասում, եւ ոչ թե ցինիզմով:
Վերջին նրբերանգային քաղաքական տեղաշարժերը մարտի 1-ից կարելի է հաշվել, երբ ընդդիմության` արդեն «է անց» ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում ելույթ ունեցավ անձնապաստան նրբերանգներով, փորձելով «վնասազերծել» նոր ընդդիմություն դառնալու հայտ ներկայացնողներին, «գաղտնազերծելով նոր միասնական ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը».«Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերթը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ (այ, էդ մեկը պիտի չասվեր) հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը», ընդդիմության երեք կտորներին մատնացույց անելով` սարկազմի է դիմել առաջին նախագահը` խանդի մաքուր չափաբաժին ցուցադրելով ընդդիմության նոր բեւեռ ձեւավորելու հայտ ներկայացնողներին: Շատերը Դավալուի տակ հասկացել էին Արամ Զավենի Սարգսյանին, մինչդեռ մեր կարծիքով` խոսքը միգուցե արդեն հին անունով նոր կուսակցության մասին է:
Եվ ահա երեկ հին անունով այդ նոր կուսակցությունը` ԲՀԿ-ն դե յուրե տեսքի բերեց դե ֆակտո կատարվածը` արտահերթ եւ փակ համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց ԲՀԿ ղեկավարի պաշտոնից, ԲՀԿ նախագահ դարձավ Նաիրա Զոհրաբյանը (համարյա միաձայն, մեկ ձեռնպահով, որն ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանն էր), իսկ ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմադիր կուսակցություն է` համենայնդեպս այդպես հայտարարեց նրա նորընտիր ղեկավարը: Ճիշտ է, համագումարից հետո նա լրագրողների հնչեցրած շատ հարցերի պատասխանը դեռ չուներ` այս նոր ԲՀԿ-ն դեռ պետք է հնի ծրագրային հիմնադրույթներից չշեղվելով մարտավարություն մշակի, ճանապարհային քարտեզ գծի, վերլուծություններ անի` ինչն- ինչպես:
Հավանաբար իրենք էլ դեռ չգիտեն` ինչ որակի ընդդիմություն են, արդյո՞ք արմատական են, թե՞ չափավոր, ընդդիմությունից ո՞ւմ հետ պետք է համագործակցեն, արդյո՞ք անտեր են թողնում ՀԱԿ-ին (դե` ֆինանսապես, էլի, քանի որ պարզ չէ նաեւ, թե ով է ֆինանսավորելու Ծառուկյանի ժամանակ ահռելի միջոցներ խժռող այս կուսակցությունը): Բայց Նաիրա Զոհրաբյանը նաեւ չուներ պատասխանները հայտնի հարցերի` ինչպիսի՞ ճնշումների արդյունքում, կամ ո՞ր գործոնների ազդեցությամբ ի վերջո Ծառուկյանը հրաժարվեց կուսակցությունը ղեկավարելուց:
Ինտրիգն, իհարկե, սպասվում էր Գագիկ Ծառուկյանի ելույթում, սակայն այնտեղ էլ մեծ բացահայտումներ այդպես էլ չեղան, նա մնաց իր կերպարի մեջ` որով միշտ հասկանալի էր պարզ մարդկանց: Նրա ելույթը լրագրողներս չենք լսել` համագումարը փակ էր, ելույթը տարածվել է հայտարարությամբ, ուր ասվում է, թե երկար մտորելուց հետո անձնական որոշում է կայացրել չզբաղվել այլեւս ակտիվ քաղաքականությամբ եւ վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները: Նա հիշեցրել է, որ քաղաքականության մեջ եղած ժամանակ անձնական շահ չի հետապնդել, ժողովրդի հավատը չի փոխանակել պաշտոնների եւ շահերի հետ , թիմի եւ ժողովրդի հետեւում գործարքներ չի կնքել, փորձել է պայքարել ժողովրդին տանջող խնդիրների համար: Բայց համ էլ` դեմ է եղել մայդաններին.«Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն, դա այն սահմանն է, որ իմ ուժերից վեր է», ասել է նա: Նա շարունակելու է բարեգործությամբ զբաղվել, բայց արդեն որպես հայ, ՀՀ քաղաքացի, Գագիկ Ծառուկյան, այնպես որ նրան քաղաքական հարցերով այլեւս չպետք է անհանգստացնել: Նա ասել է նաեւ, որ այսուհետ կապ չունի ԲՀԿ-ի հետ: Թե ինչ է դա նշանակում` թերեւս անհասկանալի է, քանի որ նա պահպանում է դեռ իր պատգամավորական մանդատը, եւ ըստ ամենայնի, նաեւ ԲՀԿ անդամակցությունը, համենայնդեպս Նաիրա Զոհրաբյանն այդպես ասաց: Ընդ որում` Գագիկ Ծառուկյանն է առաջարկել, որ կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվի Նաիրա Զոհրաբյանը:
Տեղի ունեցողը, սակայն, ոչինչ չի բացատրում ո՛չ ընտրողներին, որոնք ժամանակին ձայն են տվել այլ ԲՀԿ-ի, ո՛չ ԲՀԿ համակիրներին, ո՛չ էլ հասարակությանը: Իրերն այդպես էլ իրենց անուններով չկոչվեցին, չնայած անհայտ բան չկա, իրական քաղաքական գնահատականներ չտրվեցին, ու մեծ հաշվով պարզ չէ` ի՞նչ քաղաքական կուրս ուներ ԲՀԿ-ն, ի՞նչն է փոխում հիմա, ինչու է փոխում, ո՞ր ճանապարհով է գնալու, որ փոխում է: Ամեն ինչ հենց այնպես է, ինչպես հայոց ողջ քաղաքական դաշտում` մարդիկ այսօր ասում են մի բան, վաղը կարող են ասել 180 աստիճան շրջված այլ բան, եւ այս բոլորը` շատ լուրջ տեսքով, առանց հոդաբաշխ բացատրության, մտածելով, որ առանց բացատրության էլ ամեն ինչ պարզ է: Հին, բարի, սպիտակ թղթի մասին անեկդոտն է ուղղակի:
Մինչեւ այժմ ԲՀԿ-ն լքել ու հետո էլ լքելու են նրանք, ովքեր ԲՀԿ էին եկել Գագիկ Ծառուկյանի անունով, նրանից ակնկալիքներով: Դա լավ երեւում է Գյումրիի քաղաքապետի տարածած հայտարարության մեջ, ով իր հեռանալը ԲՀԿ-ից պայմանավորել է Գագիկ Ծառուկյանի հեռանալով, դրա հետեւանքով որեւէ պարտավորվածություն չտեսնելով այլեւս ԲՀԿ-ի հանդեպ:
Փաստորեն` ԲՀԿ-ից հեռանում են գործարար մարդիկ, Ռոբերտ Քոչարյանի մարդիկ, մնում են նրանք, որոնց միգուցե կարելի է ասել քաղաքական թեւ, չնայած առանց քաղաքական մեծ փորձառություն ունեցող Վարդան Օսկանյանի` ինչ քաղաքական թեւ, անհասկանալի է նաեւ, թե ինչ ֆինանսական միջոցներով է հին անունով այլեւս նոր կուսակցությունը գոյատեւելու: Եթե, ինչպես մամուլն է գրում, նրա ստվերային հովանավորը վարչապետն է, ապա անհասկանալի է, թե հանրապետական վարչապետի հովանավորության տակ գտնվող կուսակցությունն ինչպես եւ ո՞ւմ է ընդդիմադիր: Ճիշտն ասած` սա միգուցե կարելի է մամուլի հորինածը համարել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ԶԼՄ-ների արտահոսքերը բոլորն էլ իրականություն դարձան` գրել էին Օսկանյանը դիմում է գրել ԲՀԿ-ից հեռանալու մասին, Օսկանյանը երեկ եկավ, իր հրաժարականը ներկայացրեց ու գնաց: Գրել էին` Ն. Զոհրաբյանն է դառնալու ԲՀԿ նախագահ` դարձավ, գրել էին Ծառուկյանը ԲՀԿ նախագահությունը զիջելու է` զիջեց: Այնպես որ առանց կրակի ծուխ չի լինում:
Օսկանյանի` երեկ ավելի ուշ տարածած հայտարարությունից դառնություն էր ծորում` անդամակցությունը դադարեցնում է, որովհետեւ ԲՀԿ-ն չի կարողացել իրականացնել ժողովրդի մեծ մասի` այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու եւ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու, զարգացման ճիշտ եւ առողջ ճանապարհի վրա դնելու ցանկությունը, ու էդ անհաջողության մեջ իր պատասխանատվության բաժինն էլ է պատկերացնում: Չնայած` շնորհավորել էր Նաիրա Զոհրաբյանին` կուսակցության ղեկը ստանձնելու համար եւ հաջողութուն մաղթել գործընկերներին: Ի դեպ` նա պատգամավորական մանդատից չի հրաժարվում, խորհրդարանում գուցե տեսանելի լինի, թե ինչ հետագա ճանապարհ է ընտրելու նա:
Այսպիսով` կար ԲՀԿ, որի անդամների համենայնդեպս ապահովված մասն ու հարուստ մարդուց ապահովության ակնկալիք ունեցող մի շարք մտավորականներ այնտեղ էին` Գագիկ Ծառուկյանի անձով պայմանավորված. նրանք լքում են եւ կլքեն կուսակցությունը: Կուսակցությունը կլքեն Քոչարյանի մարդիկ` Օսկանյանի օրինակը վարակիչ կլինի: ԲՀԿ արտահերթ համագումարն ուղղակի ուղերձ էր Ծառուկյանի հեռանալու մասին, իսկ նոր ԲՀԿ-ի տեղի ու դերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, կանխատեսումներ անելն էլ անշնորհակալ գործ է, մանավանդ` քաղաքական կանխատեսումներ անողները ոչ մի լավ բան չեն կանխատեսում նոր ԲՀԿ- համար: Կապրենք, կտեսնենք:
Ավելացնենք միայն, որ ըստ Ն.Զոհրաբյանի` ԲՀԿ համագումարից հետո տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի նիստում նրա տեղակալ է ընտրվել Վարդան Վարդանյանը: Շուտով (միգուցե հաջորդ համագումարին) տարանջատվելու են նաեւ կուսակցության նախագահի եւ քաղխորհրդի նախագահի պաշտոնները` վերջինս ըստ տարբեր լուրերի ստեղծվում է հատկապես Աբրահամ Մանուկյանի համար: