Երեւանի քաղաքապետի ընտրությունները սարերի հետեւում չեն, բայց հայաստանյան քաղաքական դաշտի խաղացողները հիմնականում չեն շտապում հայտարարել` պատրատվում են արդյոք մասնակցել ընտրապայքարին, թե՞ ոչ: Եթե իշխող ուժի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում ամեն բան հասկանալի է, եւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, օգտվելով թե՛ զբաղեցրած պաշտոնից բխող հնարավորություն-լիազորություններից, թե՛ իշխող ուժի բոլոր ռեսուրսներից, պաշտոնի նշանակվելու առաջին իսկ պահից քարոզարշավ է իրականացնում: Չնայած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու առանձին վերլուծաբանների փաստարկված քննադատությանը, թե Ավինյանը, վարչական լծակների կիրառմամբ, ընտրություններից մեկ տարի առաջ արդեն քարոզարշավ է անում, այնուամենայնիվ որդեգրած գործելաոճից դույզն-ինչ չի շեղվում. ըստ երեւույթին քաղաքապետ դառնալու մոլուցքը բավական ուժգին է նրան խանդավառել:
Ինչեւէ, Ավինյանին թողնենք` Մետրոյի հերթական կայարանի կարմիր ժապավենները 5 տարի հետո կտրի, ու դառնանք ընդդիմությանը: Խոիհրդարանական աթոռներին բազմած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որ, ըստ տրամաբանության, առաջնահերթ պետք է մտածեն Երեւան քաղաքի կառավարման ղեկը ստանձնելու մասին, այդ մասին անգամ ակնարկ ու տեսակետ չեն հայտնում:
«Ազգ»-ի ունեցած տեղեկություններով` «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քաղաքապետի հարմար թեկնածուի, ավելին` ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում հստակ որոշում չունի: Բանն այն է, որ նախորդ տարվա փողոցի շարժումը մի շարք հարցեր է առաջացրել ընդդիմության լիդերների մոտ, որ հասկացել են` հրապարակներում բեմ բարձրացող ու ելույթ ունեցող լիդերները ոչ միանշանակ են ընկալվում հասարակության կողմից, հետեւաբար թեկնածու առաջադրելիս պետք է մի լավ ծանրութեթեւ անել: Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ»-ին, ապա այստեղ հարցն ասես ավելի քան հստակ է` խմբակցության քաղաքական առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրություններին մասնակցելն այս պահին այդքան էլ նպատակահարմար չի համարում: Այս մասին վերջերս նաեւ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էր ակնարկել` նշելով, թե երկրի առջեւ ծառացած այնքան հարցեր կան, որ ընտրությունների մասին խոսելու ժամանակը չէ:
Ինչ վերաբերում է արտախորհրդարանական մյուս ուժերին, ապա այս պահին ԱԱԾ նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ընտրապայքարի մեջ մտնելու մտադրություն ունի: «Ազգ»-ի տեղեկություններով` նա անգամ առանձին անհատների հետ հանդիպումներ է ունենում, քննարկում հետագա անելիքներն ու իր շանսերը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ