Արմեն Դարբինյանը հեռանում է Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնից: Դարբինյանը նշել է, որ մայիսի 14-ին լրանում է որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր լիազորությունների իր ժամկետը և ինքը դիմել էր համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իր պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն, սակայն, երկու կողմերից էլ չի ստացել:
«Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ:
Իսկ սա նշանակում է մեկ բան. առաջիկայում կայանալիք ընտրություններին՝ չնայած համալսարանի ողջ անձնակազմի կողմից ինձ՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ես չեմ մասնակցելու»,-գրել է նա:
Արմեն Դարբինյանը չի բացառել, որ կարող է ստեղծել մասնավոր համալսարան: