Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
-Պարոն Նահապետյան, Ռուսաստանի ԱԳՆ-ն Արցախում ադրբեջանական ահաբեկչությունը որակել է աճող լարվածություն՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար։
Մինչդեռ օրեր առաջ, երբ ուկրաինացիները հատել էին ռուսական սահմանը և Բրյանսկի մարզում դիվերսիա իրականացնելով՝ մի քանի հոգու պատանդ տարել, ՌԴ նախագահն այդ դեպքն ահաբերկչություն էր անվանել։ Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, ուկրաինական դիվերսիան ահաբեկչություն է, իսկ ադրբեջանական դիվերսիան՝ ընդամենը աճող լարվածություն։
-Որովհետև ՌԴ համապատասխան ծառայությունները հրաշալի գիտեն՝ ինչու այս դեպքը եղավ։ Այս դեպքը մտնում է նույն տրամաբանության մեջ և ունի նույն նպատակն, ինչ ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն արեց Բրյանսկում։ Երկուսի նպատակն էլ մեծ հաշվով նույնն էր. երկուսն էլ ռազմական արդյունքներ գրանցելու նպատակ չեն ունեցել։
Բրյանսկում մտել են մի քանի գյուղ, իրենց ուժն են ցույց տվել, քաղաքացիների են գնդակահարել և սելֆի արել։ Նրանք հայտարարել են, որ ՌԴ քաղաքացիների դեմ չեն պատերազմում, իրենց խնդիրը ՌԴ իշխանություններն են։ Այսինքն՝ քարոզչական դաշտում թիրախը ՌԴ իշխանություններն են։
Կարծում եմ՝ նույն կենտրոնից կազմակերպված օպերացիա էր նաև Արցախում տեղի ունեցածը։ Կենտրոնը կարող եմ ասել՝ հաշվի առնելով օրեր առաջ մեկ անձի ներկայությունը Բաքվում։
Իսկ իրականում ի՞նչ նպատակ էր հետապնդում մարտի 5-ին Արցախում տեղի ունեցածը։ Երբ գնահատում ես դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը, դիմահար կրակով արցախցի ոստիկաններին սպանելը, հետո դիվերսանտների նահանջը, հասկանում ես, որ դեպքը որևէ ռազմական նպատակ չի հետապնդել։ Հակառակ դեպքում ադրբեջանցիները պետք է մոտակա բարձունքներ վերցնեին։ Իդեպ, Ադրբեջանի ԱԳՆ և մյուս մարմիններն այդ միջադեպը գրանցեցին՝ հիմնավորելով, որ նշված ճանապարհով Հայաստանից Արցախ զենք-զինամթերք է տեղափոխվում։
Երբ նման գնահատական են տալիս, հասկանալի է դառնում, որ արցախցի ոստիկաններ սպանելով՝ այդ ճանապարհն իր գործունեությունը չի դադարեցնում։ Եթե դու ճանապարհի վրա խոչընդոտ ես չեզոքացնում, ապա առնվազն մոտակա բարձունքներում պետք է քո դիպուկահարներին կամ հենակետեր տեղակայես, որպեսզի ճանապարհը չգործի։ Կամ պետք է ճանապարհի հատվածներում ականներ տեղադրես, որպեսզի մեքնենաներ պայթեն։ Բայց նման բան չի եղել։ Հետևաբար Ադրբեջանի պատկան կառույցների հայտարարությունը և դիվերսիոն խմբի գործունեությունը միմյանց հակասում են։
Ամեն ինչ շատ պարզ է. ադրբեջանական խումբը մոտեցել է, կրակել է և հետ գնացել։ Ուղղակի նրանք չեն հասցրել սելֆի անել, այնպես, ինչպես Բրյանսկում արել էին այն դիվերսանտները։ Կատարվածն իրականում քաղաքական և քարոզչական նպատակ է հետապնդում։ Իսկ ի՞նչ քարոզչական նպատակ։ Եթե ուշադրություն դարձնենք, դեպքից շատ կարճ ժամանակ անց և՛ Երևանից, և՛ Բաքվից ռուս խաղաղապահների դեմ գնահատականներ հնչեցին։ Երևանից հայտարարեցին, որ ռուս խաղապահներն իրենց գործունեության տարածքում սեփական պարտականությունները չեն կարողանում կատարել։ Ավելին՝ Երևանից՝ իրենց կուսակցություն հռչակած որոշակի խմբակների ղեկավարների կողմից հնչեց տեսակետ, որ ռուս խաղաղապահների փոխարեն պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատով օժտված մասնագետներ։
Իսկ մենք գիտենք, որ ՄԱԿ-ի դրոշով խաղաղապահները ՆԱՏՕ-ի անդամ երկրների խաղաղապահներն են։ Այսինքն՝ Հայաստան ՆԱՏՕ են բերում, այնպես, ինչպես 100 հոգուց 50-ից ավելը Հայաստանում են։ Դրանք ԵՄ անվտնագության և պաշտպանության ոլորտի մասնագետներն են։
Հիշելով, որ ՌԴ ղեկավարությունը վերջերս ՆԱՏՕ-ին գնահատել է որպես թշնամական ռազմաքաղաքական դաշինք, պետք է փաստել, որ Հայաստանում այս պահին երկու ռազմաքաղաքական դաշինք կա՝ ՀԱՊԿ և ՆԱՏՕ։ Այսինքն՝ սա ևս նորմալ չէ, և հետևաբար, երբ այդ ակցիան արվեց, ապա հայտարարություններն իրենց սպասեցնել չտվեցին։ Այսինքն՝ թիրախը հերթական անգամ ռուս խաղաղապահներին վարկաբեկելն էր՝ ցույց տալու, որ նրանք իրենց պատասխանատվության գոտում չեն կարող կատարել սեփական պարտականությունները։ Բայց ասեմ, որ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չի եղել։
Ադրբեջանցի զինյալները, որոնք Արցախում գործողությունը կատարել են, ամենայն հավանականությամբ չեն սպասել, որ հայերը մոտակա բարձունքներում քողարկված են։ Նրանք չեն հասցրել սելֆի անել, ինչպես ուկրաինացիները Բրյանսկում։ Կրկնում եմ, սա հատուկ օպերացիա էր։
Մի հետաքրքիր փաստ բարձրաձայնեմ. Լեո Դոքերթին, որը Մեծ Բրիտանիայի բանակի բարձրաստիճան հետախույզ է և ժամանակին ծառայել է Աֆղանստանում և Իրաքում, այժմ պետնախարար է Մեծ Բրիտանիայի կառավարությունում։ Դոքերթին զբաղեցնում է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարարի պաշտոնը։
Մոտ 10 օր առաջ այս անձը մեկնում է Բաքու, հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի և սահմանապահ զորքերի թիվ մեկ պատասխանատու հետ։ Այդ հանդիպումները գաղտնի են եղել։ Արդյոք այս անձի այցը Բաքու պատահական էր. ես գտնում եմ, որ ոչ, որովհետև սույն անձը անցյալ տարվա հոկտեմբերին գնացել էր Մոլդովա, կրկին հանդիպել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրա հեռանալուց մի քանի օր հետո Մոլդովայի տարածքում իբր ռուսական հրթիռ է ընկնում։ Դրանից հետո երկրի իշխանությունները որոշում են ռուս մի քանի դիվանագետի անցանկալի անձ հայտարարել և հեռացնել Մոլդովայից։
Այնպես որ, եթե մեր տարածաշրջանում շատ բաներ մի փոքր ավելի ուշադիր դիտարկենք, ապա Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների ականջները միանգամից կերևան։ Կարծում եմ՝ սա քարոզչական առումով Ռուսաստանի դեմ էր ուղղված, որը մեծ հաշվով ձախողվեց, այնքանով, որքանով ադրբեջանցիները չկարողացան սելֆի անել։ Հայկական կողմն, իհարկե, արժանի պատասխան տվեց։
-Պարոն Նահապետյան, Արցախում ադրբեջանական դիվերսիայից հետո հակառակորդը շտապեց հայտարարել, որ իբր իրենց կողմից ստուգվել և վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենա: Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական կողմի այս հայտարարությունը։
-Ասեմ, որ ադրբեջանցիները բավական փնթի են գործել, թեև իրենց կուրատորը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ է եղել։ Նրանք էլ են սխալվում, երբ հանձնարարություն են տալիս ոլորտի լավագույն մասնագետներ չհանդիսացող մարդկանց։ Իդեպ, նման աշխատանք նրանք նաև Հայաստանում են կատարում և շատ հարցերում ակնհայտ ձախողումներ ունեն։
Եթե այդ մեքենայով զենք են տեղափոխել, ապա արցախցի ոստիկաններին դիմահար կրակոցներով սպանելուց հետո ադրբեջանցիներն առնվազն պետք է մեքենայի մեջ նկարեին այդ զենք-զինամթերքը, մոտ հեռավորության վրա սելֆի անեին և մտնեին ուղիղ եթեր՝ ցույց տալու, թե տեսեք՝ հայերն ինչ են տեղափոխում։ Մինչդեռ որևիցե նկար կամ սելֆի չի եղել։ Եթե մեղադրում ես, գոնե ինչ-որ բաներ կարող ես մեքենայի մեջ գցել՝ ասենք հակատանկային ականներ։
Այդ մեքենայով իրականում կարող է շատ բան տեղափոխվել, այնպես չէ, որ անհնար է, բայց ադրբեջանցիների փնթիությունը հասել է այնտեղ, որ տեղափոխվող զենք-զինամթերքի մասին որևիցե փաստ չի արձանագրվել և չի հրապարակվել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ հանձնարարականը կատարելիս ադրբեջանական կողմը սխալներ է թույլ տվել։ Ինչպես մեզ մոտ, այնտեղ էլ կոռումպացված համակարգը հասել է աստղերին։
Դիվերսիայի ժամանակ ադրբեջանցի դիվերսանտները կարող էին մի քանի արկղ զինամթերք գցել, նկարել՝ իբև ապացույց, բայց անգամ զլացել են դա անել։