Ռուսաստանն անարդյունավետ է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի համատեքստում ռազմատենչ հռետորաբանությունը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պատասխանելով հայ լրագրող Հայկ Խալաթյանի հարցին՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պարզաբանել է, թե ինչու ՌԴ ՊՆ-ն ուղղակիորեն մատնանշում է Արցախում մարտի 5-ի էսկալացիայի մեղավորին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն ձեռնպահ է մնում։
Պարզվեց, որ ՌԴ ՊՆ-ն մանրամասն տեղեկություններ է տալիս, իսկ ՌԴ ԱԳՆ-ն՝ կատարվածին քաղաքական գնահատական և պարզաբանում է, որ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը միանգամայն պարզ է և հասկանալի։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում անվտանգությանը և Լաչինի միջանցքի բացմանը, Զախարովան նշել է, որ լարվածության թուլացմանը կնպաստի Երևանի ակտիվ մասնակցությունը փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։ Սակայն, չգիտես ինչու, կրկին չի հստակեցրել՝ ինչ կարգավիճակով և ինչու պետք է Երևանը մասնակցի լուծումների որոնումներին, եթե դրանք վաղուց են հստակեցված եռակողմ հայտարարության մեջ, որտեղ ասվում է՝ Ռուսաստանը վերահսկում է Լաչինի միջանցքը, իսկ Ադրբեջանը ապահովում է անվտանգությունը։
«Ցանկացած կողմի ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է և չի օգնում խաղաղ օրակարգի առաջմղմանը։ Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է անշեղորեն պահպանեն բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգություն ապահովելու և Լաչինի միջանցքն օգտագործելու վերաբերյալ», – նշել է Զախարովան։